HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

«Վաճառակետերը թելադրեցին աշխատաոճ՝ արտադրել հաջորդ օրվա ամսաթվով». «Մարիաննա» ընկերության որակի հսկողության փոխտնօրեն

Այսօր «Անվտանգ սնունդ/Հետք» ֆեյսբուքյան խմբի անդամներից մեկը «Ծիրան» սուպերմարկետների ցանցում նկատել էր «Մարիաննա» ընկերության՝ վաղվա ամսաթվով արտադրված (20.07.21) 9%-անոց «Կաթնաշոռը», ինչը «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքի, ինչպես նաև՝ ՄՄ ՏԿ 021/2011 խախտում է։ 

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից արձագանքեցին այդ ահազանգին՝ հայտնելով, որ «կանդրադառնան խնդրին, և տնտեսվարողը կզուգաշացվի»։

«Մարիաննա» ընկերության որակի վերահսկողության գծով փոխտնօրեն Քրիստինե Կարապետյանը մեզ հետ զրույցում նշեց, որ երբ իրենք օրական արտադրանք են արտադրում, մակնշում են հաջորդ օրվանով, քանի որ այն հաջորդ օրը պետք է հայտնվի խանութներում.

«Մեր որևէ խանութ երեկվա ամսվաթվով մթերք չի ընդունում, դրա համար վաճառակետերը արտադրողներին թելադրեցին աշխատաոճ՝ արտադրել հաջորդ օրվա ամսաթվով,-ասաց Ք. Կարապետյանը՝ նշելով, որ հուլիսի 20-ի կաթնաշոռը սխալմամբ է հայտնվել խանութում, պետք է վաղը լուսադեմին տանեին:-Այսօր ամսի 19-ն է, եթե մենք տվեցինք այսօր 19-ը, դե ինքը պետք է սառի, նոր վաղը գնա առաքման, եթե վաղը 19-ով գնա խանութ, եթե դուք մտնեք վաճառակետեր, հարցնեք, կտեսնեք, որ որևէ վաճառակետ երեկվա ամսաթվով արտադրանք չի ընդունում, որովհետև սպառողները մտնում են, ասում են՝ այսօրվա ամսաթվով ենք ուզում»,-նշեց Ք. Կարապետյանը՝ հավելելով, որ այդ աշխատելաոճը մեծ ցանցերի թելադրանքով է ձևավորել, և միայն իրենց ընկերությունը չէ, որ այդպես է արտադրում։ «Շատ արտադրողների մոտ է լինում, ես ինքս տեսնում եմ»,-ասաց նա։

Այն հարցին՝ արդյոք եղել են դեպքեր, որ այդ օրվա մակնշումով տանեն արտադրանք և վաճառակետը չընդունի, Ք. Կարապետյանն ասաց, որ, այո, մեծ ցանցերը չեն ընդունում.

«Եթե, օրինակ, առավոտյան լուսաբացին՝ 5-ին վերցրեցրին ապրանքը տարան «Երևան Սիթի», «Կայզեր» կլինի կամ «ՍԱՍ», մեծ ցանցերը նկատի ունեմ, եթե լինի երեկվա արտադրանք, իրենք դա չեն ընդունում»։

Ամեն դեպքում, Քրիստինե Կարապետյանն ասաց, որ կփորձի արտադրամասից ճշտել՝ ինչու է նման բան տեղի ունեցել, քանի որ այդ կաթնաշոռը պետք է իրացման ցանցում հայտնվեր հուլիսի 20-ի վաղ առավոտյան։ Ապա հավելեց, որ «ամսաթվի անճշտությունը» կապ ունի նաև արտադրական պահանջների հետ.

«Թթվասերը կամ կաթնաշոռը պետք է սառի լավ, որ իր ֆորման պահի, պնդանա, թթվասերը 4-6 աստիճանում հասունացում է տեղի ունենում՝ 16-18 ժամ, այսինքն, տեխնոլոգիական գործընթացն իր մեջ դեռ չի ավարտվել»,-ասաց Ք. Կարապետյանը։

Ամեն դեպքում, ըստ նրա, այս կաթնաշոռը (20.07.21 արտադրության, հեղ.) անվտանգ է, և մարդու առողջությանը որևէ վտանգ չի սպառնում, իսկ այն տեխնիկական պայմաններով, որով իրենք են արտադրում, կաթնաշոռը կարող է 30 օր պահվել, բայց տեղական շուկայում դրա կարիքը չկա, այդ պատճառով էլ մակնշում են 7 օր։

Նույն ապրանքը «Մարիաննան» արտահանում է Ռուսաստան, և Ռուսաստանի համար մակնշում են 30 օր, քանի որ ապրանքի «հերմետիկ, վակուում փաթեթվածքը» դա թույլ է տալիս։ «30 օրվա մեջ մենք կարող ենք տեղավորվել, բայց 7 օրը տեղական շուկայի համար լրիվ բավարար է»։

Այն հարցին, արդյոք «ապագայի մակնշում» տեսնելիս էլ սպառողն իրեն մոլորված չի համարի և կկորցնի վստահությունն արտադրողի հանդեպ, Ք. Կարապետյանն ասաց, որ իրենք թե’ տեխնիկապես, թե’ տեխնոլոգիական առումով կարող են այդ օրով մակնշել, բայց սպառողը «չի ընկալի դա», քանի որ միշտ թարմ ապրանք է ուզում.  

«Սպառողները մտածում են, որ շատ ենք արտադրում, ամսաթիվ ենք փոխում, նման բան ուղղակի բացառվում է, նույնիսկ Սննդի տեսչությունը (ՍԱՏՄ, հեղ.) գիտի արտադրության այդ աշխատելաոճի մասին, մենք խոշոր արտադրող ենք, մեզ մոտ տեսչական այցեր շատ են լինում.... իրենք (ՍԱՏՄ, հեղ.) գիտեն խնդիրն ինչումն է, ինչով է պայմանավորված»,-ասաց Ք. Կարապետյանը։

ՍԱՏՄ մամուլի խոսնակ Անուշ Հարությույանը «Հետք»-ին պարզաբանեց, որ երբ կաթնաշոռը փաթեթավորվում է, իր վրա ամսաթիվ է գրվում, և այն դեռ մեկ օր պետք է մնա սառանարանում հասունացման համար, ու այս գործընթացից իրենք տեղյակ են.

«Բայց այն, որ այդ տեխնոլոգիական գործընթացը չանցած, կաթնաշոռը կարող է հայտնվել խանութում, դա ամենաբացասական բանն է, որ կարող է լինել, և իրենք («Մարիաննա» ընկերությունը, հեղ.) խոստացան այդ օրը բաց թողած բանվորին պատժել, որովհետև այդպես չի կարող լինել»,-ասաց Ա. Հարությունյանը։

Այն նկատառմանը, որ, ըստ Ք. Կարապետյանի, խանութներն այսօրվա ամսաթվով ապրանք չեն ընդունում, Ա. Հարությունյանն ասաց, որ ցանցները դրա իրավունքը չունեն։

«Ի վերջո, ամսի 19-ի արտադրանքը, երբ տանում ես, դա չի նշանակում, որ այսօր էլ իր ժամկետը սպառվում է, ինքը 10-օրյա ժամկետ ունի, թեև տեխնոլոգիական պրոցեսով իր ժամկետը 30 օր է, բայց ոչ մեկ 30 օր չի թողնում. 4 օր հետո իրենց ապրանքը հավաքում են, այսինքն, կոնկրետ այս մեկ օրը արտադրողի համար ոչ մի խնդիր չի լուծում»,-ասաց Ա. Հարությունյանը՝  նշելով, որ դա պահեստից բաց թողողի խնդիրն է, որն, ամենայն հավանականությամբ, սխալվել է։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter