HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Հրայր Թովմասյանը միջնորդեց Հանրապետության նախագահին որպես վկա հրավիրել ՍԴ դատավարությանը

Սահմանադրական դատարանի դատավոր, ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանը երկու կուսակցությունների և երկու դաշինքների ներկայացրած ընտրությունների արդյունքների վիճարկման դատավարությանը միջնորդեց, որ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը որպես վկա հրավիրվի դատավարությանը: Նրա խոսքով` հանրության համար պետք է պարզ դառնա, թե ինչու է նախագահը ընտրությունների անցկացման օր նշանակել հունիսի 20-ը:

Թովմասյանը նաև միջնորդեց Մարդու իրավունքների պաշտանին հրավիրել որպես վկա` պահանջելով ՄԻՊ աշխատակազմի հավաքագրած տեղեկատվությունը ընտրությունների ընթացքի մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ: Թովմասյանն առաջարկեց նաև տեղեկություն պահանջել դատական դեպարտամենտից, թե ինչպես են դատարանները մեկնաբանել և կիրառել բռնություն գրոծադրելու հրապարակային կոչերը և բռնությունը հրապարակային քարոզելու բառակապակցությունները:

ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանն ասաց, որ առաջին երկու միջնորդությունների վերաբերյալ իր դիրքորոշումը դրական է, միանշանակ երկու մասով էլ անհրաժեշտությունը կա թե' նախագահին, թե' ՄԻՊ-ին որպես վկա ներգրավել:

Երվանդ Խունդկարյանն ասաց, որ ՄԻՊ-ից տեղեկատվություն ստանալուն կողմ է, սակայն դեմ է նախագահին որպես վկա հրավիրելուն:

Հրայր Թովմասյանի ներկայացմամբ` դիմումատուներից մեկի գնահատմամբ ընտրությունների համար հունիսի 20-ն է նշանակվել` կողմերից մեկի համար առավելություն ստանալու համար: Թովմասյանի խոսքով` թե ինչու է հենց այդ օրը ընտրվել հարցի պատասխան ո'չ պատասխանող կողմը` ԿԸՀ-ն, ո'չ հարակից պատասխանողները` դատախազությունը, ոստիկանությունն ու ՀՌԱՀ-ը չունեն:

«Ես ուզում եմ հանրապետության նախագահից լսել, որ իր վրա որևէ ճնում հարկադրանք չի եղել, և ինքը միանձնյա որոշել է, խորհրդակցել է, նպատակահարմար է գտել այդ օրը»,-ասաց Թովմասյանը:

ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը հետաքրքրվեց, թե արդյոք Հրայր Թովմասյանի համար կա տարբերություն այդ հարցապնդման պատասխանը ստանալ որպե վկա, թե ուղղակի պաշտոնական հարցմամբ:

Թովմասյանն արձագանքեց`տեղեկատվություն ստանալու և որպես վկա հարցաքննելու կարգավիճակները միանգամայն տարբեր են:

«Ես ցանկանում եմ, որ էստեղ հնչեցվի այդ հարցը, և նախագահը զգուշացվի կեղծ ցուցմունք տալու մասին, որպեսզի ընդհանրապես այդ հարցը փարատվի»,-ասաց Թովմասյանը:

Վահե Գրիգորյանն արձագանքեց` համաձայն կլիներ, որ նախագահի աշխատակազմից այդ տեղեկատվությունը հարցում անելով ստացվի, ոչ թե որպես վկա նախագահը հրավիրվի, դրա անհրաժեշտությունը չի տեսնում:

Արթուր Վաղարշյանը ևս դեմ արտահայտվեց նախագահին որպես վկա հրավիրելուն, նա առաջարկեց այդ հարցն այժմ քննարկման առարկա չդարձնել, լսել համապատասխան դիմողի բացատրությունը, այնուհետև անդրադառնալ այդ հարցին:

ՍԴ նախագահ Արման Դիլանյանն առաջարկեց գործի դատաքննությունն ավարտել մինչ 18:00-ն, որից հետո խորհրդակցության ֆորմնատով անդրադառնալ Հրայր Թովմասյանի միջնորդություններին:

Արևիկ Պետրոսյանն ասաց, որ ՍԴ օրենքի համաձայն` դատավորի ներկայացրած միջնորդությունը անհապաղաղ ներկայացվում է քննարկման, Դիլանյանն արձագանքեց` կառուցողական առաջարկ է ներկայացրել բոլոր դատավորներին` այդ կերպ փորձելով խնայել դատավարության ժամանակը:

Հրայր Թովմասյանն էլ ասաց, որ եթե հարցն անհապաղ քվեարկության չներկայացվի, ինչպես պահանջում է օրենքը, չի մասնակցելու խորհրդակցությանը: Քննարկումներից հետո դատարանը որոշեց հարցին անդրադառնալ խորհրդակցությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter