HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հակասական լուրեր՝ Արմանիսի ոսկու հանքավայրի վերագործարկման շուրջ

Արմանիսի ոսկի-բազմամետաղների հանքավայրի վերագործարկման շուրջ տարբեր պաշտոնական աղբյուրներ հակասական տեղեկություններ են տրամադրում։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանում արձանագրված տեղեկությունների համաձայն՝ հանքավայրը սկսել է կրկին շահագործվել, սակայն Ստեփանավանի համայնքապետարանը հավաստիացնում է, որ հանքավայրը չի շահագործվում և չի կարող շահագործվել քանի դեռ կան հողերի հետ կապված բազմաթիվ խնդրահարույց հարցեր։

Շրջակա միջավայրի նախարարությունը ՏԿԵՆ-ին տեղեկացրել է, որ ընկերության ապառքը շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի մասով 2020թ․ փետրվարի 11-ի դրությամբ կազմել է շուրջ 9․5 մլն դրամ։ Ընկերությունն էլ հաշվետվություններ է ներկայացրել, որ 2016-2019թթ․ Արմանիսի հանքավայրում արդյունահանման աշխատանքներ չի իրականացրել։ 2020թ․ մարտին ընկերությանը զգուշացում է տրվել, սակայն սահմանված 90-օրյա ժամկետում այդ զգուշացման մեջ նշված խախտումները չի վերացրել։ Այս տարվա մայիսի 15-ին ՏԿԵՆ-ն վարչական վարույթ է հարուցվել՝ «Սագամար» ՓԲԸ-ի Արմանիսի ոսկի-բազմամետաղների հանքավայրի ընդերքօգտագործման իրավունքը դադարեցնելու վերաբերյալ։ Վարչական լսման ընթացքում ընկերությունը փաստաթղթեր է ներկայացրել, որ վչարել է դրամագլխի գումարը, իսկ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի գրությունն էլ հավաստիացրել է, որ ընկերությունում ստուգման արդյունքները ցույց են տվել, որ 2021թ․ մարտ ամսին ընկերությունը լեռնակապիտալ և հողային աշխատանքների հետ միաժամանակ սկսել է օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքները և մինչև 2021թ․ մարտի 24-ը արդյունահանել է 2135 տ հանքաքար։

Հանձնաժողովը, այդ ապացույցները հաշվի առնելով, հունիսի 24-ին վարչական վարույթը կարճել է։

Արմանիսը Ստեփանավանի բնակավայր է համարվում։ Համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ, ճարտարապետ Սամվել Ֆրանգյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ ընկերությունը չի սկսել շահագործումը, քանի որ 10 օր առաջ դիմել է համայնքապետարան՝ հողերի կատեգորիայի փոփոխության հայտով։ Հիշեցնենք, որ Արմանիսում ընկերությունը գյուղատնտեսական հողեր է օգտագործում, որոնց մի մասի կատեգորիան չի փոխել արդյունաբերական նշանակության։ Այդ առնչությամբ նաև քրեական գործ կա հարուցված, որը, ըստ ճարտարապետ, դեռևս ընթանում է։ Այդ հողերի կատեգորիաների փոփոխման հետևանքով ավելի քան 300 մլն դրամի վնաս է պատճառվել համայնքին։  

Սամվել Ֆրանգյանը նշեց, որ մինչ այդ հողերի հարցը չլուծվի, ընկերությունը չի կարող սկսել շահագործումը, քանի որ կդիտարկվի ապօրինի գործունեություն։ Ընկերությունը դեռևս նախապատրաստական աշխատանքներ է տանում։

Այս նույն պնդումը հաստատեց նաև Արմանիսի հարակից՝ Ուրասար բնակավայրի վարչական ղեկավար Գևորգ Մանուկյանը։ Վերջինս նշեց, որ եթե ինչ-որ աշխատանքներ սկսվեին, անպայման կտեսնեին, սակայն արդյունահանում, ըստ Մանուկյանի տեղեկությունների, չի իրականացվել։

Այս պայմաններում ինչպս է «Սագամար» ՓԲԸ-ն արդյունահանել 2135 տ հանքաքարը, ընկերությունից ճշտել չկարողացանք։ Երկու օր է՝ ընկերության հեռախոսահամարներին պատասխանող չկա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter