
Արթուր Թովմասյանն այցելել է Հայաստանում Արցախի կառավարության օպերատիվ շտաբ
Հուլիսի 12-ին Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հանդիպել է Հայաստանում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանի հետ: Այս մասին հայտնում են Արցախի ԱԺ լրատվական ծառայությունից։
Հանդիպմանը Արցախի խորհրդարանի նախագահին է ներկայացվել իրականացվող աշխատանքների և միջոցառումների ընթացքը, ինչպես նաև՝ տեղահանվածներին տրամադրվող 68 հազարական և որպես վարձավճար տրամադրվող 30 հազարականների կարգի և ընթացքի մասին տեղեկատվություն: Արթուր Թովմասյանը կարծիք է հայտնել՝ առնվազն մինչև տարեվերջ տեղահանված արցախցիներին 68 հազարական դրամի տրամադրման գործընթացի շարունակականության վերաբերյալ:
Հանդիպման ընթացքում քննարկվել է Արցախից տեղահանված և Հայաստանում ապաստանած մոտ 300 շրջանավարտների հետագա ճակատագրի հարցը: Քննարկվել է նաև առաջին դասարան հաճախող երեխաների հաշվառման խնդիրը:
Կայացվել է որոշում՝ դպրոց հաճախող առաջին դասարանցիներին շտաբի կողմից պայուսակի և գրենական պիտույքների տրամադրման մասին:
Մեկնաբանել