HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը ՀՔԾ-ում է

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը բերման է ենթարկվել Հատուկ քննչական ծառայություն։ Այս մասին հայտնում է Առուշանյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

«Քիչ առաջ Հատուկ քննչական ծառայություն բերման է ենթարկվել Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը։ Հայաստանի Հանրապետությունում քաղաքական հետապնդումները շարունակվում են»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է փաստաբանը։ Նշենք, որ Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը ևս անդրադարձել է Առուշանյանի հետ տեղի ունեցածին և նշել, թե վերջինս ձերբակալվել է։

Հատուկ քննչական ծառայությունից չմեկնաբանեցին, թե ինչու է Առուշանյանը ՀՔԾ-ում, այս պահին մեզ հայտնի չէ՝ Առուշանյանը պարզապես բերման է ենթարկվել թե՞ ունի ձերբակալվածի կարգավիճակ, ինչը կնշանակեր, որ վերջինս կասկածվում որևէ հանցավոր արարք կատարելու մեջ։

Նշենք, որ Առուշանյանն այսօր առավոտից Երևանում է։ Այսօր՝ ժամը 12:00-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանում նշանակված էր Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդության քննությունը։ Դատարանի բակում լրագրողների հետ զրույցում Առուշ Առուշանյանը հայտնել է, որ Որոտան գյուղի բնակչությանը տարել են ոստիկանություն, որ ինչ-որ մեկից ցուցմունք կորզեն իր դեմ։

«Եթե քաղաքական հետապնդման պետք է ենթարկեն ու տանեն դատեն, ուրեմն թող անեն։ Բայց ես ինքս հակված եմ այն կարծիքին, որ խնդիրը Սյունիքի միջանցքներն են։ Քանի որ գիտեն, որ մենք խոչընդոտելու ենք և չենք թողնելու նման բան տեղի ունենա, խնդիրը դրանում է, որ մեզ ձերբակալեն, որ կարողանան հարցին հեշտ լուծում տալ»,- ասել է Առուշանյանը։

Լրացված․ 19:50. Առուշ Առուշանյանը դուրս է եկել ՀՔԾ-ից։ Նրա պաշտպան Էրիկ Ալեքանյանն ասաց, որ Առուշանյանը ձերբակալվածի կարգավիճակ չունի, նա բերման էր ենթարկվել՝ ընտրողներին կաշառք տալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում։ Առուշանյանը հրաժարվել է վկայի կարգավիճակով ցուցմունք տալուց։

Լուսանկարը՝ Առուշ Առուշանյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter