HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Մանվել Փարամազյանը տեղափոխվել է ՔԿՀ դատարանի որոշմամբ, որով բավարարվել է «Մհեր Փարամազյանին» կալանավորելու միջնորդությունը

Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը  տեղափոխվել է «Երևան կենտրոն» քրեկատարողական հիմնարկ։ Այս մասին հայտնում է Փարամազյանի պաշտպան Լուսինե Սահակյանը՝ բարձրաձայնելով այն մասին, որ կալանավորման միջնորդությունը բավարարելու վերաբերյալ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատական ակտում առկա է եղել «Մհեր Փարամազյան» անունը, այլ ոչ թե Մանվել Փարամազյան։

«Գիշերը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Գագիկ Պողոսյանի, քննարկելով Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի ձերբակալման իրավաչափության և նրա նկատմամբ խափանման միջոց կալանք կիրառելու հարցը, որոշում կայացրեց Մհեր Փարամազյանի ձերբակալումը ոչ իրավաչափ ճանաչել և վերջինիս նկատմամբ կալանք կիրառել 2 ամիս ժամկետով։

Սակայն «Երևան կենտրոն» քրեակատարողական հիմնարկ տեղափոխվեց ոչ թե ոմն Մհեր, այլ Մանվել Փարամազյանը։ Սա սովորական դատական ակտի վրիպակ համարել չի կարելի, որովհետև ամբողջ դատական ակտն է այդպիսին։

Այն իրավական ամենաթողության լավագույն օրինակ կարելի է համարել։ Մինչև ուշ գիշեր տևած դատական նիստի ընթացքում հիմնավորվել է, որ Մանվել Փարամազյանի մեղադրանքը ակնհայտ ապօրինի է և դատարան ներկայացված փաստաթղթերից և ոչ մեկով չի հիմնավորվում,  գոնե հիմնավոր կասկածի մակարդակով՝ Փարամազյանը առնչություն ունի որևէ հանցագործության հետ»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Լուսինե Սահակյանը։

Պաշտպանը  դիտակում է, որ վերջին տարիներին դատարանները փորձ էին կատարում անկախանալ և գնալով ավելի շատ ու շատ դատավորներ փորձ էին կատարում ծառայել օրենքին, այլ ոչ իշխանությանը, սակայն, ըստ պաշտպանի, Գագիկ Պողոսյանն իր այս որոշմամբ հերթական անգամ ապացուցեց, որ ինքը նշված դատավորների թվին չի պատկանում։

Նշենք, որ հուլիսի 8-ին Մանվել Փարամուզյանը Քաջարան քաղաքից բերման է ենթարկվել Երևան՝ ՀՀ ԱԱԾ Քննչական դեպարտամենտ։ Քննչական դեպարտամենտ Մանվել Փարամազյանը ներկայացվել է արդեն հուլիսի 9-ին, ժամը 01.24-ին, որից հետո կազմվել է նրան ձերբակալելու մասին արձանագրություն։

Հուլիսի 9-ին Մանվել Փարամազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասով և 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով: Խոսքը խարդախություն կազմակերպելու,  կաշառք ստանալու և ընտրողներին կաշառք տալու կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու մասին է։

Պաշտպան Սահակյանի խոսքով՝  առաջադրված մեղադրանքը, մասնավորապես, կապված է 2017 թվականին Մանվել Փարամազյանի ընկերներից մեկի կողմից սեփականատիրոջից հողատարածք ձեռք բերելու, ապա հետագայում երրորդ անձի, ավելի բարձր գնով վաճառելու մի պատմության հետ: Ըստ Սահակյանի՝ թեև նշված գործարքն իրականացվել է օրենքով սահմանված կարգով, նոտարական կարգով, կադաստրային գրանցումով ու չի ենթադրում որևէ ապօրինություն, ու անհասկանալի է, թե դրա ենթատեքստում ինչպես հնարավոր է հանցակազմ նշմարել, այնուամենայնիվ, ինքը՝ Մանվել Փարամազյանը, որևէ առնչություն չի ունեցել այդ գործարքին:

Մանվել Փարամազյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, համարում է, որ այս ամենն իր նկատմամբ սանձազերծված քաղաքական հետապնդման շղթայի մի մասն է:

Նրա  ձերբակալման իրավաչափությունը պաշտպանները վիճարկվել են դատարանում, միաժամանակ վարույթն իրականացնող մարմինը դատարան է ներկայացրել Մանվել Փարամազյանին կալանավորելու մասին միջնորդություն, որոնք, փաստորեն, քննվել են  դատավոր Գագիկ Պողոսյանի վարույթում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter