HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փաշինյանն ու Աֆեյանը քննարկել են Հայաստանի զարգացմանն ուղղված համատեղ ծրագրային հարցեր

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Flagship Pioneering և Moderna Therapeutics ընկերությունների հիմնադիր և գործադիր տնօրեն, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանին։ Այս մասին տեղեկացնում է կառավարության մամուլի ծառայությունը։ 

Նիկոլ Փաշինյանը ողջունել է Նուբար Աֆեյանին և նշել. «Հարգելի պարոն Աֆեյան, ուրախ եմ Ձեզ տեսնելու համար: Վերջին անգամ հանդիպել ենք COVID-ից առաջ, ճի՞շտ է: Պետք է նշեմ, որ այս ընթացքում շատ իրադարձություններ են տեղի ունեցել և՛ աշխարհում, և՛ մեր տարածաշրջանում, և՛ մեր հայրենիքում:

Մենք մեծ հուզմունքով և ոգևորությամբ էինք հետևում կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում Ձեր ունեցած ներդրմանը, նաև շատ ուրախանում էինք հաջողություններով, որ Դուք, Ձեր ընկերությունն ունեցաք այդ ասպարեզում:

Կորոնավիրուսի համավարակի հետ կապված այս շրջանում համարում ենք, որ իրադրությունը կառավարելի է, մեր ձեռք բերած փորձը շատ բան սովորեցրեց: Այժմ փորձում ենք հնարավորինս շատ պատվաստումներ իրականացնել մեր քաղաքացիների շրջանում:

Նաև այնպես է ստացվել, որ օտարեկրյա քաղաքացիների շրջանում ենք պատվաստում իրականացնում: Հույս ունեմ այսօր լսել Ձեր տեսակետները և կանխատեսումները կորոնավիրուսի հետագա պահվածքի և այն մասին, թե ինչքանո՞վ պատվաստանյութերի ի հայտ գալը կօգնի, որ հարցը լուծված համարենք, ինչքանո՞վ է դա արդեն մտնում կառավարելիության փուլ և ի՞նչ անկանխատեսելի հնարավորություններ ու սպառնալիքներ կան:

Իհարկե, նախկինում իրար հետ քննարկել ենք նաև մեր համազգային օրակարգին, Հայաստանի զարգացման հեռանկարների ռազմավարությանը վերաբերող հարցեր: Համոզված եմ, որ այդ թեմաներով նույնպես այսօր քննարկում կունենանք: Մեկ անգամ ևս ողջունում եմ Ձեզ և ուրախ եմ Ձեզ տեսնել»:

Ինչպես հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը, Նուբար Աֆեյանն իր խոսքում նշել է. «Շնորհակալություն, պարոն վարչապետ: Շնորհավորում եմ Ձեզ ընտրությունների և հաջողությունների կապակցությամբ, որ ազգը, երկիրը կարողացավ շարունակել ընտրությունների արդար և օրինակելի տարբերակը, որը հաստատվեց: Դա շատ լավ նշան է մեր ապագայի համար:

Գիտեմ, որ շատ խնդիրներ կան թե՛ երկրի, թե՛ ազգի առջև այս վերջին տարվա ճգնաժամերի հետևանքով: Հուսով եմ, որ կկարողանանք զրուցել ապագայի տարբեր մոտեցումների շուրջ: Այսինքն՝ ինչպես փորձել, որպեսզի կարողանանք ապագան ավելի փայլուն և արդյունավետ դարձնել՝ միասնաբար աշխատելով»։

Նիկոլ Փաշինյանը և Նուբար Աֆեյանը քննարկել են համազգային օրակարգին, կառավարության ծրագրերին, Հայաստանի զարգացմանն ուղղված համատեղ ծրագրերին վերաբերող հարցեր։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter