
Ընդհանուր իրավասության դատարաններում դատավորների թիվը կավելանա 17-ով, Վերաքննիչ քրեականում՝ 3-ով
Կառավարությունը համաձայնություն տվեց դատավորների թվակազմն ավելացնելու վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի առաջարկությանը: 2021 թվականի փետրվարի 3-ին ընդունվել էր որոշում, որով մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում ներկայացված միջնորդությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների քննությունը վերապահվել էր քրեական մասնագիտացման առանձին դատավորների, և դատավորների թվակազմն ավելացնելու անհրաժեշտություն էր առաջացել:
Այսպիսով, կառավարության որոշմամբ՝ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քրեական մասնագիտացման դատավորների թվակազմը կավելանա 8 դատավորով:
Կոտայքի, Արարատի, Վայոց Ձորի, Արմավիրի, Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քրեական մասնագիտացման դատավորների թվակազմը կավելանա 1 դատավորով, իսկ Հայաստանի վերաքննիչ քրեական դատարանի դատավորների թվակազմը՝ 3-ով: Որոշումն ընդունվեց գործադիրի հուլիսի 3-ի նիստում:
Մեկնաբանել