HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

2022-2026թթ. համար կառավարությունը նախատեսում է ապահովել տարեկան միջինում 7 % տնտեսական աճ

Կառավարությունն այսօրվա՝ հուլիսի 12-ի նիտում հաստատել է 2022-2024 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի և կառավարության պարտքի բեռի նվազեցման 2022-2026 թվականների ծրագրերը: Այս մասին հայտնում է վարչապետի պաշտոնական կայքը։

Ծրագրի համաձայն՝ 2022-2026թթ. համար կառավարությունը նպատակադրում է ապահովել տարեկան միջինում 7 տոկոս տնտեսական աճ: 

Որդեգրված նմանատիպ ներդրումային քաղաքականության պայմաններում միջնաժամկետում 7 տոկոս տնտեսական աճի ապահովման համար անհաժեշտ է հիմնական միջոցներում ներդրումների տարեկան միջինում 12.5 տոկոս իրական աճ (տարեկան լրացուցիչ միջինում շուրջ 270 մլրդ դրամ), ինչը հիմնական միջոցների կշիռը ՀՆԱ-ում 2019թ. համեմատ 2026թ.-ին կբարձրացնի շուրջ 5.4 տոկոսային կետով:

Վարչապետի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ բարձր տնտեսական աճի ապահովման համար կարևոր նախադրյալ է աշխատուժի և կապիտալի արտադրողականության բարձրացումը, ինչը հնարավոր է իրականացնել նոր տեխնոլոգիական լուծումների կիրառմամբ, գործարար և ներդրումային միջավայրի բարելավմամբ, աշխատուժի որակի բարձրացման և կրթական միջոցառումների իրականացմամբ: 

«Դրա համար անհրաժեշտ է միջինում 5.3 տոկոս ընդհանուր գործոնային արտադրողականության աճ: Նպատակին հասնելու կարևոր գործոններից է նաև արտահանումը. ներդրումների բարձր աճին կհաջորդեն կանխատեսվող հորիզոնում ապրանքների և ծառայությունների արտահանման ավելի բարձր աճ։ Կապահովվի նաև ՀՆԱ-ի նկատմամբ արտահանման մակարդակի բարձրացումը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Բարձր տնտեսական աճի պայմաններում նախատեսվում է նվազեցնել կառավարության պարտքի բեռը: Հարկաբյուջետային կանոններով սահմանված սահմանային շեմից՝ 60 տոկոսից պարտքի բեռի նվազեցումը հնարավորություն կտա ստեղծել «հարկաբյուջետային տարածք» հնարավոր շոկերին արձագանքելու նպատակով: Այսպես, կանխատեսվող հորիզոնում կապահովվի կապիտալ ծախսերի շարունակական աճ, որոնց կշիռը ՀՆԱ-ում 2026թ. կհասնի շուրջ 6 տոկոսի:

Կառավարությունը պարտքի բեռի նվազեցման ծրագրի իրականացման համար նախատեսում է 2022-2026թթ նվազեցնել պետական բյուջեի ծախսերի տեսակարար կշիռը ՀՆԱ-ում՝ գումարային առումով 1.1 տոկոսի չափով: Ծախսերի նվազեցումը կիրականացվի հարկաբյուջետային կանոններին համահունչ ընթացիկ ծախսերի գծով նվազեցման միջոցով, որոնց կշիռը ՀՆԱ-ում կնվազի շուրջ 3.9 տոկոսային կետով մինչև 2026 թվականը: Միաժամանակ, նախատեսվում է ընթացիկ ծախսերի կշռի նվազեցմանը զուգահեռ մեծացնել տնտեսության երկարաժամկետ աճին նպաստող կապիտալ ծախսերի կշիռը՝ մինչև 2026 թվականը հասցնելով դրանք ՀՆԱ-ի 5.7 տոկոսին, ինչը հնարավորություն կտա տնտեսական աճի արագացման շնորհիվ նվազեցնել կառավարության պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը:

Նիկոլ Փաշինյանը ուշադրություն Է հրավիրել մի քանի հանգամանքների վրա. «Նախ օրենքով մենք ունենք պարտավորություն այսօր ընդունել միջնաժամկետ ծախսերի ծրագիր: Սա մեր այսօրվա վերջին ժամկետն է: Առաջիկայում պետք է ընդունենք Կառավարության գործունեության միջոցառումների ծրագիրը, և մեր ողջ հետագա գործունեության հիմնարար փաստաթուղթը լինելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագիրը: Հետևաբար առաջիկայում Կառավարության ծրագիրը, 2022 թվականի բյուջեն, Կառավարության գործունեության միջոցառումների ծրագիրը ՝ ամբողջությամբ պետք է հենված լինեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի վրա: Կապ չունի, թե որ գերատեսչությունները կղեկավարեն կուսակցական պատկանելիություն ունեցող անձինք, որ հատվածը կղեկավարեն անկուսակցական անձինք՝ ամբողջ պետական մարմնի ռեսուրսը պիտի կենտրոնանա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի իրականացման վրա: Առաջիկա 5 տարում դա է մեր անելիքը, մենք այլ անելիք չունենք: Իհարկե, հընթացս չի բացառվում, որ կարող են նոր ծրագրեր ներառվեն»:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ արդեն այսօր անհրաժեշտ է մտածել նախընտրական ծրագրով միջոցառումներն իրականացնելու ուղղությամբ: «Մասնավորապես, մեր նախորդ քննարկմանը ես հանձնարարական եմ տվել՝ շարքը, որ մենք սկսել էինք դեռևս ընտրություններից առաջ՝ դպրոցների և մանկապարտեզների շինարարությունների ընթացքը ապահովելու վերաբերյալ: Ես ակնկալում եմ, որ մինչև տարեվերջ մենք առնվազն մի քանի տասնյակ այդպիսի նախագծեր կառավարության նիստով հաստատելու ենք և դնելու ենք իրականացման հոսքագծի վրա»,-ասել է վարչապետի պաշտոնակատարը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ չունենք մի նախագիծ, որը չի իրականացվել ֆինանսավորման բացակայության պատճառով. «Այսինքն՝ մենք այդպիսի խնդիր չունենք և, հետևաբար, եկեք ավելի շատ կենտրոնանանք ծախսերի արդյունավետությունը բարձրացնելու վրա»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter