
Նոր պահանջ` մեկական մլն վիրավորանքի և զրպարտության համար
Այսօր Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մարգարիտա Հարթենյանի նախագահությամբ, կայացավ news.am լրատվական-վերլուծական գործակալություն («Մեդիա Կոնսալտ» ՍՊԸ) դեմ Մուրադ Ասրյանի՝ պատվի, արժանապատվության, գործարար համբավի պաշտպանության հայցով նախնական դատական նիստը:
Հայցվոր Մուրադ Ասրյանը դատի է տվել լրատվամիջոցին 2011թ.-ի փետրվարի 4-ին news.am կայքում հրապարակված Գագիկ Շամշյանի հեղինակած «Հերթական դատական հայցը անկախ լրատվամիջոցի դեմ. անգրագիտության կատարյալ օրինակ» հոդվածի համար:
Մ.Ասրյանը իր՝ պատվի, արժանապատվության, գործարար համբավի պաշտպանության մասին հայցով ներկայացրել է երկու պահանջ` պատասխանողից պահանջում է հրապարակել իր պատասխանը և վճարել փոխհատուցում՝ հոդվածում առկա զրպարտության համար 2 միլիոն ՀՀ դրամ: Սակայն այսօրվա նիստին հայցվորի փաստաբանը ցանկություն հայտնեց փոխել հայցի առարկան՝ պահանջելով ինչպես վիրավորանքի, այնպես էլ զրպարտության համար 1 ական միլիոն ՀՀ դրամ: Այսինքն` հայցվորը պահանջվող գումարը թողնում է անփոփոխ՝ 2 միլիոն դրամ, փոխվում է միայն հայցի առարկան՝ վիրավորանքի մասով:
Սակայն Մ.Ասրյանը հայցի առարկան փոխելու մասին գրավոր միջնորդություն չուներ, այդ պատճառով խնդրեց նիստը հետաձգել մինչև հայցի առարկայի և հնարավոր հիմքի փոփոխության մասին դատարանին միջնորդության գրավոր ներկայացումը:
Պատասխանող կողմի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը իր կարծիքն հայտնեց առ այն, որ հայցվորը բարեխղճորեն չի օգտվում իր իրավունքներից, այն է՝ լինելով հայցվոր՝ պետք է նախօրոք պատրաստված գար, որպեսզի նիստը չհետաձգվեր:
Պատասխանողի մյուս ներկայացուցիչ Դիանա Գրիգորյանը հայտնեց դատարանին, որ որպես օգնություն հայցվորին` կողմը սղագրել է 2011թ.-ի փետրվարի 4-ի դատական նիստը, որը ցույց է տալիս, որ news.am կայքում հրապարակված հոդվածը չի արատավորում հայցվորի պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը, այլ գրված է օբյեկտիվորեն, ինչպես նաև առկա է վիդեոնկարահանում, որն էլ ապացուցում է պատասխանողի օբյեկտիվությունը:
Դատարանը բավարարեց երկու կողմերի միջնորդությունները՝ ընդունեց պատասխանող կողմի միջնորդությունը և հայցվորի խնդրանքով նիստը հետաձգեց մինչև հունիսի 22-ը:
Մեկնաբանել