HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահ Սարգսյանն ընդունել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին և նրա գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում է նախագահի աշխատակազմը։

Ողջունելով հյուրերին՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ Եվրոպական միությունը Հայաստանի կարևոր գործընկերներից է, որի հետ համագործակցության խորացումը էական նշանակություն ունի մեր երկրի զարգացման համար։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար և խոսելով այցի նպատակների մասին՝ Շառլ Միշելը նշել է, որ Եվրոպական միությունը ցանկանում է առավել սերտացել փոխգործակցությունը Հայաստանի հետ, աջակցություն ցուցաբերել տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատմանն ու երկարատև զարգացմանը:

Նախագահի աշխատակզմի հաղորդմամբ՝ Արմեն Սարգսյանն ու Եվրոպական խորհրդի նախագահն անդրադարձել են պատերազմից հետո տարածաշրջանում ստեղծված իրավիճակին: Երկուստեք կարևորվել է բոլոր գերիների վերադարձի ապահովման խնդիրը: Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ գերիների վերադարձի հարցը Հայաստանի համար առաջնային նշանակություն ունի և ցավով է արձանագրել, որ պատերազմից ամիսներ անց Ադրբեջանը չի ցանկանում խնդրին վերջնական լուծում տալ:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ զրուցակիցներն ընդգծել են ԵԱՀԿ Մինսկի խմբի կարևոր դերը՝ հակամարտության ամբողջական ու լիարժեք կարգավորման գործում:

Հանդիպմանն արծարծվել են նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանը, Եվրոպական միության կողմից Հայաստանին ցուցաբերվող աջակցությանը, Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը վերաբերող հարցեր: Կարևորվել է Եվրոպական միության դերը երկրի հզորացմանն աջակցելու հարցում և այդ ուղղությամբ համատեղ ջանքերի իրականացումը։

Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ պատերազմում ցավալի կորուստներից հետո Հայաստանի համար կարևոր է կենտրոնանալ երկրի ապագա զարգացումն ապահովող ուղղությունների վրա, որոնցից մեկը ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումն է: Այս համատեքստում նա կարևորել է սահմանադրական փոփոխությունների իրականացումը, ինչը հնարավորություն կտա ունենալ հավասարակշռված սահմանադրություն, ինչպես նաև երկրի զարգացման համար օգտագործել ողջ սփյուռքի ներուժը: Նախագահն առանձնացրել է նաև մարդակային կապիտալի և բարձր տեխնոլոգիաների, արհեստական բանականության ոլորտները՝ ընդգծելով, որ արդյունավետ կրթական համակարգի ստեղծումն ու գիտատեխնոլոգիական առաջընթացը մեծ նշանակություն են ունենալու Հայաստանի ապագայի համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter