
Կրակոցներ Գորիսում. կան վիրավորներ
Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ 2021թ. հուլիսի 14-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, Գորիս քաղաքի Գետափնյա և Գարեգին Նժդեհի փողոցների հատման խաչմերուկում ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք, զենքի և որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը՝ իրենց մոտ ապօրինի պահվող հրազենով ապօրինաբար կյանքից զրկելու՝ սպանելու դիտավորությամբ կրակոցներ են արձակել Գորիս քաղաքի երկու բնակիչների ուղղությամբ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում ավարտին չեն հասցրել վերջիններիս սպանելու հանցավոր դիտավորությունը, քանի որ նրանք տեղափոխվել են «Գորիսի» բժշկական կենտրոն և ստացել անհրաժեշտ բուժօգնություն:
«Հրապարակ» օրաթերթի տեղեկություններով՝ Սուրիկ Խաչատրյանի որդին (Սյունիքի նախկին մարզպետ, առավել հայտնի է որպես «Լիսկա») Տիգրան Խաչատրյանն է կրակել Սյունիքի ներկայիս մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդու վրա:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով, 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:
Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, վերցվել են փորձանմուշներ, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու հանձնարարություն է տրվել ՀՀ ոստիկանության Գորիսի բաժնի աշխատակիցներին: Կատարվել են առգրավումներ, զննություններ,հարցաքննվել են մի շարք անձինք:
Կատարվում է նախաքննություն:
Մեկնաբանել