
Պարտադիր զինծառայությունից խուսափած 323 անձ համաներվել է
Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու օրենքի շրջանակում 323 անձի նկատմամբ համաներում է կիրառվել:
Այս մասին «Հետքի» գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Գլխավոր դատախազությունից:
«Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորահավաքային զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու» օրենքը կարգավորում է մինչև 2020 թվականի սեպտեմբերի 26-ը ներառյալ, 27 տարին լրացած, (պահեստազորի դեպքում` 35) պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, ինչպես նաև հայտարարված վարժական հավաքից և (կամ) զորահավաքային զորակոչից խուսափած և Քրեական օրենսգրքի միայն 327-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ դատապարտված արական սեռի քաղաքացիների նկատմամբ համաներում հայտարարելու հետ կապված հարաբերությունները:
Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում զորահավաքային զորակոչից, վարժական հավաքից խուսափած անձինք օրենքի շահառու չեն կարող դառնալ:
Դատախազությունից հայտնել են նաև, որ ևս 3 անձի նկատմամբ օրենքի դրույթների կիրառման կապակցությամբ կատարվում են անհրաժեշտ դատավարական գործողություններ:
Օրենքի նախագծի խորհրդարանական քննարկմանը արդարադատության փոխնախարար Արմեն Հովհաննիսյանը հայտնել էր, որ մայիսի չորսի դրությամբ 327 հոդվածի առաջին մասի հատկանիշներով հետախուզվում է 5433 անձ:
Հետաքրքրվել էինք նաև, թե նման քաղաքացիները հիմնականում որ երկրներից են վերադառնում և արդյոք Հայաստանից մեկնելու վերաբերյալ տվյալներ հավաքագրվում են: Դատախազությունից պատասխանել են, որ այդ քաղաքացիները հիմնականում ՌԴ-ից են վերադարձել, իսկ Հայաստանից մեկնելու վերաբերյալ տեղեկություններ առկա չեն:
Կառավարությունը որոշել էր հանդես գալ համաներում հայտարարելու առաջարկությամբ` մարդասիրության և համերաշխության սկզբունքներից ելնելով, ինչպես նաև նպատակ ունենալով հնարավորություն ընձեռել նման անձանց՝ Հայաստանի Հանրապետության տնտեսական, սոցիալական, հոգևոր, մշակութային ոլորտներում զարգացման համար սեփական ավանդը ներդնելու համար:
Հիշեցնենք նաև, որ երկքաղաքացիությունը կամ այլ երկրում պարտադիր զինվորական ծառայություն անցնելը չի ազատում ՀՀ ԶՈՒ-ում պարտադիր զինվորական ծառայություն անցնելու պարտականությունից:
Մեկնաբանել