
ԱՄՆ-ն իր զորքերն Աֆղանստանից դուրս կբերի մինչև օգոստոսի 31-ը
ԱՄՆ-ն Աֆղանստանից ամբողջությամբ իր զորքերը դուրս կբերի մինչև օգոստոսի 31-ը։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։ Վերջինիս խոսքերով՝ ամերիկացի զինծառայողները կատարել են իրենց առջև դրված խնդիրները, իսկ զորքերի դուրսբերումը տեղի է ունենում «անվտանգ և կազմակերպված»։ Ի սկզբանե նախատեսվում էր, որ ԱՄՆ-ն Աֆղանստանից զորքերը դուրս կբերի մինչև այս տարվա սեպտեմբերի կեսերը, սակայն գործընթացն ընթանում է ավելի արագ, քան սպասվում էր։
«Արդեն հիմա Աֆղանստանում ծառայում են մարդիկ, որոնց ծնողները ժամանակին ևս ծառայել են Աֆղանստանում»,- նշել է Բայդենը։ Նա խոստացել է այդ երկիր չուղարկել ամերիկացիների ևս մեկ սերունդ, եթե դրա խիստ կարիքը չլինի։ The Washington Post-ը գրում է, որ, այնուամենայնիվ, Աֆղանստանում կմնա 650-1000 ամերիկացի զինծառայող, որոնք կհետևեն Քաբուլի օդանավակայանի անվտանգության ապահովմանը։
2001 թվականից ի վեր Աֆղանստանում զոհվել է ավելի քան 1800 ամերիկացի զինծառայող, ևս 20 000-ը վիրավորվել է։ Բայդենը դեռ նախընտրական քարոզարշավի ժամանակ խոստացել էր վերջ դնել «ԱՄՆ հավերժ պատերազմներին»՝ ընդգծելով նաև Աֆղանստանը։ Ամերիկյան զորքերի դուրսբերումը նշանակում է նաև այդ երկրում ՆԱՏՕ-ի առաքելության ավարտ։ Ավելի վաղ, աֆղանական տարածքը լքել էին գերմանական զորքերը։ Զորքերի դուրսբերումն ավարտում է նաև Մեծ Բրիտանիան։
Գործընթացը տեղի է ունենում Աֆղանստանում «Թալիբան» շարժման հարձակողական գործողություններին զուգահեռ։ Այսպես, հուլիսի սկզբին Աֆղանստանից Տաջիկստան է փախել մոտ 1500 աֆղան զինծառայող, որոնք թաքնվում էին թալիբներից։ Բայդենը հայտարարել է, որ աֆղանական բանակում ծառայում է մոտ 300 000 մարդ և այն ավելի մարտունակ է, քան թալիբները, որոնց ընդհանուր թիվը կազմում է մոտ 75 000։
Լուսանկարը՝ Getty Images-ի
Մեկնաբանել