HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանը՝ գրքի համաշխարհային մայրաքաղաք. մեկնարկում են հանդիսությունները

Երեկ հայատառ տպագրության հիմնադրման 500-ամյակի միջոցառումները նախապատրաստող պետական հանձնաժողովի անդամներն ասուլիս են տվել՝ նվիրված է «Երևանը' 2012 թ. Գրքի համաշխարհային մայրաքաղաք» ծրագրի մեկնարկին:

Հատկանշական է, որ Հայաստանի 12-րդ մայրաքաղաքը հենց 2012 թվականին խորհրդանշորեն դարձավ աշխարհի գրքի այն 12 քաղաքներից մեկը, որոնց վստահվել է Գրքի մայրաքաղաք հռչակվելու պատիվն ու պատասխանատվությունը:

2001 թ. սկսած՝ ՅՈւՆԵՍԿՕ-ն և Գրավաճառների միջազգային դաշնությունը, Հրատարակիչների միջազգային ասոցիացիան և Գրադարանային ասոցիացիաների միջազգային դաշնությունն ամեն տարի 1 տարով ընտրում են Գրքի համաշխարհային մայրաքաղաք: Հեղինակային իրավունքի և գրքի միջազգային օրը 'ապրիլի 23-ին, ավանդաբար տիտղոսը փոխանցվում է հաջորդ մայրաքաղաքին:

Երևանն այս հեղինակավոր տիտղոսը կրելու իրավունքը նվաճել է հայատառ տպագրության 500-ամյա ժառանգությամբ: Հայկական տպագրության 500-ամյակին նվիրված հոբելյանական հանդիսությունների մեկնարկը տրվեց հենց Վենետիկում, որտեղից սկսվել է հայ գրատպության պատմությունը:

Հոբելյանական տարվա առիթով նախագահ Սարգսյանի գլխավորությամբ ստեղծված պետական հանձնաժողովը սկսեց միջազգային կառույցների հետ աշխատանքն ու Երևանը գրքի մայրաքաղաք ճանաչելու գործընթացը: Այսպիսով, հայոց 12-րդ մայրաքաղաք Երևանը 2012 թ. գրքի համաշխարհային 12-րդ տիտղոսակիր մայրաքաղաքն է:

Ամբողջ տարվա ընթացքում հանրապետության նախագահի ղեկավարած հանձնաժողովի նախաձեռնությամբ Հայաստանում և նրա սահմաններից դուրս կանցկացվեն գրավոր մշակույթի արժևորմանը նվիրված միջոցառումներ:

Իսկ ապրիլի 20-23-ը Երևանում տեղի ունեցող միջոցառումները տոնական հանդիսությունների բարձրակետն են: Գրքի երևանյան տոնին մասնակցելու նպատակով այս օրերին Հայաստանում են աշխարհի ավելի քան 30 երկրի պատվիրակներն ու 5 տասնյակից ավելի պատվո հյուրեր:

Տոնական հանդիսությունների օրերին տեղի կունենա ՀՀ մշակույթի նախարարության և ՅՈւՆԵՍԿՕ-ի համատեղ ջանքերով կազմակերպված «Մշակութային քաղաքականություն. քաղաքականություն մշակույթի համար. մշակույթը կայուն զարգացման գործոն» տարածաշրջանային 2-րդ գիտաժողովը:

Գրատպության տոնական միջոցառումներին զուգահեռ տեղի կունենան նաև ԱՊՀ պետությունների մշակութային համագործակցության խորհրդի 27-րդ նիստը, ԱՊՀ երկրների, Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի «Կինոշոկ» կինոփառատոնի՝ ԱՊՀ 20-ամյակին նվիրված հոբելյանական ծրագիրը ու տասնյակ այլ միջոցառումներ: Այս մասին հայտնում է ՀՀ մշակույթի նախարարությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter