
Կառավարությունն ակնկալում է Վանաձոր-Բագրատաշեն ճանապարհի երթևեկության տևողության կրճատում
Խորհրդարանն արտահերթ նիստում քննարկեց Հայաստանի և Ասիական զարգացման բանկի միջև ստորագրված վարկային համաձայնագրի ժամկետը երկարաձգող նախագիծը, որը վերաբերում է Մ6 Վանաձոր-Բագրատաշեն ավտոճանապարհի բարելավման ծրագրին: Այն ներկայացրեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը:
«Նախագծով առաջարկվում է վավերացնել 2021 թվականի ապրիլի 7-ին ստորագրված վարկային համաձայնագրի համապատասխան փոփոխությունը, որով նախատեսվում է վարկային համաձայնագրի ժամկետը երկարաձգել մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը: Շինարարարական աշխատանքների ավարտը նախատեսվում երկարաձգել մինչև 2021 թվականի օգոստոսի 31-ը և թերությունների համար պատասխանատվության ժամկետ սահմանել 2022 թվականի օգոստոսի 31-ը: Լրացուցիչ 4 ամիս անհրաժեշտ է նաև սահմանել ծրագրի ֆինանսական աուդիտի և վարկի փակման ժամանակահատվածի համար»,- ասաց փոխնախարարը:
Ըստ նրա` 2022 թվականից ակնկալվում է Վանաձորից Բագրատաշեն երթևեկության տևողության կրճատում, միջին օրական երթևեկության ինտենսիվության ավելացում՝ օրական մինչև 3500 մեքենա՝ 2014 թվականի 2800 մեքենայի համեմատ: Կառավարությունն ակնկալում է նաև բեռնափոխադրումների էական ավելացում` ճանապարհի երկայնքով կանխարգելելով և կրճատելով ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը: Խորհրդարանը վավերացրեց համաձայնագրի փոփոխությունները:
Մեկնաբանել