HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՔԾ-ի պարզաբանումը Առուշ Առուշանյանի պաշտպանների հայտարարության վերաբերյալ

Հատուկ քննչական ծառայությունը պարզաբանում է տարածել Գորիսի քաղաքապետ, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Առուշ Առուշանյանի պաշտպանների հայտարարության վերաբերյալ։ 

«Քրեական գործով մեղադրյալ Ա. Առուշանյանի պաշտպանության կողմը, հետևություններ չանելով նախօրեին հատուկ քննչական ծառայության կողմից տարածված հայտարարությունից և շարունակելով մանիպուլյատիվ վարքագիծը` հրապարակել է իր տեսակետը հավաստող «ապացույցներ», ինչին ի պատասխան` ստիպված ենք հրապարակել նախաքննության կատարումը քննչական խմբին հանձնարարելու մասին 2021 թվականի հուլիսի 10-ին կայացված որոշումն ու 2021 թվականի հուլիսի 15-ին հիշյալ որոշումը մեղադրյալին և նրա պաշտպաններին ծանոթացնելու վերաբերյալ արձանագրությունը:

Ընդ որում, պաշտպանության կողմն արդեն երկրորդ անգամ անհասկանալի կերպով պնդում է, որ վերը նշված փաստաթղթերը չեն տրամադրվել իրենց և դատարանին: Առնվազն տարօրինակ է, թե ինչպես է հիշյալ փաստաթղթերի փաթեթը բացակայել հենց պաշտպանների մոտ այն դեպքում, երբ դրանց պատճենները վարույթի ընթացքում ներկայացվել են կողմերին և դատարանին: Սակայն անկախ այս հանգամանքից՝ ինչպես արդեն նշվեց, պաշտպանները դեռևս 2021 թվականի հուլիսի 15-ին ծանոթացել են քննչական խումբ կազմելու մասին որոշմանը, ինչի մասին փաստում է դրա վերաբերյալ կազմված արձանագրությունը` հավաստված վերջիններիս ստորագրություններով:

Այսպիսով` առավել քան ակնհայտ է, որ պաշտպանները քաջատեղյակ են եղել, որ քննչական խմբի ղեկավարը հանդիսանում է Խ. Մեջլումյանը, ում կողմից էլ կայացվել են Ա. Առուշանյանին որպես մեղադրյալ ներգրավելու և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն ներկայացնելու վերաբերյալ որոշումները:  

Հաշվի առնելով վերոգրյալը` պաշտպաններին կոչ ենք անում պաշտպանական մարտավարություն ընտրելիս մնալ կոռեկտության ու մասնագիտական էթիկայի շրջանակներում և զերծ մնալ վարույթն իրականացնող մարմնի օրինական գործունեությունը կասկածի տակ առնող հիմնազուրկ հայտարարություններ կատարելուց»,- նշված է ՀՔԾ-ի պարզաբանման մեջ։

Նշենք, որ երեկ՝ հուլիսի 18-ին, Ա․ Առուշանյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ֆեյսբուքյան գրառում էր կատարել, որի համաձայն՝ Առուշ Առուշանյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումն ու նրա նկատմամբ ընտրված կալանքը ապօրինի է։

«Առուշ Առուշանյանին որպես մեղադրյալ ներգրավելու որոշումը, ինչպես նաև նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց միրառելու միջնորդություն հարուցելու մասին քննիչի միջնորդությունը կայացրել է քննիչ Խ․ Մեջլումյանը, այնինչ տվյալ գործով նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին, որի ղեկավարն ըստ նյութերի, որոնք տրամադրվել են պաշտպանության կողմին և դատարանին հանդիսացել է քննիչ Արման Մանուչարյանը։

Մինչդեռ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝

Գործերը միացնելու կամ անջատելու, անձին որպես մեղադրյալ ներգրավելու, գործի վարույթը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու, գործով վարույթը կասեցնելու կամ վերսկսելու մասին որոշումները, ինչպես նաև նախաքննության ժամկետը երկարացնելու, կալանքը որպես խափանման միջոց ընտրելու և դրանց ժամկետը երկարացնելու միջնորդություններ հարուցելու մասին որոշումներն ընդունում է միայն քննչական խմբի ղեկավարը:

Այսինքն ակնհայտ է, որ Առուշ Առուշանյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումն ապօրինի է և նրա նկատմամբ ընտրված կալանքը նույնպես, ուստի Ա․ Առուշանյանն անհապաղ պետք է ազատ արձակվի»,- գրել էր փաստաբանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter