
Արտակ Գալստյանի համոզմամբ՝ «բոլորին դեմ» քվեաթերթիկների բացակայությունը ընտրողների կամարտահայտման խախտում է
«Հայոց հայրենիք» կուսակցության ներկայացուցիչ Արտակ Գալստյանը Սահմանադրական դատարանի դատավարությանը պնդեց՝ ընտրողների կամարտահայտման խախտում է «բոլորին դեմ» քվեաթերթիկների բացակայությունը:
«Անկախ այն հանգամանքից, որ ԱԺ-ն ձևավորվում է կողմ ձայներով, պետք է արձանագրել, որ բոլորին դեմ քվեարկելու իրավունքը համահունչ է Սահմանադրության երկրորդ և յոթերորդ հոդվածներին»,-ասաց նա:
Գալստյանը ևս, ինչպես մյուս դիմողները, անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո վերջինիս վարչապետի պաշտոնակատարի կարգավիճակում պաշտոնավարմանը: Նա պնդեց, որ դա հակասում է սահմանադրի կողմից այդ կարգավորման բուն տրամաբանությանը:
Ըստ «Հայոց հայրենիք» կուսակցության ներկայացուցչի՝ Հանրապետության նախագահի կողմից ընտրությունների օրը հունիսի 20-ին նշանակելն ու որոշակի ազդեցության ներքո լինելը հաստատված փաստ է:
«Այդ մասին իր հրաժարականի տեքստում հայտնել է այդ պահին վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը, դա չի հերքել նաև երրորդ անձի (ՔՊ հեղ.) ներկայացուցիչը: Միայն այն փաստը, որ ընտրության օրվա նշանակումը եղել է քննարկված քաղաքական դաշտի միայն երեք ուժերի հետ, և ընտրվել է նախընտրական քարոզարշավի ամենասեղմ ժամկետը՝ ի վնաս այլ սուբյեկտների, վկայում է այն մասին, որ նախագահի որոշումը չի կարող որակվել միանձյա և անաչառ: Եւ բացարձակ նշանակություն չունի՝ նախագահին հարկադրել են, հորդորել, թե շահագրգռել. միջամտության փաստն ակնհայտ է»,-ասաց Գալստյանը:
Նշենք, որ ՍԴ-ն հուլիսի 9-ից քննում է «Հայաստան», «Պատիվ ունեմ» դաշինքների և «Զարթոնք», «Հայոց հայրենիք» կուսակցությունների` արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկելու դիմումները:
Մեկնաբանել