
Դավիթ Հարությունյանը կանխատեսում է ՍԴ որոշումը՝ ունենալով համընդհանուր պարտության զգացում
Հանրային իշխանության ներկայացուցիչ լինելը մեծ պատասխանատվություն է, որը ոչ մի ընդհանրություն չունի ատելության խոսքի և պատժելու սպառնալիքների հետ:
Այս մասին Սահմանադրական դատարանում իր եզրափակիչ ելույթում ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը:
«Որքան էլ երրորդ անձի (նկատի ունի՝ ՔՊ-ին. հեղ.) ներկայացուցիչները պնդեն, թե Փաշինյանի խոսքերն իբրև թե՝ կոնտեքստից կտրված եմ ներկայացրել, որևէ մեկը հանրությանը չի կարող համոզել, որ այնպիսի արտահայտությունների կիրառումը, ինչպես՝ «կապույտ չագուճն առաջինը ձեր գլխին է ջարդվելու, կտեսնեք կադրային ջարդուփշուր, պողպատե մանդատով ընտրություններից հետո գալու ենք ձեր հետևից» և այլն կարող են տեղի ունենալ ժողովրդավարական արժեքներ ապավինող երկրում, կամ կարող են հնչեցվել փաստացի երկրի առաջին դեմքի կողմից»,-ասաց Հարությունյանը:
Դավիթ Հարությունյանի համոզմամբ՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում Հայաստանում ձևավորված բռնության, սպառնալիքների, ատելության մթնոլորտի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի արձագանքը պետք է սթափեցնող լիներ իշխանության համար, սակայն դատավարության ընթացքում իշխանության ներկայացուցիչների կողմից նկատել է ՄԻՊ արձագանքը արժեզրկելու և «նրա կարևոր դիտարկումները զեկու՞յց, թե՞ հայտարարություն անիմաստ քննարկման վերածելու»:
Հարությունյանը պնդեց՝ Փաշինյանն ապօրինի է զբաղեցրել վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը, ուստի «վարչական ռեսուրսի օգտագործման այն մասը, որն այլապես օրենքով համարվում է օրինական, իրականում ապօրինի է»:
Հարությունյանի կարծիքով՝ ՍԴ-ի դիրքորոշումն այս գործով, ցավոք, ակներև է, ապա հավելեց՝ ՍԴ-ն պատմական հնարավորություն ունի ոչ միայն լուծելու ԱԺ ընտրությունների արդյունքում առաջացած իրավական վեճը, այլև դառնալու ՀՀ-ում Սահմանադրության և սահմանադրական կարգի իրական պաշտպանը: Հարությունյանի խոսքով՝ կանխատեսում է բարձր դատարանի որոշումը և ունի անհատապես ներքին անարդարության ու համընդհանուր պարտության զգացում:
Մեկնաբանել