Երևանը՝ գրքի համաշխարհային մայրաքաղաք. ապրիլի 22-ի միջոցառումները
Ապրիլի 22-ին Երևանը կվերածվի մի մեծ տոնական հրապարակի, որի տարբեր հատվածներում, պուրակներում, հրապարակներում և երևանցիների սիրված վայրերում օրվա տարբեր ժամերին տեղի կունենան համերգներ, ներկայացումներ ու տոնական հանդեսներ:
Միջոցառումներ կանցկացվեն նաև հայ և համաշխարհային գրողների անվանակիր շուրջ 60 դպրոցներում, Երևանի 12 վարչական շրջանների կենտրոններում:
Մայրաքաղաքում տեղաշարժումը դյուրին դարձնելու նպատակով ստեղծվել է նաև ապրիլի 22-ի միջոցառումների քարտեզ՝ երկլեզու տեղեկատվությամբ, որում նշված են Երևանի փոքր կենտրոնի 25 հարթակների հասցեները, միջոցառումների անվանումներն ու ժամանակացույցը:
Պետական հանձնաժողովը տոնական միջոցառումների շրջանակում անակնկալ է պատրաստել հայ երաժշտասերների ու Երևանի հյուրերի համար:
Ապրիլի 22-ին՝ ժամը 20:00-ին, «Երաժշտական ողջույն հայ գրատպության բնօրրան Իտալիայից» խորագրով տեղի կունենա աշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելիի տոնական մենահամերգը Ազատության հրապարակում՝ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի, պետական կամերային և «Հովեր» երգչախմբերի մասնակցությամբ:
Համերգային ծրագրում Բոչելին կներկայացնի օպերային արվեստի դասականների ու ժամանակակից կոմպոզիտորների լավագույն ստեղծագործությունների ընտրանին՝ սկսած Գայտանո Դոնիցետիի, Ջակոմո Պուչինիի, Ջուզեպե Վերդիի, Բիզեի ստեղծագործություններից մինչև Նինո Ռոտայի երաժշտությունը:
Օրվա տոնական միջոցառումների գագաթնակետը Մատենադարանի հարակից տարածքում ՅՈւՆԵՍԿՕ-ի «Գրքի համաշխարհային մայրաքաղաք» տիտղոսի փոխանցման շքեղ հանդիսությունն է: Կհնչի Երևանի հիմնը Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի կատարմամբ:
Հյուրերին կողջունեն Հայատառ տպագրության հիմնադրման 500-ամյակի միջոցառումները նախապատրաստող պետական հանձնաժողովի քարտուղար Վիգեն Սարգսյանը, ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի 1-ին տեղակալ Էնգիդա Գետաչյուն, ՅՈւՆԵՍԿՕ-ի 36-րդ գլխավոր կոնֆերանսի նախագահ Կատալին Բոջիարդը, Գրադարանների ասոցիացիայի և ինստիտուտների միջազգային ֆեդերացիայի նախագահ (IFLA) Ինգրիդ Պարենտը, Հրատարակիչների միջազգային ասոցիացիայի նախագահ (IPA) Տրասվիկ Ժիտիդեչարակը: Որպես պատվավոր հյուր՝ միջոցառմանը կմասնակցեն նաև 2013 թ. գրքի համաշխարհային մայրաքաղաքի՝ Բանգկոկի ներկայացուցիչները:
Խորհրդանշական է, որ հենց Մատենադարանի հարթակում տեղի կունենա «Երևան՝ գրքի համաշխարհային մայրաքաղաք» տիտղոսի հանդիսավոր փոխանցումը. Բուենոս Այրեսի քաղաքապետ Մաուրիցիո Մակրին տիտղոսը կփոխանցի Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին:
Արգենտինյան, թայլանդական և հայկական պարախմբերի ելյութներից հետո Մատենադարանի կոթողային շենքի ճակատային պատին կներկայացվի եռաչափ գրաֆիկական, տեսապատկերային ծրագիրը և շքեղ հրավառություն:
Լուս.՝ andreabocelli.com կայքից
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել