
Պատգամավորական ծախսերին հատկացվող ամսական 50 հազար դրամը կարող է դառնալ 250 հազար. «իմքայլականների» նախագիծը
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վիկտոր Ենգիբարյանը և Նիկոլայ Բաղդասարյանն առաջարկում են հնգապատկել պատգամավորական ծախսերի համար հատկացվող ամսական գումարը` 50 հազար դրամից դարձնելով 250 հազար դրամ: «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծն ընդգրկվել է վաղը` հուլիսի 15-ին գումարվող արտահերթ նստաշրջանի օրակարգում:
Նշենք, որ այդ գումարը աշխատավարձից առանձին գումար է, որը հատկացվում է հենց պատգամավորական ծախսերի` օրինակ մարզեր այցերի շրջանակում ընտրողների հետ հանդիպման ծախսերը հոգալու համար:
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ գործող կարգավորումն օրենքի ընդունման օրվանից հետո չի վերանայվել, մինչդեռ անցած ժամանակահատվածում տեղի է ունեցել համապատասխան ծախսերի էական ավելացում: Առաջարկվում է փոփոխությունն ուժի մեջ մտցնել Ազգային ժողովի հաջորդ գումարման երկրորդ նստաշրջանի բացման օրվանից:
«8-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թիվը 107 է, որը 25-ով պակաս է 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվից (132) և տարեկան հաշվարկով պետության ծախսերը ոչ թե ավելանում են, այլ՝ պակասում են մոտ 17,7 մլն դրամով (8-րդ գումարման Ազգային ժողովի 25 պատգամավորի եւ նրանց օգնականների տարեկան վարձատրության ընդհանուր գումարը ներկայումս կազմում է մոտ 274,5 մլն դրամ, իսկ նախագծով առաջարկվող կարգավորմամբ 8-րդ գումարման Ազգային ժողովի 107 պատգամավորի տարեկան վճարվող գումարը կկազմի 256,8 մլն դրամ)»,- նշվում է նախագծում:
Ըստ նախագծի հեղինակների` պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերի համար հատկացվող գումարի ավելացումը կապահովի պատգամավորների գործունեության լիարժեք իրականացումը և ըստ այդմ՝ կնպաստի Ազգային ժողովի և նրա մարմինների գործառույթների ու լիազորությունների պատշաճ իրականացմանը:
Մեկնաբանել