HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ոստիկանության պարեկային ծառայության գործունեության մեկնարկին

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հանրապետությունում Ոստիկանության պարեկային ծառայութան գործունեության մեկնարկին։ Այս մասին տեղեկացնում է վարչապետի պաշտոնական կայքը։

«Մինչ օրակարգին անդրադառնալը, ուզում եմ ընդգծել, որ երեկ շատ կարևոր իրադարձություն է տեղի ունեցել մեր հանրապետության կյանքում, մասնավորապես՝ մայրաքաղաք Երևանի կյանքում. սկսել է իր գործունեությունը Ոստիկանության պարեկային ծառայությունը, որն սկզբունքորեն նոր տիպի և բնույթի ոստիկանություն է, ընդ որում բառիս թե՛ բովանդակային, թե՛ մարդկային ռեսուրսի իմաստով: Ծառայություն են իրականացնում 698 պարեկային ոստիկաններ: Ուզում եմ ընդգծել, որ անձնակազմի 70 տոկոսը մարդիկ են, ովքեր նախկինում ոստիկանությունում չեն աշխատել, այսինքն՝ ոստիկանություն են եկել քաղաքացիական կյանքից, և նաև 30 տոկոսը մեր այն ոստիկաններն են, ովքեր իրենց հետ պետք է լավագույն փորձառությունը բերեն, և մենք ունենանք նոր կարգի ոստիկանություն: Ոստիկանության պարեկային ծառայությունը ինչո՞ւ է բնույթով նոր: Նախ ուզում եմ ընդգծել, որ հիմա, մասնավորապես, մայրաքաղաք Երևանում ճանապարհային ոստիկանությունը հուլիսի 7-ից դադարեցրել է իր ծառայությունը: Հիմա կա միայն ճանապարհային ոստիկանության հատուկ ստորաբաժանում, որը բոլորովին այլ գործառույթներ ունի, և այն քաղաքացիների հետ իրավակարգի պահպանության առումով, ըստ էության, չի հաղորդակցվելու: Պարեկային ծառայությունն իրականացնում է և՛ ճանապարհային ոստիկանությունից մեզ ծանոթ գործառույթները, և՛ պարեկապահակակետային ծառայության մեզ ծանոթ գործառույթները, նաև հանցագործությունների կանխման, նախականխման, բացահայտման գործում ունի որոշակի գործառույթ, և ընդհանրապես՝ իրավակարգի, հասարակական կարգի պահապանության առումով ունի գործառույթ: Ուզում եմ ընդգծել, որ այս բարեփոխումը մենք ծրագրել էինք դեռևս 2019 թվականին, 2020 թվականին կայացվեցին որոշումներ, այդ որոշումների կայացումը զուգորդվեց և զուգորդվում է նաև որոշակի բարդություններով: Ուզում եմ ասել, որ սա մեր շատ մանրամասն, մինչև վերջին դետալը պլանավորված բարեփոխումներից է, բայց, այնուամենայնիվ, կյանքը միշտ իր հետ բերում է չնախատեսված իրադարձություններ, մասնավորապես՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով մի շարք մատակարարումների հետ կապված մենք խնդիրներ ունեցանք, և այդ մատակարարումները լրումին դեռ չեն հասել: Բայց նաև այս օրինակը ցույց է տալիս, որ ցանկացած բարեփոխման համար ի վերջո շատ կարևոր և առանցքային նշանակություն ունի քաղաքական կամքը, որովհետև միշտ էլ կան հանգամանքներ, որոնք խանգարում են բարեփոխման պրոցեսին, միշտ էլ կան փաստարկներ, որ գուցե չարժի դա անել, բայց ի վերջո որևէ բարեփոխում առանց քաղաքական կամքի հնարավոր չէ իրականացնել:

Ուզում եմ ընդգծել, որ մենք մեր ժողովրդից ստացել ենք մանդատ՝ ավելի վճռական իրականացնելու բարեփոխումներ, իհարկե, ավելի մտածված բարեփոխումներ, որոնց պոզիտիվ արդյունքը կլինի մաքսիմալ կանխատեսելի:

Պարեկային ծառայության ներդրման գործընթացը պիտի անպայմանորեն շարունակվի: Առաջիկայում, նախկինում իմ տված հանձնարարականների ժամկետներում, մենք պետք է իրականացնենք Շիրակի և Լոռու մարզի Պարեկային ծառայության անձնակազմի ընդունելության քննություններ: Եվ այն, ինչ պայմանավորվել ենք, այն, ինչ հանձնարարել եմ, ամեն ինչ ժամկետներում պետք է իրականացվի:

Մինչ այդ ես ուզում եմ ընդգծել, որ այս ծրագիրը մենք իրականացրել ենք մեր միջազգային գործընկերների աջակցությամբ: Այդ առումով ուզում եմ շնորհակալություն հայտնել Ամերիկայի Միացյալ Նահանգներին և Եվրամիությանը, Համաշխարհային բանկին գործընթացին աջակցելու համար, և այդ աջակցությունը շարունակական է: Ուզում եմ նաև մեր մի շարք գործընկերներին շնորհակալություն հայտնել, որոնք հետևողականորեն առաջ են տարել այս օրակարգը՝ Ոստիկանության պետ Վահե Ղազարյանին, Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին, Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստինե Գրիգորյանին, Ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանին, Արդարադատության նախարարության միջազգային հարաբերությունների վարչության խորհրդական Ամալյա Հովսեփյանին, ով ամենօրյա ռեժիմով աշխատել է այս թեմայի վրա, Ոստիկանության ակադեմիայի պետ Մուշեղ Բաբայանին, նաև Ոստիկանության պարեկային ծառայության պետ Արթուր Ումրշատյանին: Եվ ուզում եմ համոզմունք հայտնել, որ մեր գործընկերները, գերատեսչությունները կրկնակի ոգևորությամբ կլծվեն գործի շարունակությանը: Ուզում եմ նաև ընդգծել, որ երբ այս գործընթացն սկսվել էր, շատ էր զուգակցվում լուրերի տարածմամբ, թե ի վերջո տեղի չի ունենալու, Պարեկային ծառայությունը չի ստեղծվելու և այլն, որպեսզի պրոցեսի շուրջ թերահավատություն ձևավորվի, բայց, փառք Աստծո, մենք հասցրեցինք և գործարկեցինք պրոցեսը: Պարզ է, առաջին օրերից ծառայության արդյունքներն ամփոփվում են, ի հայտ են գալիս որոշակի տեխնիկական խնդիրներ, որոնք լուծման գործընթացի մեջ են: Կորոնավիրուսի համավարակի պատճառով մի շարք մատակարարումներ մեր նախատեսված ժամկետներից մի փոքր ուշանում են, բայց ես համոզված եմ, որ մենք արագ այդ խնդիրները կկարգավորենք, և գործընթացը լիարժեք առաջ կտանենք: Այս հարցերը, իհարկե, առաջիկայում նաև աշխատանքային մակարդակում կքննարկենք, որպեսզի վերլուծենք մինչև այժմ մեր ունեցած փորձառությունը և առաջիկա անելիքները»,- նշված է վարչապետի կայքում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter