HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Երկակի ստանդարտներ ՀԱՊԿ-ից ու Ռուսաստանից. ինչու Տաջիկստանը գերադասվեց Հայաստանից

Հուլիսի 5-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը, տաջիկ-աֆղանական սահմանին լարվածության աճի պարագայում, աջակցություն կտրամադրի այդ երկրին թե՛ երկկողմ համագործակցության, թե՛ ՀԱՊԿ շրջանակներում։ Պատճառն այն է, որ Աֆղանստանից ՆԱՏՕ-ի զորքերի դուրսբերումից հետո թալիբները գրավում են նորանոր քաղաքներ և մոտեցել են տաջիկ-աֆղանական սահմանին, որը նաև ՀԱՊԿ արտաքին սահմանն է։

Ինչու է Պուտինն այդքան անհանգստացած տաջիկ-աֆղանական սահմանին տեղի ունեցող իրադարձություններով և նույնքան շահագրգռված չէր մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից ապօրինաբար ՀՀ պետական սահմանի խախտման և առաջխաղացման փաստով։ Գլոբալ առումով գործ ունենք երկու հանգամանքի հետ։ Ռուսաստանը դուրս է մնացել Աֆղանստանի հարցով պայմանավորվածություններից ու խանդով է վերաբերում Միացյալ Նահանգներին Տաջիկստանի օգնության դիմումին։

Հիմա ավելի մանրամասն։ Աֆղանստանի պարագայում Ռուսաստանը դուրս է մնացել ռեալ պայմանավորվածությունների դաշտից, ինչը կար Թուրքիայի հետ՝ Արցախյան վերջին պատերազմից հետո։ Եթե Արցախյան հակամարտության պարագայում ռուսներն ու թուրքերը հստակ պայմանավորվել էին համատեղ գործողությունների, տարածքների կիսման և տեխնիկական մյուս հարցերում, ապա Աֆղանստանի հարցում Թուրքիան Ռուսաստանի հետ հաշվի չի նստել՝ ուղիղ քննարկումներ անելով Միացյալ Նահանգների հետ։

ՆԱՏՕ-ի զորքերի դուրսբերմանը զուգընթաց, Թուրքիան իր զորքերը սկսում է մտցնել Աֆղանստան և պահելու է Քաբուլի օդանավակայանը, ինչը բնականաբար քննարկումների երկար փուլ է անցել ՆԱՏՕ-ի պատերից ներս։

Թալիբները դեմ չեն, որ թուրքերը մտնեն այդ երկիր, որովհետև թուրքերի ու թալիբների համագործակցությունը միանգամայն իրատեսական է։ Ավելին, հաշվի առնելով Էրդողանի վարած իսլամիստական քաղաքականությունը՝ պաշտոնական Անկարան ամենևին դեմ չի լինի, որ Քաբուլում իշխանության վերադառնան թալիբները, որոնք շարժվում են շարիաթով։ Բացի այդ, ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ դեռ 80-90-ական թվականներին Թուրքիայի ներկայիս նախագահը ակտիվ կապերի մեջ է եղել աֆղան մոջահեդների հետ։

Ռուսաստանը իրեն դավաճանված է զգում և պետք է ձեռնարկի ամեն ինչ, որպեսզի թույլ չտա, որ Կենտրոնական Ասիայում էլ ավելի մեծանա թուրքական ազդեցությունը։ Վերջին տարիներին Թուրքիայի ազդեցությունը Կենտրոնական Ասիայի հատկապես թյուրքախոս երկրներում զգալիորեն մեծացել է, իսկ Մոսկվան տեսնում է, որ Թուրքիան շարունակում է տարածվել իր սահմանների ու ազդեցության գոտիների երկայնքով՝ սկսած Ուկրաինայից մինչև Ղրղզստան։

Ու հիմա գլխավորը, թե ինչու է Մոսկվան այդքան շտապում իր ձեռքը վերցնել այդ տարածաշրջանում իրավիճակի վերահսկողությունը։ Տաջիկստանը դիմել է Միացյալ Նահանգներին իրավիճակով պայմանավորված օգնություն ստանալու համար, որին ի պատասխան Վաշինգտոնը խոստացել է, որ կաջակցի Տաջիկստանի անվտանգության ապահովմանն ու տարածքային ամբողջականությանը։ Այդ նպատակով դեռ հուլիսի 3-ին Վաշինգտոնում հանդիպել էին Միացյալ Նահանգների և Տաջիկստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները։

Ինչ է ստացվում, որ ՀԱՊԿ անդամ Տաջիկստանը դիմում է մրցակից ռազմական բլոկի գլխավոր անդամին՝ ԱՄՆ-ին սեփական երկրի անվտանգության ապահովմանն աջակցելու համար և չի դիմում իր ռազմական գլխավոր գործընկեր Ռուսաստանին։ Սա լուրջ ազդակ էր Մոսկվայի համար և սա է հենց գլխավոր պատճառը, որ շուտափույթ կազմակերպվել է Պուտին-Ռահմոն հեռախոսազրույցը։ Հավանաբար, Դուշանբեն իր աչքի առաջ ունեցել է Հայաստանի նկատմամբ ՀԱՊԿ ոչ համաչափ վերաբերմունքը և շտապել ակտիվ բանակցություններ սկսել մյուս երկրների հետ։

Եթե մի կողմ դնենք այս երկու կարևոր հանգամանքներն ու սկսենք ուսումնասիրել ՀԱՊԿ հայտարարությունները, ապա երկակի ստանդարտների կիրառման դասական օրինակի կարող ենք առնչվել։ Նախ խիստ անտրամաբանական է տաջիկ-աֆղանական սահմանին լարվածության մասով ՀԱՊԿ այսչափ անհանգստությունը։ Ի տարբերություն ՀԱՊԿ բնորոշմամբ «հայ-ադրբեջանական սահմանային միջադեպին», մարտական գործողություններն ամենևին չեն ընթանում Տաջիկստանի տարածքում, այլ Տաջիկստանի հարևան Աֆղանստանի սուվերեն տարածքում, որը ՀԱՊԿ անդամ երկիր չէ, այլ այդ կազմակերպությունում ունի դիտորդ երկրի կարգավիճակ։ Հետևաբար, ավելի տրամաբանական կլիներ, որ ՀԱՊԿ-ն աջակցություն խոստանար Աֆղանստանի իշխանություններին, որպես ՀԱՊԿ շրջանակներում գործընկեր երկրի։ Բացի այդ, եթե ՀԱՊԿ քարտուղար Ստանիսլավ Զասի խոսքերը հիմք ընդունելով պնդենք, որ ՀԱՊԿ-ն պատրաստ է աջակցություն տրամադրել Տաջիկստանին՝ Աֆղանստանի հետ սահմանին իրավիճակի լարման դեպքում, ապա լավ կլինի, որ ՀԱՊԿ գործընկերները մեկնաբանեն, թե ինչ ագրեսիա կարող է լինել Տաջիկստանի սուվերեն տարածքի նկատմամբ, որ մենք՝ որպես ՀԱՊԿ անդամ երկիր, հստակ իմանանք, թե մեր զինծառայողները ինչ խնդրի առաջ են կանգնելու։

Միանգամայն տրամաբանական կլիներ, որ նույն ՀԱՊԿ-ը ու Ռուսաստանը մայիսին ակտիվորեն արձագանքեին ղրղզ-տաջիկական սահմանին տեղի ունեցած բախումներին, երբ ՀԱՊԿ անդամ երկու երկրները միմյանց դեմ կիսամարտական գործողություններ էին վարում։ Մի բան, որն անլսելի է ՆԱՏՕ-ի պարագայում։ Իհարկե ոմանք կարող են բերել Թուրքիա-Հունաստան սառը հարաբերությունները, բայց սա այդ դեպքը չէ։ 

Հետաքրքրական է նաև այն, որ ի տարբերություն Հայաստանի, որը պաշտոնապես դիմել էր ՀԱՊԿ-ին, Տաջիկստանը նման քայլի դիմեց միայն օրեր անց՝ հուլիսի 7-ին։ Մինչ դա, այդ երկիրը միայն մոբիլիզացրել էր սեփական պահեստազորին։ Ավելին, չկա սահմանին զոհ, ինչը մենք ունեցել ենք Գեղարքունիքի պարագայում։ Զասը տաջիկ-աֆղանական սահման այցելելու պատրաստակամության փոխարեն լավ կլիներ այցելեր Սյունիքի կամ Գեղարքունիքի մարզ, որտեղ իրեն հստակ ցույց կտան սահմանի կոպիտ խախտման փաստերը։ 

Այս ամենից իհարկե պետք է դասեր քաղել և հասկանալ մեկ բան. ՀԱՊԿ-ն արձագանքում է միայն այն դեպքում, երբ իրավիճակը չի բխում միայն մեկ երկրի՝ Ռուսաստանի շահերից։ Ռուսաստանն Աֆղանստանի հարցում իրեն խաբված է զգում, մինչդեռ հայ-ադրբեջանական հակամարտության դերում ունի «անհաջող մրցավարի» դեր, որը միայն մեկ գույնի մարզաշապիկ է տեսնում։ 

Լուսանկարը՝ РИА Новости-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter