
Գյումրու «Երիտասարդական» զբոսայգու տարածքն առերևույթ ապօրինի օտարման փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել
Գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ իրականացվող ԶԼՄ մշտադիտարկմամբ հունիսի 25-ին «Aravot.am» լրատվական կայքէջում հրապարակված «Գյումրիում բողոքի ալիք է հասունանում. հովանավորչությամբ՝ այգին ոչնչացնելու հաշվին պահեստ են կառուցում» վերտառությամբ հոդվածը վեր է հանվել և Շիրակի մարզի դատախազության կողմից ուղարկվել է Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն՝ Քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու և ընթացքը լուծելու հանձնարարությամբ:
«Նյութերի նախապատրաստմամբ պարզվել է, որ Գյումրի քաղաքի Վ.Սարգսյան փողոցի 26/6 հասցեում գտնվող 3.000ք/մ մակերեսով հողամասը, որը համընկնում է Գյումրու «երիտասարդական» այգու տարածքին և որում ներառված են նաև ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված` քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող հողեր, 2018թ. մարտի 19-ին Գյումրու համայնքապետարանի կողմից ուղղակի վաճառքի միջոցով, 3.726.000 ՀՀ դրամ գումարով օտարվել է տվյալ ժամանակահատվածում Գյումրի համայնքի ավագանու անդամ հանդիսացած անձին:
Հիշյալ պայմաններում ՀՀ կադաստրի կոմիտեի տարծքային ստորաբաժանումում Գյումրի քաղաքի Վ.Սարգսյան փողոցի 26/6-րդ հասցեում գտնվող հողամասի նկատմամբ 2018թ. մայիսի 21-ին գրանցվել է նշված անձի սեփականության իրավունքը:
Դրանից հետո` 2019թ. մայիսի 5-ին, սեփականատերը նշված հողամասը 12.000.000 ՀՀ դրամով օտարել է «Դոմուս» առևտրային ցանցի սեփականատեր, ՍՊ ընկերության միակ մասնակից անձին, որից հետո Ընկերությանը Գյումրիի համայնքապետարանի կողմից տրվել է առևտրի և սպասարկման օբյեկտ կառուցելու համար շինարարության թույլտվություն: Հողամասում կառուցվում է պահեստ, մինչդեռ, ՀՀ քաղաքաշինության նախարարության հետ նախկինում համաձայնեցված է եղել տվյալ հողամասում սրճարան կառուցելու առաջարկությունը:
Նախապատրաստված նյութերով Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն», - նշված է հաղորդագրության մեջ:
Մեկնաբանել