HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրահանձնաժողովի Հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեիի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունւ։

Նախ տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վարհեիի առանձնազրույցը, այնուհետև բանակցությունները շարունակվել են ընդլայնված կազմերով:

Նիկոլ Փաշինյանը ողջունել է հանձնակատարի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան և նշել, որ այս այցը դիտարկվում է որպես ԵՄ-ի շահագրգռվածություն` զարգացնելու համագործակցությունը Հայաստանի Հանրապետության հետ: 

Վարչապետի պաշտոնակատարը ընդգծել է, որ ԵՄ-ի կողմից շարունակվում է Հայաստանի զարգացմանն ուղղված ծրագրերին աջակցության պատրաստակամությունը վառ կերպով արտահայտվել. ծրագրերը միտված են ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, տնտեսության խթանմանը, փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, քաղաքացու` որպես ինստիտուտի կայացմանը: 

Օլիվեր Վարհեին հույս է հայտնել, որ կորոնավիրուսի համաշխարհային ճգնաժամն ավարտվում է և կարող են կողմերը սկսել հետճգանաժամային ապագային միտված ծրագրերի իրականացումը: «Մենք ցանկանում ենք մասնակից լինել Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանն ու տնտեսության վերականգնմանը: Առանց ջանք խնայելու պատրաստ ենք Հայաստանի կառավարության հետ համագործակցությամբ աննախադեպ կերպով նպաստել Ձեր երկրի տնտեսական և սոցիալական վերականգնմանը»,- ասել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատարը՝ ընդգծելով, որ հայկական կողմի հետ առաջիկայում աշխատելու են տնտեսական և ներդրումային ծավալուն ծրագրերի ուղղությամբ՝ ՀՀ կառավարության սահմանած առաջնահերթությունների շրջանակում:

Ըստ կառավարության հաղորդագրության՝ Օլիվեր Վարհեին նշել է, որ Հայաստանի համար նախատեսված ընդհանուր 2,6 մլրդ դոլարից 1,6 միլիարդի փաթեթն ուղղվելու է 5 ծրագրային ուղղությունների՝ ժողովրդավարության ամրապնդմանը, տնտեսության խթանմանը, փոքր և միջին բիզնեսի, էներգետիկայի, ենթակառուցվածքների ոլորտների զարգացմանը և այլն: 

Հանձնակատարը նշել է, որ ԵՄ-ն պատրաստ է օժանդակել տարածաշրջանային մարտահրավերների հաղթահարմանը, փոխկապակցվածությանը հասնելուն, տնտեսական ինտեգրմանը: Վարհեին հավելել է, որ ԵՄ-ն նոր ծրագրերով նպաստելու է նաև 44-օրյա պատերազմի տուժած շրջանների վերականգնմանը, կորոնավիրուսի դեմ պայքարին, այդ թվում՝ նոր պատվաստանյութերի տրամադրման, պատվաստանյութերի սերտիֆիկատների ճանաչման և այլ ուղղություններով:

Ինչպես ասվում է պաշտոնական հաղորդագրությունում, Նիկոլ Փաշինյանը կարևորել է ԵՄ-ի կողմից մեր երկրին հատկացվող խոշոր ներդրումային փաթեթի արդյունավետ իրականացումը և հավելել, որ Արևելյան գործընկերության ծրագրի առաջիկա գագաթնաժողովը նոր թափ կհաղորդի ՀՀ-ԵՄ փոխգործակցությանը, այդ թվում՝ վիզաների ազատականացման գործընթացի, GSP+ համակարգի հետագա գործակցությունն ապահովելու առումով:

Վարչապետի պաշտոնակատարն անդրադարձել է նաև պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակին, կարևորել հայ ռազմագերիների վերադարձի ապահովումը և բարձր գնահատել նախընտրական շրջանում 15 գերիների վերադարձի գործում Եվրամիության, մասնավորապես, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի անձնական ներդրումը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանը պատրաստ է հումանիտար բնույթի քայլերի իրականացմանը և կարևորել Լեռնային Ղարաբաղի պատմամշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ միջազգային հանրության հետևողական ջանքերը:

Ամփոփելով հանդիպումը՝ վարչապետի պաշտոնակատարը շեշտել է, որ ԵՄ-ի կողմից Հայաստանին առաջարկվող խոշոր փաթեթը ՀՀ կառավարությունը համարում է ոչ այնքան որպես խոշոր ֆինանսական միջոցների ներգրավման հնարավորություն, այլ եվրոպական արժեքների ներդնում մեր երկրում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter