
Մեքենայի համարանիշի գողության և կորստի դեպքում վարորդին կհատկացվի նույն համարանիշի կրկնօրինակը
Մեքենաների համարանիշների գողության և կորստի դեպքում 12 000 դրամ պետական տուրքի վճարի դիմաց վարորդին կհատկացվի նույն համարանիշի կրկնօրինակը։ Որոշումն ընդունվեց կառավարության հուլիսի 15-ի նիստում։
Ըստ գործադիրի՝ որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է մեծ պահանջարկ ունեցող համարանիշների, ցանկալի կամ հերթական համարանիշների գողության դեպքերը կանխելու, դրանց զույգի կորստյան դեպքում այն օգտագործողին նույն համարանիշի կրկնօրինակը հատկացնելու անհրաժեշտությամբ:
Գործող իրավակարգավորումների պայմաններում մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշերի, ցանկալի կամ հերթական համարանիշերի գողության կամ դրանց զույգի կորստի դեպքում այն օգտագործողը զրկվում էր այդ համարանիշերի փոխարեն դրանց կրկնօրինակը ստանալու հնարավորությունից և ստիպված էր ստանալ նոր՝ այլ թվերի և տառերի համադրությամբ համարանիշ, մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշերի դեպքում էլ վճարելով համարանիշ ստանալու համար հաստատագրված լրացուցիչ գումարը։
Ոստիկանության հաղորդմամբ՝ նշված կարգավորումները պատճառ են դարձել հիմնականում մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի հափշտակությունների և դրանք վերադարձնելու համար այն օգտագործողից գումար շորթելու համար։
Այսուհետ, զույգ համարանիշների կորստի դեպքում պետական տուրքի վճարի դիմաց վարորդին կհատկացվի համարանիշների կրկնօրինակը։ Որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակումից 3 ամիս անց։ Այն տարածվելու է 2020 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա։
Մեկնաբանել