HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

«Ընձի կսեր՝ ես օր չէրթամ, էգուց մեր տունն ու՞մ հողի վրա կառուցենք, երեխեքս ու՞մ հողի վրա մեծանան»

Գյումրեցի 45-ամյա Արտյոմ Կարապետյանը 10-րդ ամիսն է` մտովի ռազմի դաշտում է՝ մտապատկերում 2020թ.-ի հոկտեմբերը, իրադարձությունների ծավալման վայրը՝ Հադրութը, ուշքն ու միտքը՝ մարտական ընկերները: Պարտված պատերազմի մղձավանջները հետապնդում են քնած, թե արթմնի՝ միտքն ու հոգին գամելով անցյալի պատկերներին: «Ի՞նչ էղան...ի՞նչ էղան» ընդմիջումներով մշտապես կրկնվող հարցը սկզբնական ամիսներին հաճախակի էր հնչում ու մնում անպատասխան: «Էրթամ տղեքի մոտ՝ լավ կեղնիմ». սա դեղատոմսն էր ու հարազատներին հանգստացնելու երեւի թե միակ միջոցը: Պատերազմի 14 օրերն անշրջելի հետքեր են թողել Արտյոմի հիշողության մեջ, իսկ վերքերը՝ գամել անկողնուն: Արտյոմին այցելելու թույլտվությունը ստանում ենք կնոջից՝ Լիանա Մարկոսյանից:

Մեկ սենյականոց բնակարանում նեղվածք է: Տեղավորվում ենք փոքրիկ հյուրասենյակում: Զրույցը Արտյոմի հետ չէ, նրան չենք ծանրաբեռնում: Հարցերն ու հուսադրող բառերն՝ ուղղված նրան, պարզ առօրեական են. «ի՞նչպես ես», «չմտածես, լավ կլինի», «հաջորդ անգամ որ եկանք, հաստատ քայլելիս կտեսնենք» եւ այլն: Արտյոմը խնդրում է կնոջը հիվանդանոցային մահճակալի գլխամասն այնպես կարգավորել, որ կարողանա կիսապառկած վիճակում հետեւել հյուրերին ու ընդհանուր զրույցին: Լիանայի շարժումներում անսահման սեր ու ջերմություն կա:

Զրույցի սկիզբը թեթեւ է՝ անցած օրերի հուշերով համեմված: 18-ամյա Լիանայի եւ 27-ամյա Արտյոմի հանդիպման նախաձեռնը եղել է սկեսուրը: Ապագա հարսին տեսել է վարսավիրանոցում ու հավանել: Բայց Արտյոմին համոզելը դժվար էր: Ի վերջո հաղթել է մայրական խորամանկությունը: «Արտյոմն էդ ժամանակ պիտի խոպան գնար ու ասել է, որ միտք չունի նշանվելու, սկեսուրս էլ համառել է, թե՝ էլի գնա, բայց մի հատ գնա վարսավիրանոց էդ աղջկան տես: Որ շատ է խնդրել, Արտյոմն ասել է՝ հա, բայց գնամ ի՞նչ ասեմ, տանը որոշել են, որ պիտի գա հարսի համար մազ ֆենելու ժամ վերցնի»,- Լիանան ծիծաղում է՝ կրկին հիշելով տարիներ առաջ վարսավիրանոցում ծավալված իրադարձությունները: 

Արտյոմը կետ առ կետ հետեւել է տանը գրած սցենարին: Ըստ մոր նկարագրածի գտել է Լիանային, պայմանավորվել եղբոր կնոջ փոխարեն, հերթացուցակում էլ ցուցում տվել, որ գրեն իր անունը: Պատմությունը սկզբում զվարճալի է թվացել վարսավիրանոցի աշխատակիցներին: Այդ ամիս Լիանայի հաճախորդների թիվը կրկնապատկվել է՝ մի խումբ անծանոթ կանանց հաշվին, ովքեր իրենց պարտքն էին համարում մազ կտրելու, ներկելու եւ հարդարելու արանքում անպայման հարցուփուրձ անել սիրունատես վարսավիրին իր ապագա ծրագրերից: «Հետո իմացա, որ բոլորն էլ Արտյոմի բարեկամներն էին, ամեն անգամ բերում էր, ինքն էլ՝ դիմացի ծաղկանոցում սպասում էր»: Ի վերջո որոշել են գնալ Լիանայի ձեռքը խնդրելու: Խնամախոսությունը հարթ չի անցել՝ Լիանայի հայրը դեմ է եղել՝ նկատի ունենալով տարիքային տարբերությունը (9 տարի), հետո տեսնելով Արտյոմի կոշտուկապատ ձեռքերը՝ համաձայնել է: «Ասեց՝ տղա ջան, կերեւա, որ աշխատող, թասիբով տղա ես, դու ընտանիք լավ կպահես ու ըդպես էլ եղավ»,- նկատում է Լիանան:

Արտյոմը մասնագիտությամբ շինարար է: Ամուսնացել են 2004թ.-ին՝ սեփական տան երազանքով: Ընտանիքում երկու զավակ են մեծանում՝ Սամվելը (17 տարեկան) եւ Անահիտը (14 տարեկան): Կարապետյաններն ապրում են վարձով: Անցած տարի ամուսիններով որոշել էին, որ Արտյոմը գնալու է ՌԴ` արտագնա աշխատանքի, երկու տարի չի գալու, որպեսզի կարողանան տուն գնել: Նախ համաճարակը խանգարեց երկրից դուրս գալուն, հետո՝ պատերազմը:

«Արտյոմը մինչեւ հոկտեմբերի 15-ը պիտի գնար, արդեն ամեն ինչ պայմանավորված էր, բայց պատերազմը սկսվեց: Ինքը ապրիլյան քառօրյայի ժամանակ էլ էր խոպան, ես էդ ժամանակ զանգեցի, ասի, ինչ լավ է, որ ստեղ չէիր, ասեց՝ հա՞ ու մյուս օրը տոմս առավ հետ եկավ, գնաց, ներկայացավ զինկոմ, բայց պատերազմը ավարտվել էր: Էս անգամ էլ, որ զանգեցին զինկոմից, հեռախոսն իմ մոտ էր, ես էլ ճիշտն ասած խաբեցի, թե սխալ են զանգել, ես ոչ մի Արտյոմի էլ չգիտեմ: Եկավ տուն, պատմեցի, հեռախոսը վերցրեց, հետ զանգեց, հետն էլ մի տեսակ մուննաթ եկավ վրեքը, թե՝ էս ինչի էսքան ուշ կզանգեք, 5 օր է ձեր զանգին կսպասեմ»:

Լիանան խնդրել է, որ ամուսինը չգնա Արցախ: «Ես լաց կեղնեի, խնդրեցի, թե Անահիտիս արեւով երդվի, որ չես գնա: Ինքը նստավ, բացատրեց, օր բդի էրթանք, չէրթալ չի էղնի`տարբերակ չկա: Ընձի կսեր՝ ես օր չէրթամ, էգուց մեր տունն ու՞մ հողի վրա կառուցենք, ես օր չէրթամ, երեխեքս ու՞մ հողի վրա մեծանան: Բդի էրթամ, գամ, օր հայրենիք ունենանք, էս հողը պահենք, օր տուն ունենանք»,- Լիանան սկսում է արտասվել:

Հուզմունքից դողացող ձայնում նաեւ հպարտություն ելեւէջներ եմ որսում:

«Ինձ ասեց՝ դու քեզի հավաքե, պատերազմ է, կարող է հետ չգամ, կարող է գերի ընկնիմ՝ ինձ հետ չպահանջեք, ես գերի չեմ մնա, ես ավելի շուտ կմեռնիմ՝ էդ էլ կներես, բայց բդի էրթամ, օր ապրելու տեղ ունենանք,-ամուսնու բառերը հիշում է Լիանան,- Արտյոմը գնաց հոկտեմբերի 5-ին, մենք սաղ գիշեր չքնանք, առավոտը զանգեց, հարցրի ուրդեղ եք, ասեց՝ տատի, պապի մոտ, այսինքն՝ Ղարաբաղ: Ու էն ձեւի ուրախ կխոսար, ինչխոր գնացած տեղը պատերազմ չէղներ: Ու երբ էլ զանգել է, միշտ էլ ուրախ ձայնով է խոսել, ավելի շատ մեզնից կհարցներ: Օրեր է եղել, որ տեղեկություն չեմ ունեցել ընդհանրապես: Մի օր էլ, հոկտեմբերի 11-ն էր կարծեմ, վատ լուր ստացա, որ անունը զոհվածների ցուցակում է, Սամոս էր տեսել հեռուստացույցով: Հաջորդ օրը Արտյոմը զանգեց, իմացանք, որ ողջ է, բայց երեխեքն էդ օրվանից էլ դպրոց չգնացին, հոգեկան անհանգիստ վիճակում էին, անընդհատ լուրերին կհետեւեին»:

Լիանան մեկ անգամ էլ է փորձության ենթարկվում՝ հոկտեմբերի 14-ին: Հեռախոսազանգով տեղեկացնում են, որ Արտյոմը ծանր վիրավոր է, զրկվել է ոտքից ու ձեռքից, տարել են Ստեփանակերտ, հետո տեղափոխելու են Երեւան: «Լուրն իմանալուց էնքան էի վատացել, որ տան տապչկեքով ելել, վազել եմ զինկոմ: Էնտեղ լուր չունեին, ինձ տվեցին հիվանդանոցների հեռախոսների համարները, ասին` զանգի, ավելի շուտ լուր կստանաս, քան թե անորոշ սպասես: Ութ հիվանդանոց եմ զանգել, կպատկերացնե՞ս, համարյա բոլոր տեղերում կար Արտյոմ Կարապետյան անուն ազգանունով մարդ, ուղղակի ջահել երեխեք էին: Հետո, իմ հիշելով Գորիսի հիվանդանոցից էր, ասին, թե էդ անունով վիրավոր իրենք ունեցել են, բայց մահացել է: Ասին, իրիկունը «Ուրալ» ավտոներով դիակներ են բերելու Գյումրի, գնացեք ձեր մոտի դիահերձարան»:

Երեկոյան 8-ին Լիանան գնացել է Գյումրու դիահերձարան, սակայն նրան ներս չեն թողել, խնդրել են, որ գնա իր փոխարեն որեւէ տղամարդ գա՝ դիակի ճանաչման համար: Զրուցակիցս հիշում է, որ լիքը մարդ է եղել հավաքված, նրանցից մի տարեց տղամարդ հարցրել է, թե լուսանկար ունի՞ հետը բերած: Ստանալով դրական պատասխան, վերցրել է Արտյոմի նկարն ու մտել ներս: Բերված մարմինների մեջ Արտյոմին նման որեւէ մեկը չի եղել: Լուսանկարը թողել են դիահերձարանի աշխատակցի մոտ եւ հեռախոսահամար, որ տեղեկության դեպքում զանգի: «Ես էդ մթին ոտքով, մի կերպ քայլելով հասա Շառլ Ազնավուրի հրապարակ ու մեկ էլ Արտյոմը զանգեց: Ձայնը շատ փոխված էր, իրան հեչ նման չէր, սկզբից չէի հավատա, թե ինքն է, հետո ասաց, որ ուղղակի շատ հոգնած է, վիրավոր չէ, ոտք ու ձեռքն էլ տեղն են»:

Արտյոմին տուն են բերել ընկերները, հոկտեմբերի 19-ին: Լիանան պատմում է, որ շատ անտարբեր է եղել ամեն ինչի նկատմամբ, զինվորական հագուստը ողջ օրը չի հանել, ասել է, թե պիտի հետ գնա: «Կըսեմ՝ Արտյոմ, տունն ես, կնայեր, տեղը չէր բերե, մենակ կըսեր՝ սուսեք, կամացեք, լսերը մարեք: Հաջորդ օրն անմիջապես բժշկի ենք տարել: Ասին, որ հոգեկան խորը ցնցում է տարել, բացի դրանից` ոտքերն էլ էին թույլ, պարզվեց գոտկասրբանային ճողվածք էր ստացել: Էնտեղ, որ զոհվածների մարմինները, վիրավորներին մեջքին դրած դուրս էր բերել, ողի դիսկերը խախտվել էին: Տղաները պատմեցին, որ վերջին օրերը բողոքել է, թե ոտքերը թույլ են, իրեն չեն ենթարկվում»: Լիանան չի համաձայնել ամուսնուն թողնել հիվանդանոցում, իր պատասխանատվությամբ Արտյոմին տեղափոխել է տուն եւ խնամքը կազմակերպել տանը:

«Մենք Կանազի հոսպիտալում էլ ենք եղել, էնտեղ ստուգեցին, ասին, որ մեծ վախ է ապրել եւ գիտակցական մակարդակում կանգ է արձանագրվել, ինքը մահ է տեսել, որը խորապես ցնցել է եւ մոռացության ցանկությունն էլ բերել է այս վիճակին: Ընկերները պատմում են, որ հատկապես ազդված է եղել էն ջահել տղաների մահով, որոնց մասին ավելի շատ է հոգ տարած եղել,-ասում է Լիանան,- մեկ ամիս առաջ էլ Արթմեդ կլինիկայում էինք, որ դուրս էինք գրվում բժիշկը կատակեց, թե հաջորդ անգամ Արտյոմին «խոպան» է նշանակելու: Չգիտեմ, շատ ենք ուզում, որ ոտքի կանգնի, լավանա, էլի էն առաջվա Արտյոմը դառնա»:

Արտյոմ Կարապետյանը ընտանիքի միակ կերակրողն է: Պետությունից, որպես աջակցություն, Կարապետյանները ստացել են ընդամենը 36 հազար դրամ, եթե անցած ամիսներին եղել է շոշափելի օգնություն, ապա անհատ բարերարների կողմից: Երազանքի տունը, որ պլանավորել էին գնել, եթե Արտյոմը կարողանար գումար աշխատել, հետին պլան է մղվել: «Էլ էդ մասին չեմ էլ մտածե, ուշքս ու միտքս Արտյոմի առողջականն է, մեկ էլ էրեխեքիս ուսման հարցերը»,- հրաժեշտի ժամանակ շեշտում է Լիանան:

Մեկնաբանություններ (1)

Մարիամ
Իսկ իրենց ինչպե՞ս կարելի է օգնել, հաշվեհամար կա՞...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter