HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Վազգեն Գեւորգյան. «Որդիս ու ընկերները արնաքամ լինելով են մահացել, որովհետեւ անտերության են մատնված եղել»

«Բոլորը խոսում են պատերազմի իրական զոհերի, բայց շատ հաճախ մոռանում են մեզ՝ կենդանի, մտածող զոհերիս մասին: Սա ի՞նչ ապրել է, աղջի՛կ ջան, սա ապրել չէ մեզ համար, էնքան, որ հա, գոյատեւում ենք»,-տարեց կնոջ այտերն ակոսող կնճիռներն ավելի են խորանում՝ արտասուքը զսպելու ճիգերից: Գլուխը շրջում է թոռի՝ արցախյան 44-օրյա պատերազմում զոհված 18-ամյա Երվանդ Գեւորգյանի երկու մեծադիր լուսանկարների կողմը:

«Ես եղել եմ Երվանդիս առաջին ուսուցչուհին,-շարունակում է զրուցակիցս, եւ ես ձայնի մեջ հպարտություն եմ զգում,-շատ խելացի երեխա էր: Ինքը մանկապարտեզ չուզեց գնալ: Հինգ տարեկան էր, մի օր սեպտեմբերին հետս եկավ դպրոց ու մնաց, որպես աշակերտ: Ինքը որոշեց, որ այլեւս աշակերտ է, տնօրենն էլ տեսնելով, որ երեխան շատ խելացի է՝ հրամանագրեց»:

Տատը հոգոց է հանում: Հասկանում է՝ պատերազմն առանց զոհերի չի լինում, բայց իր 18-ամյա թոռնիկը, ինչպես եւ շատ-շատերն այդ տարիքի, որ ընդամենը 2-3 ամսվա ծառայող էին,  ըստ տատի՝ առաջնագծում չպետք է լինեին ու չպետք է զոհվեին:

«Երվանդը մի տեսակ շտապում էր ապրել,- նկատում է Երվանդի հայրը՝ գեղանկարիչ, կավագործ Վազգեն Գեւորգյանը,-ինքը դեռ փոքր տարիքից ավելի մեծ էր, քան շատ մեծահասակներ, շատ էր հասուն»

Վազգենի ծնկին մեկամյա Հովհաննեսն է: Փոքրիկն իր թոթովախոսությամբ ինչ-որ բան է հասկացնում հորը՝ ձեռքը մեկնելով սեղանին դրած մրգի սկահակին: Վազգենը կիսում է ծիրանն ու փորձում զգուշորեն կերակրել տղային:

«Ինքն էլ չլիներ, ես չգիտեմ մեր վիճակն ինչ էր լինելու՝ իրանով ենք զբաղված ողջ օրը»,-ասում է տատը: Փոքրիկը ծնվել է եղբոր բանակ գնալուց մեկ շաբաթ առաջ՝ հուլիսի 9-ին (այսօր դառնում է 1 տարեկան): Երվանդի մայրը՝ Սաթենիկը, չի մասնակցում զրույցին: Ես եւս աշխատում եմ հարցեր չտալ: Նա չի կարողանում հաշտվել որդու չգոյության հետ:

«Չեմ հավատում, որ Երվանդը չկա, ինքը գալու է,-շեշտում է Սաթենիկը,-երանի մինչեւ էս հոդվածդ պատրաստես, ամեն ինչ սուտ դուրս գա ու ինքը հետ գա»:

Երվանդը բանակ է զորակոչվել 2020թ․ հուլիսի 16-ին: Վիճակահանության ժամանակ որպես ծառայության վայրը ընտրվել էր՝ Մեխակավանը (Ջաբրայիլ): Հայրը հիշում է, որ մինչեւ ծառայության մեկնելը՝ մոտ կես տարի, տղան լսում էր «13 արծիվներ, Ջաբրայիլ» երգը՝ նվիրված ապրիլյան քառօրյայի ժամանակ զոհված գյումրեցի փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանի եւ 12 զիվորի հիշատակին:

«Իրեն դուր էր եկել երգն ու հիշում եմ, որ անընդհատ լսում էր, եւ վիճակահանության ժամանակ էլ, որ քաշեց Ջաբրայիլի զորամաս, էդքան էլ չզարմացանք: Մեկ ամիս կարանտինն անցկացրեց Մարտունի 2-ում, հետո տեղափոխեցին,-պատմում է Վազգենը,-իր ծառայության 2 ամսվա ընթացքում հասցրել էր սիրվել զորամասում: Բոլորն իրեն ճանաչում էին, որպես մեկը, որ շատ լավ է երգում, անգամ փոքրիկ համերգ էր հասցրել կազմակերպել»:

Երվանդը երգիչ էր դառնալու: Գեղանկարիչ հոր ավագ որդին ընտրել էր արվեստը մարդկանց ոչ թե կտավի, այլ երգի միջոցով հասցնելու տարբերակը: Նրա տարերքը ժողովրդական երգն էր: Տիկին Կիման ասում է, որ թոռի ընդունակությունները բացահայտվել են 10 տարեկանում, երբ դպրոցում միջոցառման ժամանակ կատարել է Կոմիտասի «Կռունկը»:

«Նախ դպրոցական բեմում բացահայտվեց Երվանդիս շնորհը, հետո ուսանեց Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցում՝ քամանչայի բաժնում, Կարա Մուրզայի անվան երաժշտական ուսումնարանում՝ վոկալ, եւ բանակից առաջ ընդունվել էր Կոնսերվատորիայի ժողովրդական երգի բաժինը,-պատմում է տիկին Կիման,-իրեն մեծ ապագա էր սպասվում, ափսոս, որ ամեն ինչ կիսատ մնաց: Կոնսերվատորիայում մեծ հույսեր էին կապում թոռիս հետ»

Զրույցին միանում է պապը՝ Երվանդ Գեւորգյան ավագը: Վերջինս հիշում է թոռի ֆերմերական առաջին քայլերը:

«Դեռ փոքր էր, բակում հավանոց էր սարքել, հետո որոշեց ճագար պահել, հաշվարկներ էր անում, թե ինչն ինչպես անի, որ եկամուտ ստանա, դրա հետ ոնց վարվի: Բայց հետո թողեց, հասկացավ, որ դա իրենը չէ: Բանակ գնալուց առաջ թենիսի սեղաններ էր պատրաստում, անգամ վաճառել էր: Ինքն ամեն ինչ ուզում էր փորձել, հասկանալ, որն է իրենը,-ասում է Երվանդ պապը,-մինչեւ բանակ գնալը, մի օր եկավ տուն, թե՝ պա՛պ, էն շաղուլն ուր ես դրել, տուր, պետք է: Պարզվեց ընկերոջ հայրը տուն է սարքում, պատը շարել են, ծուռ է եղել, մի քանի շարք քանդել էր, ինքն էլ օգնել էր, որ շարեն: Երվանդիս հուղարկավորությունից հետո ընկերոջ հայրն եկավ, թե՝ Երվանդ պապ, էդ շաղուլը չեմ տա, գուզեմ թոռիցդ հիշատակ մնա»:

Զորակոչից հետո Երվանդին հարազատները չէին տեսել՝ համավարակի պատճառով արգելված էին շփումները, անգամ երդման արարողությանը չէին գնացել: Բավարարվում էին հեռախոսակապով, մեկ-մեկ էլ տեսակապն էր գալիս օգնության կարոտը ցրելու համար: Պատերազմի նախորդ օրը Երվանդը զանգել էր հորը, ասել, որ գուցե մեկ կամ երկու ամիս չկարողանա զանգահարել՝ հեռախոսները հավաքում են:

«Պատերազմ բառը չի ասել, ընդամենն ասաց, որ չանհանգստանանք, եթե երկար ժամանակով կապ չլինի: Պատերազմի ընթացքում, գրեթե ամեն օր խոսել ենք՝ հիմնականում ինքն էր զանգում: Մեզ խաբել էր, թե բունկերում են, բայց հետո իմացա, որ առաջնագծում են եղել, Ջաբրայիլի ամենաթեժ կետերում,-Վազգենը հոգոց է հանում,-չէր ասում, որ չանհանգստանանք, մենք էլ մտածում էինք, թե նորակոչիկներին, որ նորմալ զենք բռնել էլ չգիտեն, դժվար ռազմական գործողություների մեջ մտցեն: Ես Երվանդի ծառայակիցների հետ զրուցել եմ, իրենք ասին, որ առաջին 7 օրը թուրք չեն տեսել, ուղղակի պատսպարվել են ռումբերից ու անօդաչուներից, հետո կռվի մեջ են մտցրել երեխեքին»:

«Հոկտեմբերի 7-ին մեծ մեքենաներ են բերել, որ զինվորներին տեղափոխեն Հադրութ, Երվանդը սկսել է տղաներին համոզել, թե մի նստեք, արեք ոտքով գնանք: Ովքեր, որ լսել են, չեն նստել՝ փրկվել են, ովքեր նստել են մեքենաները, թշնամին դրանք տրաքացրել է: Սա ինձ պատմել են փրկված տղաները: Հետո երեխեքին տեղափոխել են Հադրութ, մի երկու օր մնացել են էնտեղի դպրոցում: Էնտեղ ընդամենը 20-25 հոգանոց խումբ է եղել, որ կռվել է, իբրեւ թե Հադրութը չեն տվել, դա եղել է քաղաքի սկզբնամասում,-պատմում է Վազգենը,-ես խոսել եմ Հադրութի ղեկավարի՝ Կամոյի հետ: Իրականում երեխեքին բերել են մի տեղ, որ թուրքերն արդեն վերցրած են եղել: Սարիշեն ու վերեւում էլի գյուղեր կան, դրանք արդեն մերը չեն եղել: Էս անփորձ երեխեքին երեսուն հոգանոց ջոկատների են բաժանել, ուղղորդել են վերեւ, թե գնացեք էնտեղ ընդամենը 5 հոգի թուրք հատուկ ջոկատային կան՝ չեզոքացրե՛ք: Երեխեքը բարձրացել են վերեւ, էնտեղ դիրքավորված թշնամին բոլորին սպանել, վիրավորել է ու փաստորեն 50 հոգի է փրկվել, նորմալ ղեկավար էլ չեն ունեցել, միայն սերժանտական կազմն է եղել»: 

Վերջին զանգը Երվանդից եղել է հոկտեմբերի 10-ին, չարաբաստիկ գրոհի օրը: Վազգենը հիշում է, ժամը 17:40 էր, ինքը մեքենայով ուղեւորվում էր Երեւան: Ուրախացել է զանգի համար, միաժամանակ անհանգստացել, տղային հորդորել է չզանգել՝ տեղորոշումից խուսափելու համար: Երվանդը ոչինչ չի ասել հորը ոչ իր վիրավոր լինելու, ոչ անհաջող ռազմական գործողության մասին: Այդ օրը խոսել է բոլոր հարազատների հետ: Մորն անհանգստացրել է տղայի խոսքում հաճախակի հնչող «ջան» բառը: Անգամ ամուսնուն է փոխանցել անհանգստությունը, թե ինչ կարող է պատահած լինել, Երվանդը մի տեսակ շատ ջերմ էր խոսում: Վազգենն ասում է՝ փաստորեն հրաժեշտ էր տալիս, հույս չի ունեցել, թե կփրկվեն:

Այն, որ վիրավոր 4 ընկերոջ հետ թաքնված են եղել Վանք գյուղի ձորակում, Երվանդը տեղյակ է պահել ընկերներին եւ մորաքրոջ ամուսնուն՝ խնդրելով օգնություն:

«Հետո ընկերը զանգեց, թե Վազգեն ձյաձյա, Երվանդը վիրավոր է, արնաքամ կեղնին տղեքը տեր էղոնղ չկա: Ես կապնվել եմ պատգամավորների հետ, որ մինչեւ ես գնամ հասնեմ Հադրութ որեւէ ձեւով իրանց միջոցով գոնե օգնություն հասնի տղաներին: Հետո իմացա, որ զինկոմի հետ էլ են կապվել երեխեքը, զինկոմը Արցախի պաշտպանության նախարարության հետ է կապվել, բոլորը համոզել են, որ հիմա կգնան օգնության, բայց չեն գնացել: Ինձ հանգստացրին, թե հատուկ ջոկատայիններ կգնան կհանեն երեխեքին, բայց մի մրջյունի օգնություն էլ չէր եղել: Ես ամսի 13-ին հասել եմ Կարմիր Շուկա, ընկերներիցս Խալաթյան Հակոբը եկավ հետս, Հադրութից 30 կմ էս կողմ Ծակուռի անունով գյուղ կա, էդ գյուղի բնակիչներից մեկը ընկերոջս աներն է, ասում էր՝ Վազգեն ջան, անհնար է քո ասած տեղը գնալ, էնտեղ բոլորը թուրքեր են, մենք մինչեւ դրանց չմաքրենք չենք կարող մոտիկ գնալ, բայց էդ նույն ժամանակ պաշտոնյա պատասխանատուներից կլսեի, թե հա՛, գնացել ենք, երեխեքին հանել ենք, հոսպիտալներում են»:

Հոկտեմբերի 13-ին կռիվը թեժացել է, Վազգենին խնդրել են վերադառնալ: Վազգենը գնացել է Ստեփանակերտ եւ Իվանյան (Խոջալու)՝ շրջել բոլոր հիվանդանոցներով: Հետո վերադարձել է Երեւան եւ երկու օր տղային փնտրել արդեն մայրաքաղաքի բուժհիմնարկներում: Ընթացքում անընդհատ նայել է զոհվածների թարմացվող ցուցակները: «Հիմա արդեն պարզ է, որ ոչ մի բան էլ չէին արել: Փաստորեն երեխեքին անօգնական թողել են, որ արնաքամ լինեն ու մահանան: Իրանք սաղ պիտի պատասխան տան՝ հրամանատարներից սկսած մյուս պատասխանատուներով վերջացրած»,-ասում է Վազգենը: 

Դեկտեմբերի 29-ին Բաքվից Հայաստան վերադարձած վեց գերիներից մեկին տեսնելու համար Վազգենը միջնեկ տղայի հետ գնացել է Արմավիրի մարզի Երվանդաշատ գյուղ: Տղան ասել է, թե տեսել է ինչպես են ձորակից վիրավոր տղաներին թշնամին գերի տարել եւ պնդել, որ Երվանդը գերի է:

«Սկսվել էր մի դժոխային շրջան: Սկզբում վիրավորների մեջ էինք փնտրում Երվանդիս, հետո՝ մահացածների, մեկ պնդումով, թե գերի է՝ ինչ-որ հույսի նշույլ էր հայտնվել: Էդպես, հունվարից սկսած ապրում էինք հույսով, որ գուցե գերի է»,-Վազգենը կրկին հոգոց է հանում: 

Փետրվարի կեսերին Վազգենին տեղեկություն է հասնում, որ նոյեմբերի 23-ին հայ զինվորների մարմիններ են գտել ադրբեջանցիները եւ նոյեմբերի 26-ին հանձնել հայկական կողմին: Տղաներից մեկի գրպանում եղած փաստաթղթերը պատկանել են Երվանդին: Դրանք տվել են Վազգենին, սակայն դիահերձարանից ստացած մարմնի նկարագիրը չի համապատասխանել որդուն:

«Եղել էին դեպքեր, որ փաստաթղթերը խառնել էին, մտածեցինք էդ է, մանավանդ, որ ըստ նկարագրի զոհվածը 1,53 մ էր, իսկ իմ տղայի հասակը 1,90 էր, բացի դրանից նշած չէր, որ վիրավորումներ կան թեւերին ու ոտքերին: Ես փետրվարի կեսերին հետաքրքրվեցի, քանի որ ԴՆԹ անալիզ էի հաձնել, ինձ ասին որ նման է, բայց խնդրեցին, որ կինս էլ հանձնի»:

Անալիզների պատասխանները ձգձգվում են գրեթե երեք ամիս: Վազգենը որոշում է հունիսի 11-ին անձամբ գնալ Գորիսի դիահերձարան եւ համոզվել, որ այնտեղ իր տղան չէ, ում գրպանից գտել են փաստաթղթերը: Սակայն իրականությունն այլ անակնկալ էր պատրաստել:

«Մորգի տնօրենին խնդրել եմ, որ մտնենք նայենք: Ներսում սառնարանային իդիալական պայմաններ էին, էնտեղ ամբողջությամբ պահպանված երեք մարմին էր մնացել, մնացածը մասունքներ էին՝ 50 տոպրակ, ասացի, որ պիտի նայեմ, քանի որ կասկած ունենք: Ես անմիջապես ճանաչել եմ տղայիս: Բացի դրանից, նաեւ ատամնաշարն ենք ստուգել, քանի որ բանակ գնալուց առաջ երեք ատամ ուներ պլոմբած: Հետ եկա Երեւան, գնացի Հերացի, ասի՝ էդ երեխան մերն է, կազմակերպեք, որ բերենք Երեւան, բա թե էս անենք, էն անենք, ասի՝ ինձ էլ հետաքրքիր չէ ինչ կանենք, մանավանդ որ էսքան ամիս ոչ մի բան չեք արել»:

Երվանդ Գեւորգյանին հուղարկավորել են հունիսի 13-ին Շիրակի զինվորական պանթեոնում: Վազգենի մյուս զավակները՝ 17-ամյա Էդգարն ու 10-ամյա Միլենան չեն խոսում եղբոր բացակայությունից: Վազգենը պատմում է, որ աղջիկը մեկ շաբաթ մնացել է մորեղբորը տանը, մինչեւ որ ավարտվել են բոլոր արարողությունները, հրաժարվում էր տուն գալ՝ ենթագիտակցական մակարդակում մերժելով ավագ եղբոր չգոյությունը: Եվ միայն փոքրիկ Հովհաննեսն է, որ ցավին անտեղյակ, իր մանկական ուրախությամբ լցնում է ընտանիքում առաջացած դատարկությունը: 

«Հովհաննեսը ծնվեց 2020թ․ հուլիսի 9-ին, Երվանդին բանակ տարան հուլիսի 16-ին, այսինքն մի 7 օր եղբոր ներկայությունը վայելել է: Ճիշտ է, էդպես չէր գրկում, սիրում, բայց ամեն դեպքում: Հետո, որ մի ամսվա ծառայող էր, ընկերոջ հետ խոսելուց ասել էր, թե շատ է ափսոսում, որ պուճուր եղբորը շատ չի սիրել, շատ չի գրկել ու հիմա շատ է կարոտում,-Վազգենը Սաթենիկին է հանձնում փոքրիկին ու շարունակում,-մենակ իմանար, մենք ինչքան ենք իրեն կարոտում: Որ մտածում ես, թե ժամանակին օգնությունը տեղ հասներ, զավակդ հիմա կողքիդ կլիներ, որ անտեր անտիրական չթողնեին, Երվանդը հիմա ողջ կլիներ, որ մտածում ես...էս ջարդի, անմեղ զոհերի բոլոր մեղավորները պատասխան են տալու»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter