
Պղնձի և մոլիբդենի խտանյութերի արտահանման համար պետական տուրք կսահմանվի
Խորհրդարանի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունվեց «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որով առաջարկվում է արտահանման լիցենզիոն տուրք սահմանել պղնձի և մոլիբդենի խտանյութերի ապրանքային դասակարգիչների նկատմամբ:
Նախագիծը ներկայացրեց էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը, որի խոսքով՝ կառավարությունն առաջարկում է սահմանել այս պահին գործող շուկայական գների մոտավոր 15%-ի չափով ֆիքսված արտահանման լիզենցիոն տուրք:
«Այսօրվա ռոյալթիների գործող համակարգը բավարար չափով չի պաշտպանում և չի ապահովում ընդերքից ստացված եկամուտների հավասարաչափ բաշխումը ՀՀ քաղաքացիների և տնտեսվարողների միջև»,- ասաց Վահան Քերոբյանը:
Նրա խոսքով` շուկայում ստեղծված բարենպաստ շուկայական կոնյուկտուրան թույլ է տալիս, որ ՀՀ-ն կիրառի նման տուրք` միաժամանակ ապահովել բյուջեի համար անհրաժեշտ մուտքեր:
Քերոբյանի խոսքով` պղնձի գները անցյալ տարվա 6000 դոլարի համեմատ այժմ 9200-9300 դոլարի սահմաններում են, իսկ մոլիբդենի գները՝ նույն ժամանակահատվածում 24 հազարի փոխարեն՝ այժմ 41 հազար դոլարի սահմաններում:
«Այսինքն՝ այս ավելացումն, ըստ էության, թույլ է տալիս, որ ավելացված հատվածի մի մասը մենք վերցնենք»,-ասաց նա:
Հովիկ Աղազարյանը հետաքրքրվեց` միջազգային շուկայում պնղձի գների կտրուկ գնանկում լինելու դեպքում, ի՞նչ տեղի կունենա:
Քերոբյանն արձագանքեց՝ պղնձի գները բարձր են այս տարվա սկզբից:
«Եվ, ըստ էության, տնտեսավարողներն այս բարենպաստ միջավայրը վայելում են արդեն բավականին երկար ժամանակ: Եվ մեր կանխատեսմամբ՝ մոտ ապագայում չի նախատեսվում գների անկում, եթե նույնիսկ անկում էլ լինի, միևնույն է կուտակված գերշահույթն այնքան է, որ իրենք ընդհանուր առմամբ այդ 6-ամսյա այդ ժամկետում կունենան բավարար չափով եկամտաբերություն»,-եզրափակեց Քերոբյանը:
Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց:
Մեկնաբանել