Երևանը՝ գրքի համաշխարհային մայրաքաղաք. ապրիլի 21-ի միջոցառումները
Ապրիլի 21-ին Գաֆէսճյան կենտրոնում կբացվի ArmBookExpo գրքի ցուցահանդեսը, որում ներկայացված է Հայաստանում և աշխարհի տասնյակ երկրներում տպագրված հայերեն և բազմալեզու գրականությունը, որն ամբողջությամբ կնվիրաբերվի Հայաստանի ազգային գրադարանին:
Հրատարակվել է նաև ArmBookExpo-ն ամփոփող, 43 երկրում հրատարակված գրականության 5 օրինակ կատալոգ-տեղեկատու: Հրատարակությունը նախնական է, քանի որ այսօր էլ շարունակվում է գրքերի հոսքը արտերկրից, և ArmBookExpo-ի համահավաք կատալոգը լույս կընծայվի միայն տարին ամփոփելուց հետո:
Գաֆէսճյան կենտրոնի բոլոր սրահներում ու հարթակներում կանցկացվեն գրքին նվիրված բազմաբնույթ միջոցառումներ: Կանցկացվեն ֆիլմերի, գրքերի՝ Անտոնիա Արսլանի «Զմյուռնիայի ճանապարհին», Վարուժան Ոսկանյանի «Շշուկների գիրքը» և այլ հրատարակությունների շնորհանդեսներ:
Հայ գրերի խորհուրդը կներկայացվի թռչնագիր տառերի պատկերով, հայոց տառերը՝ մետաքսագրությամբ: Կանցկացվեն դասախոսություններ, որոնց թվում Սերգեյ Մերկուրովի ստեղծագործական գաղտնի էջերը կներկայացնի քանդակագործի թոռը՝ Անտոն Մերկուրովը:
«Հայ արվեստի վարպետներ և գանձեր» շարքից Արշակ Ֆեթվաճյանին կներկայացնի Լևոն Չուքասզյանը: Առանձին ցուցադրությամբ կներկայացվեն նաև երեք՝ «Սասունցի Դավիթ», «Վիլյամ Սարոյան» և «Սայաթ- Նովա» խորագրերով նախագծերը: Կասկադի արտաքին հարթակներում և Գաֆէսճյան քանդակների պարտեզում կանցկացվեն բացօթյա ընթերցումներ, քննարկումներ, թեմատիկ նկարչություն:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել