
Ընտրակաշառք տալու համար կալանավորվել են «Պատիվ ունեմ»-ի նախընտրական քարոզարշավում ընդգրկված անձինք
Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) հաղորդմամբ՝ ընտրողներին կաշառք տալու, ստանալու և ընտրակաշառքի միջնորդության դեպքերի առթիվ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործով պարզվել է, որ Կ. Գրիգորյանն ու Ռ. Հակոբյանը, ընդգրկված լինելով «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի նախընտրական քարոզարշավի աշխատանքներում, 2021 թվականի հունիսի 9-ից հունիսի 19-ն ընկած ժամանակահատվածում Արարատի մարզի Մասիսի տարածաշրջանի մի շարք ընտրողների, այդ թվում՝ Վ. Գալուստյանին և Ս. Բաղդասարյանին, իսկ վերջիններիս միջոցով նաև նրանց ազգականներին ու ծանոթներին առաջարկել են տարբեր չափերի կաշառք՝ ԱԺ արտահերթ ընտրություններին «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար:
Ինչպես տեղեկացնում է ՀՔԾ-ն, Ս. Բաղդասարյանն ու Վ. Գալուստյանը, ընդունելով հիշյալ դաշինքի օգտին կողմ քվեարկելու դիմաց որպես կաշառք 20.000 դրամ ստանալու առաջարկը, Կ. Գրիգորյանին են փոխանցել նաև իրենց ընտանիքի անդամների և ծանոթների անձնագրային տվյալները, որից հետո` մինչ ընտրությունների անցկացման օրը, Կ. Գրիգորյանից անձամբ քանիցս պահանջել են կաշառքի գումարները:
Բացի այդ, Ս. Բաղդասարյանն ու Վ. Գալուստյանը իրենց ծանոթներին տեղեկացրել են Կ. Գրիգորյանի կողմից Մասիսի տարածաշրջանի հաշվառում ունեցող հնարավորինս շատ ընտրողների կաշառք տալու պատրաստակամության մասին և ստացել նրանց համաձայնությունը` գումարի դիմաց վերը նշված դաշինքի օգտին կողմ քվեարկելու վերաբերյալ, ապա այդ մասին տեղեկացրել են Կ. Գրիգորյանին և վերջինիս փոխանցել նշված ընտրողների անձնագրային տվյալները՝ այդպիսով նպաստելով ընտրակաշառքի շուրջ համաձայնության գալուն:
Երկու և ավելի ընտրողների կաշառք տալու համար Կ. Գրիգորյանին և Ռ. Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Ընտրակաշառք ստանալու և ընտրակաշառքի միջնորդության համար Ս. Բաղդասարյանին ու Վ. Գալուստյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի և 154.9-րդ հոդվածի 1-ին մասերով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
ՀՔԾ-ի հաղորդմամբ՝ նախաքննությունն ավարտվել է: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Մեկնաբանել