HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ:

Վարչապետի պաշտոնական կայքի հաղորդագրության համաձայն՝ ամերիկյան կողմը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի առթիվ` ընդգծելով ՀՀ կառավարության կողմից վերջին տարիներին ձեռնարկած հետևողական քայլերը՝ Հայաստանի ժողովրդավարական ձեռքբերումների ապահովման գործում: Այս համատեքստում, ԱՄՆ պետքարտուղարը բարձր է գնահատել Նիկոլ Փաշինյանի գործադրած ջանքերը՝ երկրում նախընտրական շրջանում ստեղծված լարվածությունը խաղաղ ճանապարհով հանգուցալուծելու և ընդդիմության հետ քաղաքակիրթ հարաբերություններ կառուցելու ուղղությամբ:

«Էնթոնի Բլինքենը շեշտել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների օրակարգի կարևորությունը, մասնավորապես, կոռուպցիայի դեմ պայքարում ու արդարադատության ոլորտում և հավելել, որ ԱՄՆ պատրաստակամ է շարունակել օժանդակությունն այս ուղղությամբ:

Միաժամանակ նա նշել է, որ երկու երկրների միջև գործընկերությունը խարսխված է ժողովրդավարական արժեքների վրա:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ժողովրդավարական բարեփոխումների ուղղությամբ Հայաստանի ձեռբերումները գնահատելու համար: Նա բարձր է գնահատել ԱՄՆ շարունակական աջակցությունը՝ Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների, օրենքի գերակայության ամրապնդման, ինչպես նաև Երևանում ոստիկանության պարեկային ծառայության գործունեության մեկնարկի ուղղությամբ: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Պարեկային ծառայությունը հետագայում ընդլայնվելու է ողջ երկրում և հույս հայտնել, որ ամերիկյան օժանդակությունը հնարավորություն կտա ամբողջացնել այդ գործընթացը: Վարչապետի պաշտոնակատարը բարձր է գնահատել Պետքարտուղարի տեղակալ Ֆիլ Ռիքերի՝ մեկ ամիս առաջ Ադրբեջանից հայ գերիների վերադարձի գործում ներդրած ջանքերը: Որպես տարածաշրջանում կայունության հաստատման առանցքային նշանակության խնդիրներ՝ կարևորվել են գերիների վերադարձի և Հայաստանի ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրս բերման հարցերը:

Պետքարտուղարը հավաստիացրել է, որ ԱՄՆ շարունակելու է ջանքեր գործադրել բոլոր գերիների վերադարձն ապահովելու համար: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեմային, պետքարտուղարը հույժ կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեության վերականգնումը՝ ընդգծելով խաղաղ գործընթացի հստակ օրակարգի մշակման անհրաժեշտությունը, որը հնարավորություն կտա գտնել հակամարտության կայուն և երկարաժամկետ լուծում:

Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը ևս շեշտել է, որ հակամարտությունը կարգավորված չէ և պահանջում է համապարփակ լուծում, որին հնարավոր է հասնել բացառապես Մինսկի խմբի համանախագահության շրջանակում:

Ամերիկյան կողմը նշել է, որ համաձայն է վարչապետի պաշտոնակատարի այն դիտարկմանը, որ ստատուս քվոն չի կարող կայուն լինել և ՄԽ համանախագահության համար անհրաժեշտ է հստակ օրակարգ, որը կնպաստի բանակցությունների հաջողությանը», հայտնում է կառավարության պաշտոնական կայքը:

Հաջորդ օրն այս հեռախոսազրույցի մասին հաղորդագրություն է տարածել նաեւ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը: Քանի որ որոշակի տարբերություններ կան երկու հաղորդագրությունների միջև, ներկայացնում ենք նաեւ դեպանատան հաղորդագրությունը: 

«Երեկ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց ունեցավ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ։ Պետքարտուղարը ջերմ շնորհավորանքներ հղեց Հայաստանի ժողովրդին հունիսի 20-ի ընտրությունների կապակցությամբ, որը ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի գնահատմամբ տեղի էր ունեցել ընտրողների հիմնարար իրավունքների ու ազատությունների նկատմամբ ընդհանուր հարգանքի պայմաններում, իսկ ընտրապայքարի դուրս եկած ուժերը կարողացել էին ազատորեն իրականացնել քարոզարշավը։ Նա հորդորեց շարունակել ժողովրդավարական բարեփոխումները։

Պետքարտուղարն ընդգծեց ԱՄՆ աջակցությունը Մինսկի խմբի համանախագահների գործընթացին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական քաղաքական կարգավորման հարցում։ Նա հորդորեց Հայաստանին կառուցողական մասնակցություն ունենալ ԵԱՀԿ-ում։ Պետքարտուղար Բլինքենը վերահաստատեց իր աջակցությունը Ադրբեջանում գտնվող հայ բոլոր գերիների շուտափույթ վերադարձի հարցում»,- նշված է դեպանության տարածած հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter