HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Լիտվան ոչ օրինական միգրանտների ներհոսքի պատճառով պատ կկառուցի Բելառուսի հետ սահմանին

Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն հայտարարել է Բելառուսի հետ սահմանին պատ կառուցելու մտադրության մասին, որը կկանխարգելի անօրինական միգրանտների հոսքը։ Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը։ 

«Մենք կկառուցենք հավելյալ ֆիզիկական պատնեշ, որը կբաժանի Լիտվան և Բելառուսը, և դա կդառնա հստակ ազդանշան և կանխարգելիչ գործոն բոլոր նրանց համար, որոնք կազմակերպում են անօրինական միգրանտների ներհոսքը»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Լիտվայի կառավարության ղեկավարը։ Նա նշել է, որ այդ երկրի իշխանությունները կներգրավեն բանակին, որպեսզի ուժեղացնեն սահմանի հսկողությունը։

Բելառուսի հետ սահմանին պատի կառուցման մտադրության մասին դեռ հունիսի 17-ին հայտարարել էր Լիտվայի ներքին գործերի նախարար Ագնե Բիլոտայտեն։ Նա նշել է, որ իշխանությունները քննարկում են դարպասի կառուցումը։ Ներքին գործերի նախարարությունից նշել են, որ դիտարկում են մի քանի տարբերակներ. դա կարող է լինել մեկ կամ երկու պատ՝ փշալարերով կամ ազդանշանով։

Լիտվայի և Բելառուսի սահմանը ձգվում է 678,8 կիլոմետր։ Ներկայումս հատվածի 78 կիլոմետրը փակ է պատով։ Սահմանի 92,5 կիլոմետր հատվածում հնարավոր չէ պատ կառուցել, որովհետև սահմանն անցնում է ջրամբարների միջով։ Այդպիսով, կառուցվելիք պատի երկարությունը կլինի 508 կիլոմետր։ Լիտվայի ՆԳՆ գնահատմամբ՝ մեկ կիլոմետր պատի կառուցման արժեքը կկազմի 30 հազար եվրո։ «Բացի այդ, պատի ողջ երկայնքով կտեղադրվեն տեսախցիկներ, սենսորներ և այլն։ Դրանց տեղադրումը մեկ կիլոմետրի համար կարժենա 130 հազար եվրո»,- նշել է գերատեսչությունը։ 

Այս տարվա հուլիսի սկզբին Լիտվան հայտարարել էր Բելառուսից անօրինական միգրանտների ներհոսքի պատճառով սահմանին առկա ծայրահեղ իրավիճակի մասին։ 2021 թվականի սկզբին Բելառուսից Լիտվա է անցել ավելի քան 1400 անօրինական միգրանտ, հիմնականում Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրներից։ Լիտվայի իշխանությունները պնդում են, որ միգրանտներին ուղղորդում են Բելառուսից դեպի լիտվական սահման։ 

Լիտվայում գտնվում են բելառուսական ընդդիմության բազմաթիվ ներկայացուցիչներ, որոնք նախորդ տարվա նախագահական ընտրություններից հետո լքել էին Բելառուսը։ Լիտվայում է բնակվում նաև ընտրությունների ժամանակ Լուկաշենկոյի գլխավոր մրցակից Սվետլանա Տիխանովսկայան։

Լուսանկարը՝ Scanpix-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter