Դեմ են չհաստատված նախագծի հրապարակմանը
Այսօր քաղաքի տարբեր հատվածներում ականատես ենք լինում ապօրինի, անհիմն շինարարական աշխատանքների:
Կեղծ PR-ի մակարդակում դրանք սկսվում են անհիմն, ցուցադրական պաստառների հրապարակումից:
Այսօր Նալբանդյան 106/1–ի հարակից շենքերի բնակիչները կազմակերպել էին «Ապապաստառապատում» խորագրով բողոքի ակցիա՝ ընդդեմ դեռևս չհաստատված նախագծի, որը պաստառի տեսքով փակցվել էր իրենց բակում:
Ակցիայի մասնակիցները ստորագրահավաք կազմակերպեցին, որը մտադիր են հանձնել «Ավագ Շին» ՍՊԸ-ի տնօրենությանը: Պահանջը ձևակերպված տեքստի մեջ մասնավորապես նշվում է. «Հիմք ընդունելով Սայաթ-Նովա պող., Նալբանդյան, Ա. Պետրոսյան և Թումանյան փողոցներով պարփակված տարածքի 150 բնակիչների ստորագրությամբ պատկան մարմիններին ուղղած մեր դիմումին Երևանի քաղաքապետարանի 23.03.2011-ի N 18/08/1-Կ-402 պատասխանը՝ պահանջում ենք դադարեցնել վերոնշյալ տարածքում իրականացվող շինարարական աշխատանքները և տարածքից անհապաղ դուրս բերել ողջ շինարարական տեխնիկան:
Պահանջում ենք նաև տարածքից հանել դեռևս չհաստատված շինարարական ծրագրի նախագիծը պատկերող ցուցապաստառը՝ մինչև պատկան մարմինների կողմից վերջնականապես չմշակվեն և չհամաձայնեցվեն տարածքի բարեկարգմանն առնչվող համապատասխան փաստաթղթերը:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Երևանի քաղաքապետի կարգադրությամբ նշանակված գալիք շաբաթօրյակի շրջանակներում մենք՝ բնակիչներս ու Երևանի ազատ քաղաքացիներս, պատրաստվում ենք շաբաթօրյակի ժամանակ մասնակցել Նալբանդյան 106/1-ի նախկին մանկապարտեզի տարածքում ծառերի արմատների խնամքի աշխատանքներին»:
Հիշեցնենք, որ բողոքի ալիք բարձրացրած պաստառը փակցվել է ՀՀ բնապահպանության և քաղաքաշինության նախարարների այցի հաջորդ օրը, գաղտագողի' երեկոյան' ժամը 22:00-ի սահմաններում: Դեռևս առանց շինթուլտվության և այլ անհրաժեշտ նախագծային փաստաթղթերի առկայության փակցված պաստառը, որը ներկայացնում է տեղում իբր-կառուցվելիք շենքի համակարգչային գրաֆիկական պատկերը, պատվիրատու «Ավագ Շին» և կատարող «Դիաբազ» ՍՊԸ-ների տվյալները և քանդման թույլտվության համարը, շինարարությունն արտոնող ոչ մի հիմնավոր տեղեկություն չի ներկայացվում:
Նլենք, որ ԶԼՄ որոշ ներկայացուցիչներ, որոնք ժամանել էին ակցիայի սկսվելուց տասնհինգ րոպե առաջ, դժգոհեցին մասնակիցների թվից ու, թերևս, թերագնահատելով այդ հանրային նախաձեռնության կարևորությունը, հեռացան նախքան մասնակիցների հավաքվելը:
Չնայած ընդունելի է, որ ակցիայի մասնակիցներն այս անգամ համեմատաբար սակավաթիվ էին, սակայն նրանք արտահայտեցին իրենց ասելիքն ի լուր պատկան մարմինների, ինչպես նաև հանձնեցին վերոհիշյալ պահանջագիրը:
«Մեր քաղաքը» հանրային քաղաքացիական նախաձեռնություն
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել