HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Հայազգի Էդուարդ Դուբակովը ձերբակալվել է Բաքվում. նոր մանրամասներ հայազգի գերու շինծու դատավարությունից

Բաքվում հուլիսի 7-ին կայացել է ՌԴ քաղաքացի Էդուարդ Դուբակովի գործով դատական հերթական նիստը: Նա մեղադրվում է Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում, իբր, անօրինական զինված խմբավորումների կազմում Ադրբեջանի դեմ մարտերին մասնակցելու մեջ։ Այդ մասին հայտնում է Trend գործակալությունը։ Դատական նիստի ընթացքում վկաներից մեկը հայտարարել է, որ տեսել է, թե ինչպես են Բաքվի ռազմավարի այգու մոտից հունվարի 18-ին ձերբակալել Էդուարդ Դուբակովին։ «Մեզ հրավիրեցին։ Խուզարկեցին նրան և նրա պայուսակը։ Այնտեղ կային հայերեն և ռուսերեն գրառումներ ու հեռախոս»։

Դատական նիստի ընթացքում ուսումնասիրվել են փաստաթղթերը։ Այնտեղ, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, նշվում է, որ Դուբակովը մի քանի անգամ այցելել է Ռուսաստան և Հայաստան, որից հետո Արցախ։ Դատարանում հայտարարվել է, որ Դուբակովը, Հայաստանում լինելով «ՈՄԱ» (Ողջ մնալու արվեստ) կազմակերպության անդամ, 2019 թվականին մասնակցել է Արցախի տարածքում կազմակերպված վարժանքներին և ծանոթացել կազմակերպության ղեկավար Վովա Վարդանովի հետ։

ՌԴ-ի տրամադրած փաստաթղթի մեջ նշվում է, որ Էդուարդ Դուբակովը 2018-19 թվականներին մի քանի անգամ Ռուսաստանից ժամանել է Հայաստան: Հեռախոսի ուսումնասիրության ընթացքում իբր հայտնաբերվել է «արցախցի» անունով գրանցված համար, որի հետ Դուբակովը եղել է նամակագրության մեջ։ Բացի այդ, նամակագրությունից իբր պարզ է դարձել, որ Դուբակովը զանգահարել է ոմն Արտյոմի, Սամիր Միրզոյանի և Զարյանի։ Դուբակովն ավելի վաղ հայտարարել էր, որ 2018 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին սոցիալական ցանցերում տեսել է «ՈՄԱ» կազմակերպության տեսանյութը։

«Ես տեսել եմ, թե ինչպես է կազմակերպությունը վարժանքներ իրականացնում։ Ինձ դա հետաքրքրեց։… Չնայած, որ ապրում եմ Ռուսաստանում, ես չէի մոռանում, որ հորական կողմից հայ եմ։ Այդ իսկ պատճառով որոշեցի համագործակցել «ՈՄԱ» կազմակերպության հետ։ 2018 թվականին եկա Հայաստան։ Այնտեղ սկսեցի մասնակցել վարժանքներին։ … Մեզ տարան Շուշի, Ստեփանակերտ և այլ շրջաններ, որտեղ մենք ծանոթացանք առկա իրավիճակին։ 2018 թվականի վերջին վերադարձա Ռուսաստան։ Այնուհետ 2019 թվականի հուլիսին նորից եղա Հայաստանում, այնտեղից՝ Արցախ, որտեղ մասնակցեցի վարժանքներին։ 2021 թվականի հունվարի 14-ին ես եկա Ադրբեջան»,- հայտարարել է Դուբակովը։

Դատական հաջորդ նիստը նշանակվել է հուլիսի 14-ին։

Հիշեցնենք, որ Բաքվում հունիսի 23-ին մեկնարկել էր Ռուսաստանի քաղաքացի Էդուարդ Դուբակովի գործով դատավարությունը: Դուբակովին ադրբեջանական կողմն առաջադրել է մի քանի շինծու մեղադրանք։ Նա մեղադրվում է ահաբեկչական գործողությունների իրականացման, հանցավոր համաձայնության, Ադրբեջանի պետական սահմանի ապօրինի հատման մեջ։

Էդուարդ Դուբակովը երկրորդ օտարերկրյա քաղաքացին է, որը ՀՀ քաղաքացիներից զատ, Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում շինծու մեղադրանքով դատապարտվում է Բաքվում։ Ավելի վաղ, Բաքվի դատարանը 20 տարվա ազատազրկման էր դատապարտել Լիբանանի քաղաքացի, հայազգի Վիգեն Էուլջեքջյանին։ Առաջին հինգ տարին նա կանցկացնի բանտում, իսկ մնացած 15 տարին՝ խիստ ռեժիմով ուղղիչ հաստատությունում։

Լուսանկարը՝ Trend գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter