HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Թուրքմենստանը ռազմական ծանր տեխնիկա է տեղափոխում Աֆղանստանի հետ սահման

Հուլիսի 9-ին Թուրքմենստանը Աֆղանստանի հետ սահմանին գտնվող Սերհեթաբադ քաղաքում տեղակայել է ռազմական ծանր տեխնիկա. տանկեր, հրետանի և զրահափոխադրիչներ։ Այդ մասին գրում է turkmen.news-ը։

Վերջինիս տվյալներով՝ հարավային սահմանապահ ջոկատներից մեկի մի քանի զորամասերում վերջին երեք օրերի ընթացքում բազմիցս մարտական տագնապ է հայտարարվել։ Հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հարևան Աֆղանստանից լսվել է երկու ուժեղ պայթյուն։ Բացի այդ, վերջին մի քանի օրերին այդ շրջանում տարածված էր նաև «աֆղանցի» անունը ստացած չոր փոշոտ քամին, որը սահմանափակում էր տեսանելիությունը և հնարավորություն չէր տալիս ամբողջությամբ կիրառել մարտական ավիացիան։ 

Կրակոցի ձայներ ու պայթյուններ լսել են նաև սահմանային Պոլտավկա գյուղի բնակիչները։ Սերհեթաբադում իրավիճակը հանգիստ է, բնակչության շրջանում խուճապ չկա։ 

Ավելի վաղ, թուրքմենական պարբերականի աղբյուրը հայտնել էր, որ թուրքմեն սպաները, որոնք ծառայում են Աֆղանստանի սահմանի մոտ, սկսել են տարհանել իրենց ընտանիքներին։ «Կանանց և երեխաներին տուն են ուղարկում, բարեկամների մոտ։ Հիմա վտանգավոր է»,- նշել է աղբյուրը։ 

«Թալիբան» շարժումը ներկայումս շարունակում է իր հարձակումները Աֆղանստանում, ինչն սկսվել է այդ երկրից ՆԱՏՕ-ի զորքերի դուրսբերման հետ զուգընթաց։ Զորքերի ամբողջական դուրսբերումը նախատեսվում է ավարտել 2021 թվականի աշնան սկզբին։ Արդեն հիմա երկրի տարածքի մի մասը գտնվում է ծայրահեղական խմբավորման վերահսկողությամբ ներքո, իսկ կառավարական ուժերի անդամները փախչում են Ուզբեկստան և Տաջիկստան։ Ներկայումս «Թալիբան» շարժման պատվիրակությունը երկօրյա այցով գտնվում է Մոսկվայում։ Նրանք խոստացել են, որ հակամարտությունը չի տեղափոխվի Կենտրոնական Ասիայի երկրների տարածք։

Լուսանկարը՝ Navbharat Times-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter