HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հունիսին կանցկացվի ազգային նվագարանների և ժողովրդական երգի անհատ կատարողների 4-րդ մրցույթը

ՀՀ մշակույթի նախարարությունը, Հայաստանի երաժշտական ընկերությունը և Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան հունիսի 10-24-ը Հայաստանի երաժշտական ընկերության դահլիճում անցկացնում են ազգային նվագարանների և ժողովրդական երգի անհատ կատարողների հանրապետական 4-րդ մրցույթը՝ նվիրված Սայաթ-Նովայի ծննդյան 300-ամյա հոբելյանին:

Մրցույթի նպատակն է բացահայտել ժողովրդական երաժշտարվեստի բնագավառում հանրապետության շնորհալի անհատ կատարողներին, աջակցել նրանց մասնագիտական զարգացմանը:

Մրցույթին կարող են մասնակցել հանրապետության երաժշտական և արվեստի դպրոցների, քոլեջների, պետական կոնսերվատորիայի ուսանողները, ասպիրանտները, նաև պրոֆեսիոնալ երաժիշտ-կատարողներ:

Մրցույթն անցկացվում է կրտսեր (մինչև 16 տարեկան), ավագ (17-30 տարեկան) տարիքային խմբերում, 2 փուլով և 4 անվանակարգում, որոնք են՝ 1. ժողովրդական երգ (կնոջ և արական ձայներ), 2. շվի, սրինգ, դուդուկ, զուռնա, 3. թառ, քանոն, ուդ, 4. քամանչա, բամբիռ, հարվածային գործիք:

Յուրաքանչյուր անվանակարգում մասնակիցները պետք է ներկայանան 3 կատարումով՝ մեկը պարտադիր Սայաթ-Նովայի ստեղծագործություններից, երկուսը՝ ըստ ցանկության:

Ըստ տարիքային խմբերի՝ մրցույթի հաղթողների համար առանձին-առանձին սահմանվել են հետևյալ մրցանակները. առաջին մրցանակ՝ դիպլոմ և դրամական պարգև (մեկ հատ), երկրորդ մրցանակ՝ դիպլոմ և դրամական պարգև (երկու հատ), երրորդ մրցանակ՝ դիպլոմ և դրամական պարգև (երկու հատ):

Սահմանվում են նաև հատուկ մրցանակներ՝ մրցույթի ամենափոքր մասնակցին՝ «Հույսի մրցանակ», մրցույթի ամենաերիտասարդ մասնակցին՝ «Լավագույն երիտասարդ կատարողի մրցանակ», Սայաթ-Նովայի ստեղծագործության լավագույն կատարման համար հատուկ մրցանակ: Հատուկ մրցանակներ կարող են շնորհել ՀԿ-ները, անհատները, ուսումնական հաստատությունները:

Մրցանակների և պատվոգրերի հանձնումը կկայանա գալա համերգի հանդիսավոր արարողության ժամանակ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում:

Մրցույթի մասնակիցներն իրենք են ապահովում ճանապարհի, կեցության ծախսերը, իսկ նվագակցության անհրաժեշտության դեպքում՝ ապահովում նաև նվագակցողին:

Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել մասնակցի ծննդյան վկայականի կամ անձնագրի, կրթության վկայականի պատճենները, տեղեկանք աշխատանքի վայրից կամ ուսումնական հաստատությունից, 2 գունավոր լուսանկար (3X4 չափսի), մրցույթին ներկայացվող տպագրված ծրագիրը և մրցույթի մասնակցության հայտը:

ՀՀ մշակույթի նախարարության տեղեկացմամբ՝ մրցույթի մասնակցության դիմումներն ընդունվում են մինչև 2012 թ. հունիսի 1-ը Հայաստանի երաժշտական ընկերության վարչության շենքում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter