HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Ռուս խաղաղապահները կատարել են Արցախի տարածքի ականազերծման պլանի 80 տոկոսը

Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի հումանիտար ականազերծման ստորաբաժանումները շարունակում են Արցախի տարածքի ականազերծումը։ Ինչպես հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը, ներկայում ռուս սակրավորները պայթյունավտանգ առարկաների և չպայթած զինամթերքի որոնողական աշխատանքներ են իրականացնում Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղի մոտակայքում։

Ռուս զինծառայողները առաջին հերթին ստուգում են գյուղի երկու հատվածներն իրար կապող ճանապարհը և բնակելի տների շրջակայքը։

«Տեղի բնակիչների հետ շփումների ընթացթում պարզ դարձավ, որ այս տարածքում կան չպայթած զինամթերքներ։ Այս պահի դրությամբ ստուգվել է 1500 հեկտար տարածք։ Աշխատանքները կշարունակվեն մեկ շաբաթ»,- ասել է հումանիտար ականազերծման խմբի զինծառայող Եվգենի Խոլոդովը։

2020թ․ նոյեմբերի 23-ից սկսած ռուսական խաղաղապահ զորախմբի սակրավորները չպայթած զինամթերքից մաքրել են 2173 հեկտար տարածք, 650 կմ ճանապարհ, 1892 բնակելի շինություն, այդ թվում՝ սոցիալական նշանակության 30 օբյեկտ։ Հայտնաբերվել և վնասազերծվել է 25 640 պայթյունավտանգ առարկա։

Ընդհանուր առմամբ, ռուս խաղաղապահները կատարել են Արցախում ականազերծման նախատեսված պլանի 80 տոկոսը։

***

2020թ․ նոյեմբերի 9-ի երեկոյան Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների ստորագրած հայտարարությամբ՝ Արցախում մարտական գործողությունները դադարեցվեցին։ Համաձայն այդ փաստաթղթի՝ հայկական կողմը մինչև դեկտեմբերի 1-ը Ադրբեջանին հանձնեց Քելբաջարի, Աղդամի և Լաչինի շրջանները։

Լեռնային Ղարաբաղում շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը:

Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որն ապահովում է Արցախի կապը Հայաստանի հետ՝ ընդ որում շրջանցելով Շուշի քաղաքը, մնաց Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո:

Զորախմբի հիմնական մասը կազմում են ՌԴ զինված ուժերի Կենտրոնական ռազմական օկրուգի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի զինծառայողները։

Լուսանկարը՝ РИА Новости / Максим Блинов

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter