HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գորիսի համայնքապետարանում առերևույթ չարաշահումներ են եղել. ՔԿ

Քննչական կոմիտեիում (ՔԿ) քննություն է տարվում՝ Գորիսի համայնքապետարանում հայտնաբերված առերևույթ չարաշահումների բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: 2021թ. մարտի 23-ին Պետական վերահսկողական ծառայության կողմից Գորիսի համայնքապետարանում իրականացվել է ուսումնասիրություն՝ 2016թ. հունվարի 1-ից մինչև 2021թ. ապրիլի 30-նն ընկած ժամանակահատվածում համայնքապետարանին հատկացված պետական միջոցների տրամադրման համար հիմք հանդիսացող տեղեկատվության արժանահավատությունը գնահատելու նպատակով: Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն։ 

Ուսումնասիրության արդյունքներով արձանագրվել են տարաբնույթ խախտումներ՝ շինարարական կապալի պայմանագրերով նախատեսված, հանձնման-ընդունման արձանագրություններով, կատարողական ակտերով հաշվարկված և վճարված, սակայն փաստացի չկատարված աշխատանքներ, շինարարական աշխատանքների միավորի արժեքների անհիմն թանկացման արդյունքում կատարողական ակտերով ավել հաշվարկված և վճարված գումարներ, շինարարական աշխատանքների համար կատարված ոչ նպատակային ծախս, շինարարության ընթացքում կատարված, սակայն շահագործման ընթացքում կոտրված և շահագործման համար ոչ պիտանի դարձած երկաթբետոնե առվակներ, որոնց արդյունքում, նախնական տվյալներով, պետությանը պատճառվել է 38 մլն 440 հազար դրամի վնաս:

Ինչպես հայտնում է Քննչական կոմիտեն՝ կառավարության «Գնումների գործընթացի կազմակերպման կարգը հաստատելու և 2011թ. փետրվարի 10-ի թիվ 168-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու» որոշման պահանջների խախտմամբ երկու պայմանագրերի շրջանակներում կատարվել են աշխատանքների փոփոխություններ, որոնց գումարների չափը, պայմանագրերի սկզբնական գումարների նկատմամբ, կազմել են համապատասխանաբար 35.2 և 26.1 տոկոս:

Բացի այդ, արձանագրվել է, որ Գորիս համայնքում, գույքահարկի բազայում ունենալով չվճարված հարկերի տեսքով պարտավորություն, մի շարք ավտոմեքենաներ օտարվել են:

Ուսումնասիրության արդյունքներն ուղարկվել են Քննչական կոմիտե, որտեղ նախապատրաստվող նյութերի շրջանակում նշված խախտումների շուրջ պարզաբանումներ ներկայացնելու նպատակով Գորիսի համայնքապետարանի համապատասխան պաշտոնատար անձինք հրավիրվել են բացատրություն տալու, սակայն չեն ներկայացել:

Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ ուսումնասիրություններում և դրանց հիման վրա նախապատրաստված նյութերում  առերևույթ առկա են քրեական գործ հարուցելու օրինական հիմք և առիթ,  Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 314-րդ հոդվածով և 325-րդ հոդվածի 1-ին մասով: Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter