HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Պետությունը մտադիր է «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ»-ի հետ տարածքներ փոխանակել Երևանի կենտրոնում

Կառավարությունը մտադիր է Երևանի կենտրոնում գտնվող տարածք փոխանակել «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲԸ-ին պատկանող տարածքի դիմաց։  «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ»-ը մտնում է ընկերությունների «Վալլեքս» խմբի մեջ, որը պատկանում է հայտնի գործարար Վալերի Մեջլումյանին։  

Գործադիրի հուլիսի 8-ի նիստի օրակարգում տեղ գտած որոշման նախագծի համաձայն՝ Կորյունի 14 հասցեում գտնվող շենքի 4-րդ հարկի 411.9 քառ. մետր մակերեսով հասարակական տարածքը, որը ամրացված է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը,   փոխանակվելու է «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ»-ին  պատկանող և Խանջյան փողոց 19 շենք 5 տարածք հասցեում գտնվող 348.4 քառ. մետր մակերեսով հասարակական տարածքի հետ (գտնվում է 5-րդ հարկում)։  Երկու գույքերին էլ  շենքին հատկացված հողամասից բաժնային մաս համարվող հողամաս կա, որոնք ևս փոխանակվում են։ 

«Լեռնամետալուրգիայի ինստիտուտ»-ը տեղեկացրել է, որ նախատեսում է Կորյունի 14 հասցեի նշված տարածքում, ըստ նախնական հաշվարկների, իրականացնել մոտ 300 մլն դրամի ներդրումային ծրագիր։ Թե ինչ ծրագրի մասին է խոսքը, չի մանրամասնվում։

Կորյունի  14-ում գտնվող հիշյալ տարածքի շուկայական արժեքը (ներառյալ հողամասի կադաստրային արժեքը) գնահատվել է  233.5 մլն ՀՀ դրամ, իսկ Խանջյան 19 շենք 5 տարածքի նշված հատվածը՝  մոտ 162.8 մլն դրամ։ Ուստի «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ»-ը պարտավորվում է փոխանակման արդյունքում այս երկու գույքերի արժեքների տարբերությունը՝ մոտ 70.8 մլն դրամը, վճարել պետությանը պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր հաշվեհամարին։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը գնահատել է, որ «Գույք փոխանակելու և անհատույց օգտագործման իրավունքով գույք հանձնելու մասին»  ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի առաջացնի։

Նախագիծը չզեկուցվող է։ Այսինքն՝ այն ընդունվել է առանց կառավարության նիստին  առանձին քննարկվելու։ 

«Լեռնամետալուրգիայի ինստիտուտ»-ի տարածքն էլ անհատույց կտրամադրվի «Աշոտ Հովհաննիսյանի անվան հումանիտար հետազոտությունների ինստիտուտ» հասարակական կազմակերպությանը

Այս նախագծով նաև մեկ այլ գործարք է նախատեսված։ Խանջյան 19 շենքի 348.4 քառ. մետր մակերեսով տարածքը, որն նշված գործարքի արդյունքում անցնելու է պետությանը, որոշվել է 15 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Աշոտ Հովհաննիսյանի անվան հումանիտար հետազոտությունների ինստիտուտ» հասարակական կազմակերպությանը։   

Կազմակերպությունը դիմել է Պետական գույքի կառավարման կոմիտե՝ տեղեկացնելով, որ իրենց նպատակը հումանիտար գիտությունների ոլորտում քննական հետազոտություններ իրականացնելն ու խթանելն է՝ միաժամանակ տեղեկացնելով, որ ինստիտուտն աշխատում է Հայաստանի և Սփյուռքի միջև գիտական կապերի զարգացման ուղղությամբ՝ հատկապես հրատարակչական, թարգմանչական ու հետազոտական համագործակցության շրջանակներում:

Տեղեկացրել է նաև, որ նպատակ ունի հայաստանյան հետազոտողներին տրամադրել գիտական ռեսուրսներ, ինչպես նաև՝ սեփական հետազոտությունները հրատարակություններով, գիտաժողովներում և այլ հանրային միջոցառումներում շրջանառելու հնարավորություններ, ինչպես նաև նպաստել ՀՀ հումանիտար գիտությունների զարգացմանը, այդ գիտությունների տեղական ավանդույթների վերհանմանը, գիտական հետազոտությունների արդյունքները հանրամատչելի և միջազգային ասպարեզում մրցունակ դարձնելը, միջազգային գիտական կապերն ամրապնդելը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter