
Արագածոտնի մարզի 4 համայնքապետ և մեկ պաշտոնակատար լիազորությունները վաղաժամ դադարեցնելու դիմում է գրել
2021թ. հունիսի 20-ի ԱԺ արտահերթ ընտրություններից հետո Արագածոտնի մարզի չորս համայնքի ղեկավարի և մեկ համայնքի ղեկավարի պաշտոնակատարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են: Լիազորությունները դադարեցնելու դիմումներ են գրել մարզի Արտաշավան, Օթևան, Հացաշեն, Դաշտադեմ համայնքի ղեկավարներն ու Դդմասարի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարը:
Ղազար Կարապետյա-ը Արտաշավան համայնքը ղեկավարել է 1999թ.-ից: Ղազար Կարապետյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ դաշնակցական է, և այս կառավարության հետ «աշխատելու չուներ», ինչն էլ դարձել է լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու պատճառ:
Համայնքի արդեն նախկին ղեկավարից փորձեցինք ճշտել, արդյոք ինքնակամ է դիմումը գրել, թե պարտադրել են:
«Երեկվա երեխեն չեմ, որ ինչ-որ մեկը կանգնի, ասի՝ հրաժարական տուր, հազար տարվա դաշնակցական եմ: Ցանկություն չունեմ իրենց հետ աշխատելու: Ես ուրիշ ձև եմ մտածում, այս կառավարությունն ուրիշ ձև է մտածում»,- հավելեց Արտաշավանի համայնքապետը:
Ղազար Կարապետյանն ասաց, որ վաղուց էր որոշել լիազորությունները դադարեցնելու դիմում ներկայացնել, սակայն հույս ուներ, որ ընտրություններից հետո իրավիճակը կփոխվեր, այդ քայլին չէր գնա:
«Շուտ էի որոշել, բայց պատերազմը սկսվեց, գնացի պատերազմ, որ գամ այդ ժամանակ հրաժարական տամ: Հետո մտածեցի՝ կարող ա կառավարություն փոխվի, կկարողանանք հողերը հետ բերենք: Սպասեցի մինչև ընտրություն, իմ ուզածը չեղավ, թողեցի, դուրս եկա»,- ասաց Ղ. Կարապետյանը:
Օթևանի արդեն նախկին համայնքապետ Ջամալ Սալմոյանն էլ ասաց, որ լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու դիմումը գրել է 2021թ. հունիսի 23-ին և այժմ «սուսուփուս տանը նստած է»: Ջամալ Սալմոյանից հետաքրքրվեցինք, թե ինչն է լիազորությունների վաղաժամկետ դադարեցման պատճառը, ինչին ի պատասխան ասաց. «Ինչ-որ լսել եք, դա է պատճառը, ես ինչ ասեմ»:
Նշենք, որ խոսակցություններ կային, որ Դդմասար և Օթևան համայնքների ղեկավարներին լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու դիմում գրել պարտադրել են Արագածոտնի մարզպետարանից: Ջամալ Սալմոյանին հարցրինք՝ մարզպետարանից իր նկատմամբ պարտադրանք եղե՞լ է: Համայնքի նախկին ղեկավարը չհերքեց:
«Հիմա եղել, չի եղել, ինչ-որ լսել եք, դա է: Մենակ ես չեմ: Խնդրում եմ, ուրիշ համայնքապետերին կարող եք զանգել ու իմանալ»,- ասաց Ջամալ Սալմոյանը:
Հացաշեն համայնքի ղեկավար Վաչագան Դավթյանն ասաց, որ իրեն որևէ մեկը չի պարտադրել դիմում գրելու հարցում:
«Առողջական խնդիրներ ունեմ, դրա համար եմ դիմում գրել»,- ասաց Վ. Դավթյանը:
Դաշտադեմ համայնքի ղեկավարից և Դդմասարի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարից պարզաբանում ստանալ չհաջողվեց: Վերջիններս հեռախոսազանգերին չէին պատասխանում:
Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը մեր գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել է, որ համայնքների ղեկավարների լիազորությունների վաղաժամկետ դադարեցման համար Արագածոտնի մարզպետի և մարզպետարանի որևէ պաշտոնյայի կողմից նրանց նկատմամբ որևէ պարտադրանք չի եղել: Բացի դրանից, երբևէ նման հարց համայնքապետերի հետ մարզպետարանում չի քննարկվել:
«Հարկ ենք համարում նշել, որ լիազորությունները դադարեցրած համայնքների ղեկավարներն այդ մասին դիմումները ներկայացրել են ոչ թե մարզպետին, այլ համայնքի ավագանուն և մարզպետարան առաքվել է համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին ավագանու արձանագրությունը, իսկ մարզպետարանի կողմից օրենքով սահմանված կարգով և ժամկետներում տրվել է համապատասխան ընթացք: Հետևաբար նրանց լիազորությունների վաղաժամկետ դադարեցման պատճառները մեզ հայտնի չեն»,- հայտնում է Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը:
Լուսանկարը՝ mediamax.am-ի
Մեկնաբանել