
ԲՀՀ-ի հայաստանյան մասնաճյուղը Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հետ 200 000 ԱՄՆ դոլարի համաֆինանսավորման համաձայնագիր է կնքել
Հարմարվողականության հզորացմանը և գյուղական վայրերում կանաչ տարածությունների ընդլայնմանը նվիրված անտառտնտեսության ծրագրի համար այսօր Բնության համաշխարհային հիմնադրամի (ԲՀՀ) հայաստանյան մասնաճյուղը՝ Միավորված ազգերի կազմակերպության Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) հետ 200 000 ԱՄՆ դոլար ընդհանուր գումարի համաֆինանսավորման համաձայնագիր կնքեց` որպես իր կողմից բնաիրային ներդրում: Այս մասին հայտնում ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունից։
Ըստ կազմակերպության՝ սա Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ՊԳԿ-ի առաջին լայնածավալ նախագիծն է, որին աջակցում է Կանաչ կլիմայի հիմնադրամը (ԿԿՀ) և երկրի անտառային տնտեսությանն ուղղված՝ առաջին ֆինանսավորման առաջարկն է: Անտառները կոնցեսիոն պայամանագրերով հանձնելու և վառելափայտի մթերումը բարելավված կառավարելու, փայտանյութի և անտառների ոչ փայտանյութային ապրանքների արտադրության շնորհիվ կբարձրանա բնական ռեսուրսների տնօրինման և կառավարման գործում համայնքների դերը:
Համաձայնագիրն այսօր ստորագրեցին ԲՀՀ-ի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը և Հայաստանում ՊԳԿ ներկայացուցիչ Ռայմունդ Յելեն:
«Այս կարևոր նախագծում Բնության համաշխարհային հիմնադրամի մասնակցությունն ու ներդրումը լայն գործընկերություն ծավալելու կարևոր բաղադրիչներից մեկն է։ ԲՀՀ-ի փորձն իր հետագա արժեքը կհաղորդի ծրագրի իրականացմանը»,- ասաց Յելեն։
Ծրագրի ութ տարիների ընթացքում ԲՀՀ-ի հայաստանյան մասնաճյուղը համաֆինանսավորելու է նախագիծը, տեխնիկական և ֆինանսական աջակցություն է տրամադրելու համայնքի ներգրավվածության և անտառների կառավարմանը մասնակցելու, ինչպես նաև Սյունիքի մարզի համանքային հողերում նոր անտառային տարածքներ հիմնելու համար:
«Այդ նպատակով նախագիծը մեծապես կնպաստի Կովկասի էկո-տարածաշրջանում էկո-միջանցքների ստեղծման ապահովման մեր նպատակին։ Անտառները Հայաստանի պատմության և ժառանգության մի մասն են, և մենք համոզված ենք, որ պարադիգմայի ոչ մի փոփոխություն հնարավոր չի լինի, քանի դեռ համայնքների մասնակցությունը անտառների համայնքահեն կառավարման մեջ ապահովելու համար հաշվի չեն առնվել խոցելի համայնքների էներգետիկ կարիքները և նրանց համար հարմարեցված գիտելիքներ չեն փոխանցվել»,- նշեց Կարեն Մանվելյանը:
Իր գործունեության գրեթե 20 տարիների ընթացքում անտառային էկոհամակարգերը կլիմայի փոփոխությանը հարմարվելու օգնական միջոցներ ձեռնարկելով ՝ ԲՀՀ-ն աշխատում է մեղմել կլիմայի փոփոխության ազդեցությունը և հարմարվել դրան: Դա իրականացվում է անտառների վերականգնման, վերափոխման և պահպանվող տարածքների ստեղծման նախագծերի միջոցով:
Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը հայտնում է, որ այս ութամյա նախագիծը, որի ընդհանուր բյուջեն կազմում է 18,7 միլիոն ԱՄՆ դոլար, ապավինելու է նաև Հայաստանի կառավարության, Ավստրիական զարգացման գործակալության, Իտալիայի Բոլցանոյի ինքնավար մարզի և ՊԳԿ-ի համաֆինանսավորմանը և տեխնիկական փորձառությանը:
Ծրագրի նպատակները կյանքի կկոչվեն ՊԳԿ-ի կողմից՝ Շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի հետ սերտ համագործակցությամբ։
Մեկնաբանել