HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

«Մեր հաշվին ուզում են ազատել մեկ շենք, որը կտրամադրեն Սիմֆոնիկին»․ Սամսոն Ստեփանյան

«Հունիսի 3-ին մեր տնօրենի պաշտոնակատարը տեղեկացրեց մեզ, որ հանդիպում է ունեցել Մշակույթի փոխնախարարի հետ, որը հայտնել է՝ միտում կա Կամերային երաժշտական թատրոնը միավորել Պարոնյանի անվան թատրոնի հետ։ Փաստարկները անհեթեթ են, իսկ շենքը պետք է տրամադրեն Սիմֆոնիկ նվագախմբին, ամբողջ աղմուկը գնում է այդ ամենի շուրջ»,- այսօր (հուլիսի 20) հրավիրված ասուլիսին ասաց Պետական կամերային երաժշտական թատրոնի գլխավոր ռեժիսոր Սամսոն Ստեփանյանը։

Պատճառներից մեկը եղել է թատրոնի բարելավումը, որ թատրոնն ունենա պարային երաժշտական խմբեր, Ստեփանյանի խոսքով՝ դա իրականությանը չի համապատասխանում։ «Ես սա համարում եմ գեղեցիկ հեքիաթ մեղմ ասած, և այն չի համապաստասխանում իրականությանը, իսկ իրականությունը շատ պարզ է, մեր հաշվին ուզում են ազատել մեկ շենք, որը կտրամադրեն Սիմֆոնիկին, չեն տրամադրի, հետագա ճակատագիրը ինչ կլինի անհայտ է, թեպետ ենթադրություններ կարելի է անել, որոնք հեռու չեն ճշմարտությունից»,- նշեց ռեժիսորը։

Երեկ թատրոնի աշխատակազմը նամակ է ուղարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Ստեփանյանի խոսքով՝ առայժմ պատասխան չկա, քանի որ պետք է որոշակի գործընթացներ լինեն, մինչև լինի գրավոր պատասխանը։ Թատրոնները միավորելու  գաղափարը պատկանում է ԿԳՄՍ փոխնախարար Արայիկ Խզմալյանին, որը, ըստ Ստեփանյանի՝ այս օրերի ընթացքում մի քանի անգամ փոխել է իր կարծիքն ու մեկնաբանությունը։ Թատրոնի աշխատակազմը վերջինիս հետ հանդպիման ընթացքում ասել է, որ չեն համաձայնելու և չեն հանձնվելու, պայքարելու են մինչև վերջ։

Ստեփանյանը կարծում է, որ եթե թատրոնները միավորվեն, ապա Կամերային երաժշտական թատրոնն ամբողջությամբ կվերանա, իսկ Պարոնյանի անվան թատրոնը երկար ժամանակ կլինի «կատաստրոֆիկ վիճակում», և այդ ամենը նրա համար, որ Սիմֆոնիկ նվագախումբը ունենա տարածք, որը տեխնիկապես չի համապատասխանում պահանջներին, քանի որ 12 կամ 80 հոգի չեն տեղավորվի։ «Պարոն Խզմալյանը համարում է, որ մենք վաղուց արդեն գոյություն չունենք, որ մենք մահացել ենք և մահանում ենք և պետք է թողնել, որ մենք մահանանք, և անախրոնիզմ է համարում այն, որ թատրոնը մեզ համար տուն է, մեզ համար տաճար է»,- նշեց Ստեփանյանը։ Ըստ նրա՝ չպետք է երկու ոլորտ խառնել իրար։ Վստահ է՝ Պարոնյանի թատրոնում աշխատելուց հետո իրենց աշխատակազմը կկրճատեն, իսկ Սիմֆոնիկ նվագախումբը իր համար կփնտրի այլ տարածք։

Հիշեցնենք, որ օրեր առաջ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը ներկայացրել է Հ․Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի և Պետական կամերային երաժշտական թատրոնները միավորելու գլխավոր դրդապատճառները:

Լուսանկարը՝ 1tv.am-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter