«Ժառանգության» նախընտրական շտաբի հայտարարությունը
Ընտրությունների վերահսկման միասնական շտաբին «Ժառանգության» միանալ-չմիանալու հարցը որոշ շրջանակներում շարունակում է մտացածին շահարկումների եւ տարբեր քաղաքական գործիչների տարատեսակ մասնավոր զրույցների նենգափոխման եւ դրա հիման վրա արված մեկնաբանությունների առիթ տալ, ինչը մենք համարում ենք «Ժառանգությանը» անպտուղ խոսակցությունների հորձանուտը ներքաշելու փորձ:
«Ժառանգության» նախընտրական շտաբը վերահաստատում է իր կողմից ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու վերաբերյալ ապրիլի 12-ին արված հայտարարության մեջ ամրագրված դրույթները, որոնցով հստակ նշվում էր, թե ինչ պայմանների առկայության դեպքում «Ժառանգությունը» կարող էր մասնակցել նշված շտաբի գործունեությանը:
Վերը նշված հայտարարությամբ մենք նաեւ հաջողություն ենք մաղթել նախընտրական գործընթացին մասնակցող բոլոր ուժերին եւ լծվել մեր գործին' անելու այն, ինչ միշտ արել ենք մեր քաղաքական կենսագրության ընթացքում' ժողովրդի հետ միասին պայքարել ազատ ու արդար ընտրությունների, քաղաքացու յուրաքանչյուր քվեի համար: Մենք նաեւ վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը' ընտրախախտումների վերաբերյալ մեր բոլոր փաստերն ու ապացույցները ներկայացնել ոչ միայն իրավապահ մարմիններին, այլեւ ցանկացած ձեւաչափով ստեղծված կառույցներին' անկախ պաշտոնապես դրանց միանալու կամ չմիանալու հանգամանքից:
«Ժառանգության» նախընտրական շտաբ
19 ապրիլի 2012թ.
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել