HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Շաքարավազի շուկայում արհեստական պակասուրդ առկա չէ. ՄՊՀ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը դիտարկել է մամուլում հրապարակված, ինչպես նաև քաղաքացիների կողմից բարձրացված հարցադրումները շաքարավազի շուկայում առկա իրավիճակի վերաբերյալ:

Հանձնաժողովի հաղորդմամբ՝ կատարված ճշգրտումների արդյունքներով, նախնական տվյալների համաձայն՝ շաքարավազի շուկայում արհեստական պակասուրդ առկա չէ:

«Ինչ վերաբերում է շաքարավազի գնին, ապա հայտնում ենք, որ խոշոր առևտրային ցանցերում իրականացված դիտանցումների արդյունքում պարզվել է, որ ընթացիկ տարվա մայիսից նկատվում է շաքարավազի գների նվազման միտում:

Մասնավորապես հուլիսին կգ-ով վաճառվող շաքարավազի 1 կգ-ի գինը շուրջ 20 դրամով նվազել է և այժմ կազմում է շուրջ 370 դրամ:

Հարկ է նշել, շաքարավազը վաճառվում է ինչպես կգ-ով, այնպես էլ փաթեթավորված, և դրանց գները տարբերվում են: Հիշեցնում ենք, որ Հանձնաժողովը օրեր առաջ հանդես էր եկել հրապարակմամբ մի շարք ապրանքների, այդ թվում շաքարավազի գների մոնիթորիգի արդյունքների վերաբերյալ:

Հորդորում ենք արհեստական պակասուրդի, ինչպես նաև գների բարձրացման վերաբերյալ փաստերի առկայության դեպքում դիմել Հանձնաժողով և զերծ մնալ չհիմնավորված և հանրությանը ապակողմնորոշող մեկնաբանություններից»,- ասված է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի հաղորդագրության մեջ:

Թարմացում։ Ավելի ուշ, Մրցակցության հանձնաժողովը ևս մեկ հաղորդագրություն է տարածել՝ այս անգամ շեշտելով որ ոչ միայն արհեստական դեֆիցիտ (պակասուրդ)  չի արձանագրել շաքարավազի շուկայում, այլև՝ առհասարակ դեֆիցիտ չի արձանագրել։ 

«Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը տեղեկացնում է, որ ուսումնասիրել է նաև շաքարավազի ոլորտում հնարավոր պակասուրդի հարցը և հայտնում է, որ շաքարավազի շուկայում առկա չէ պակասուրդ: Հայտնում ենք, որ բնականոն հունով ընթանում է ներմուծման գործընթացը և արդեն իսկ ներմուծվել են շաքարավազի նոր խմբաքանակներ և իրականացվել է մեծածախ վաճառք: Նաև տեղեկացնում ենք, որ Հանձնաժողովի աշխատակազմը կապ է հաստատել մարզպետարանների, խոշոր քաղաքների համապատասխան ստորաբաժանումների հետ, որոնք հավաստիացրել են, որ մանրածախ ցանցերում շաքարավազի պակասուրդ չի նկատվել: Հանձնաժողովը շարունակում է հետևել շուկայում տեղի ունեցող զարգացումներին»,- նշված է հաղորդագրության մեջ։
Ինչպես ավելի վաղ գրել ենք,  այսօր՝ հունիսի 7-ի  կեսօրին, մեր հարցումների ժամանակ Երևանի ու մարզերի մի շարք խանութներում արձանագրել ենք, որ շաքարավազ  կիլոգրամներով չի վաճառվում։ Առանձի դեպքերում՝ վաճառվում էր հինգ կիլոգրամանոց փաթեթներով։ Այս խնդրի մասին սոցիալական ցանցերի տարբեր հարթակներում և մեզ հետ մասնավոր զրույցներում բարձրաձայնել են նաև օգտատերերը, այդ թվում՝ պահածոներ արտադրող գործարանների ղեկավարները։  Ընդ որում ՝ այս իրավիճակը շարունակվում է արդեն 3-4 օր։ Չնայած այս ամենին՝ Մրցակցության հանձնաժողովը պնդում է, որ շուկայում շաքարավազի դեֆիցիտ չկա, ավելին՝ նոր խմբաքանակներ են ներմուծվել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter