HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանը՝ գրքի համաշխարհային մայրաքաղաք. ապրիլի 23-ի միջոցառումները

Գրքի մայրաքաղաք Երևանում ապրիլի 23-ին՝ ժ.14.00-ին, Մոսկովյան-Տերյան խաչմերուկի հարակից տարածքում տեղի կունենա Դավիթ Երևանցու «Վարք հավերժության» 3 մետր բարձրությամբ քանդակի բացումը: Քանդակը հեղինակի նվերն է հայրենիքին և խորհրդանշում է «Մշո ճառընտիր» մատյանը:

«Մշո ճառընտիրը» հայերեն ամենամեծ մագաղաթյա ձեռագիր մատյանն է: Այն գրվել և ծաղկվել է 1200-1202 թթ. Երզնկայի Ավագ վանքում Բաբերդի տանուտեր Աստվածատուրի պատվերով: Գրիչը Վարդան Կարնեցին է, ծաղկողը՝ Ստեփանոսը:

Երևանի «Մշո ճառընտիրը» ի սկզբանե ունեցել է 660 թերթ (չափսերը՝ 55.5 x 70 սմ): «Մշո ճառընտիր» մատյանը 1202 թ. հափշտակել է Բաբերդի այլազգի դատավորը և 2 տարի Խլաթում թաքցնելուց հետո՝ 1204 թ., վաճառել է Մշո Առաքելոց վանքին (գումարը հավաքվել է հավատացյալ ժողովրդի հանգանակությամբ):

Մինչև 1915 թ. ձեռագիրը պահվել է վանքում: Մեծ եղեռնի օրերին երկու հայուհիներ մատյանը երկու մասի են բաժանել (ծանր լինելու պատճառով) և հասցրել Հայաստան: Այժմ «Մշո ճառընտիր» մատյանի 601 թերթը (առանց կազմի, երկու մասի բաժանված) պահվում է Մատենադարանում, 17-ը՝ Վենետիկում:

Հուշարձանը կոչված է մեծարելու հայ կնոջը՝ ազգային ինքնության և մշակութային ժառանգության պահպանման գործում ունեցած բացառիկ դերակատարման համար: Վտանգելով իրենց կյանքը՝ երկու հայ կին փրկեց այս հիասքանչ ձեռագիրը՝ խոնարհվելով գրքի հավերժական խորհրդի առաջ: Հուշարձանի հեղինակը Դավիթ Երևանցին է, ճարտարապետը՝ Ռուբեն Հասրաթյանը, իսկ քանդակը ստեղծվել է Արթուր Ջանիբեկյանի հովանավորությամբ:

Ապրիլի 23-ին՝ ժամը 15:00-ին, Հայաստանի պատմության թանգարանում կբացվի «Գրի հավերժություն...» խորագրով ցուցահանդեսը, որում առաջին անգամ միասնական ցուցադրությամբ կներկայացվեն Մայր Աթոռ Ս.Էջմիածնի թանգարանի, Հայաստանի պատմության թանգարանի, Մատենադարանի, Ազգային գրադարանի հավաքածուներից ընտրված հնագիտական, վիմագրական և վավերագիր արժեքավոր ցուցանմուշներ:

Ցուցադրության 103 նմուշները ներկայացնում են գրի ակունքները (նախագրային շրջան - Ք.ա. 3-րդ հազարամյակից 9-րդ դար), ուրարտական գիրը (ուրարտական շրջան - Ք.ա. 9-րդ դարից 6-րդ դար), նախամաշտոցյան գիրը (շրջանառված գրատեսակներ - Ք.ա. 6-րդ դար- 301 թիվ՝ քրիստոնեության ընդունումը), գրերի գյուտը (405 թ. - 8-րդ դար՝ վաղ հայերեն գրի նմուշներ), գրչության տեսակները (վաղագույն գրի նմուշներ), ձեռագիր մատյաններ և մանրանկարչություն (ձեռագիր մատյաններ 9-15-րդ դդ.), գրատպության սկիզբը (հայ տպագրության սկիզբ, առաջին տպագիր գրքեր, 1512-1699-ական թթ.), հայերեն հնատիպ գրքեր (գրքերի մետաղական կրկնակազմեր, 1700- 1799 թթ. և 1800-1899 թթ.):

Բացի հեղինակավոր տիտղոսի փոխանցումից՝ Բուենոս Այրեսը տոնական նվերներ կմատուցի Երևանին: Քաղաքապետարանում կբացվի «Բուենոս Այրես» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսը, որում ներկայացվում է քաղաքի ճարտարապետական համապատկերը:

«Ակադեմիա» պատկերասրահում կբացվի Բորխեսին նվիրված լուսանկարչական ցուցահանդես, որում կներկայացվեն Բորխեսի և նրա տիկնոջ՝ Մարիա Կոդամայի լուսանկարները: Ցուցահանդեսի բացմանը կմասնակցեն Մարիա Կոդաման և Բուենոս Այրեսի մշակույթի նախարար Էռնան Լոմբարդին:

«Գրական տապան» ծրագրի մասնակիցներն այժմ Երևանում հանդես են գալիս «Պոետները չեն պարում» նախագծով՝ ակտիվ մասնակցելով Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու տոնակատարությանը: Այս մասին հայտնում է ՀՀ մշակույթի նախարարությունը:

Լուս.՝ matenadaran.am կայքից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter