
Խոջալուի «ցեղասպանությունը» և դրա առաքելությունը Ղարաբաղյան կոնֆլիկտում
Հրանուշ Խառատյան
Նախաբան
«Խոջալուի կոտորածներ», «Խոջալուի ցեղասպանություն», «Խոջալուի հնարովի ցեղասպանություն» բառերը շատերին են ծանոթ: 1992թ. մարտից սկսած դրանք բազմիցս կրկնվել են տարբեր մակարդակներով և ձևերով: Հրատարակվել են նյութեր, գրվել են գրքեր, հոդվածներ, արտահայտվել են կարծիքներ: Զեկուցումներ են եղել քաղաքագիտական, պատմագիտական, կոնֆլիկտաբանական գիտաժողովներում: Օգտագործվել են դիվանագիտական տեքստերում: Խնդիրը դիտարկվել է Ղարաբաղյան, հայ-ադրբեջանական, հայ-թուրքական, տարածաշրջանային և նույնիսկ աշխարհաքաղաքական կոնֆլիկտների համատեքստերում: Բայց այդ «ցեղասպանության» ծրագրավորման, գործողությունների, ընթացքի և նույնիսկ հետևանքների մասին ոչ մի հետազոտություն, ոչ մի վերլուծություն չկա: Փաստն այն է, որ 1992թ. փետրվարի 26-ին Լեռնային Ղարաբաղի հայերի ռազմական կազմավորումը գրավել է Լեռնային Ղարաբաղի տարածքում գտնվող Խոջալու ադրբեջանաբնակ բնակավայրը: Այդ պահին բնակավայրի բնակչության թիվը տարբեր գնահատականներով 2500- 3500 մարդ էր: Բնակավայրը պաշտպանում էին, կրկին տարբեր գնահատականներով, 200-500 մարդ: Խոջալուն գրավելու գործողությանը հայկական կողմից մասնակցել է 480 մարդ: Գրավելու ռազմական գործողությունը տևել է երկու-երեք ժամ: Բնակավայրը գրավվել է կողմերից երկուսի համար էլ նվազագույն մարդկային զոհերով: Խոջալուի բնակչությունը բնակավայրը լքել է նույն գիշերը: Խաղաղ բնակչությունը դուրս է եկել բնակավայրի ինքնապաշտպանների և ռազմական կազմավորումների հետ միասին: Հայկական կողմը նախապես հայտարարել է բնակչության համար նախատեսված հյուսիսային միջանցքի մասին, բայց բնակչության տարբեր խմբեր բնակավայրից դուրս գալուց հետո գնացել են նաև չնախատեսված արևմտյան և արևելյան ուղղություններով: Փետրվարի 26-ի առաջին կեսին Խոջալուի բնակչության ելքի համար հատկացված մարդասիրական միջանցք են ներթափանցել ադրբեջանական Ազգային Ժողովրդական Ճակատի զինված խմբավորումներ և ճանապարհի առանձին հատվածներում եղել են լոկալ զինված բախումներ, որոնց պատճառով զոհեր են եղել նաև ճանապահով գնացող Խոջալուի խաղաղ բնակչությունից: Փետրվարի 26-ի կեսօրին Խոջալուի բնակչության անվտանգության նկատառումներով հայկական կողմը կասեցրել է բնակավայրը լքած մարդկանց հոսքը և միայն փետրվարի 28-ից հետո խումբ-խումբ հանձնել է Աղդամից նրանց տանելու նպատակով եկած ադրբեջանական կողմին: Փետրվարի 26-ի երեկոյան պարզվել է, որ արևելյան ուղղությամբ գնացած խմբերի հետ ճանապարհների տարբեր վայրերում նույնպես տեղի են ունեցել զինված բախումներ, եղել են զոհեր: Որոշ մարդիկ մահացել են նաև ցրտահարությունների հետևանքով:
Խոջալուի պարտությունից 5 օր անց, մարտի 2-ին, Ադրբեջանում հապճեպ հայտարարվել է, որ հայերը կոտորել են Խոջալուի անզեն և անպաշտպան խաղաղ բնակչությանը և ցեղասպանություն են իրականացրել ադրբեջանական ժողովրդի նկատմամբ: Հայկական կողմն արագ մերժել է այդ հայտարարությունը: Հետագայում հրապարակի վրա մնացել են կողմերի հայարարությունները և դրանցից բխող լրագրողական և քաղաքական հանրայնացումները: Կողմերից ոչ մեկը պատշաճ հետազոտություն չի արել և չի վերլուծել «Խոջալուի դեպքերը»: Թեմայով շահագրգիռ երկու կողմերից ադրբեջանցիները չուզեցին/չկարողացան ապացուցել «Խոջալուի ցեղասպանությունը», հայերը պատշաճ չանդրադարձանլ «հնարովի ցեղասպանությանը»: «Երրորդ կողմի» վերլուծաբանները, իրենց հերթին հետազոտություն չանելով, հիմք ընդունելով հայտարարությունները՝ դիրքորոշումներ են արտահայտել «Խոջալուի ցեղասպանությանը» կամ «կոտորածներին» կողմ և դեմ դիրքերից:
«Խոջալույում և դրա շուրջ տեղի ունեցած»-ը և դրա «ցեղասպանական» մատուցման աղմուկը զգալի ներդրում են ունեցել ինչպես Ղարաբաղյան կոնֆլիկտի և դրա քննարկումների հետագա զարգացումներում, այնպես էլ ազդել են առնվազն Այսրկովկասի ժողովուրդների կարծրատիպերի վրա: Քանի դեռ կան Խոջալուին առնչված կենդանի մարդիկ, դերակատարներ և հատկապես խոջալուցիներ՝ կարևոր է թվում փորձել հասկանալ, թե ի վերջո ի՞նչ է եղել Խոջալույում և խոջալուցիների հետ:
2020թ. ամռանը մի խումբ ազգագրագետներով գնացինք ներկայումս Իվանյան կոչվող Խոջալու և «դրա շուրջը», անցանք Խոջալուի և խոջալուցիների հետ առնչված տարածքի ճանապարհներով, խոսեցինք հայկական կողմի դերակատարների և ուղղակի տարածքի բնակչության հետ, տեղում գրանցեցինք դեպքերի զարգացումների հետ կապ ունեցած մարդկանց պատմությունները և բնակչության մեջ շրջանառվող տեղեկությունները: Աշխատեցինք Ստեփանակերտի արխիվում՝ 1988-92թթ. Խոջալուի մասին նյութեր պարունակող փաստաթղթերի հետ: Ցավոք, բուն խոջալուցիների հետ հանդիպումներ չեն եղել, այս մասով սահմափակվել ենք գլխավորապես ադրբեջանական հրապարակումներով:
Սույն համեստ աշխատանքով փորձ է արվում սկսել քանդել Խոջալուի կծիկը՝ ի՞նչ է եղել իրականում, ինչպե՞ս է եղել, որտե՞ղ և ինչու՞ են եղել զոհեր: Սա ըստ էության տեղանքի, դերակատարների, անմիջական մասնակիցների և նրանց գործողությունների միկրոմակարդակի հետազոտություն է:
Աշխատանքում առավելագույնս օգտագործված են հրատարակված ադրբեջանական աղբյուրները: Հայկական աղբյուրներից օգտագործվել են ինչպես հրատարկված, այնպես էլ արխիվային նոր նյութեր և գլխավորապես մեր դաշտային աշխատանքների ժամանակ մեր իսկ կողմից գրանցված հարցազրույցների որոշ հատվածներ և հատկապես դիտարկումներ: Հայկական կողմի աղբյուրների մեծ մասը հրատարակվում են առաջին անգամ: Որոշ երևույթների և դեպքերի անդրադառնալիս առաջնությունը տրվել է «երրորդ կողմի» տեղեկություններին ու դիտարկումներին: Որոշ երևույթների վերաբերյալ այդպիսիք չգտնելով և գերադասելով միակողմանի տեղեկություններ չօգտագործել՝ դրանց պարզապես անդրադարձ չի արվել:
Նյութերը վերլուծելիս համոզվեցինք, որ 1923թ.-ից ԼՂԻՄ-ի կազմում գտնվող Խոջալու ադրբեջանական բնակավայրի խորհրդային շրջանի, բայց հատկապես դրա վերջին չորս տարիների՝ 1988-1991 պատմությունը, 1992թ. Խոջալուի անկումը և հետո դրա շուրջ ձևավորված քաղաքական, տեղեկատվական, զգայական և քարոզչական գործողությունների համալիր ամբողջությունը մոդելավորում է Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի, ապա նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, դրա հայ բնակչության և Խորհրդային Ադրբեջանի, ապա՝ Ադրբեջանի Հանրապետության փոխհարաբերությունները: Աշխատանքի շարադրանքի մոտ մեկ քառորդը վերաբերում է այն իրավիճակին, որը նախապատրաստում էր թե «Խոջալուի գործողությունները», թե «Խոջալուի հանրայնացման» գործողությունները: Առանց այդ հատվածի հնարավոր չի լինի հասկանալ, թե ո՞վ/ովքե՞ր, ինչպե՞ս և ի՞նչ են արել Խոջալուի խաղաղ բնակչության հետ կամ նրանց դեմ:
Գիրքն ամբողջությամբ՝ այստեղ:
Մեկնաբանել