Դու մեր կապից հրաժարվե՞ս, դե, հրաժարվելը հիմա տես
Ֆելիքս Մինասյան
Ես ապրում եմ Արարատի մարզի Տափերական գյուղում։ Իմ «Վիվասելի» ինտերնետի մոդեմը տվեցի աղջկաս, իսկ ես ցանկացա փորձել «Օրանժի» ինտերնետը. եթե լավ լինի, կշարունակեմ օգտագործել։
Անցած տարվա հոկտեմբերի 27-ին Վեդի քաղաքի գրասենյակից գնեցի 6000 դրամանոց ինտերնետ-քարտ՝ 55493461 համարով եւ առանց մոդեմի, քանի որ հեռախոսս ծառայում է նաև որպես մոդեմ և կապը նույնիսկ ավելի լավ էր որսում: Բայց ստացվեց այնպես, որ այդ ինտերնետ կապի արագությունը երբեք 0.2 MB/վայրկյանից չէր բարձրանում, իսկ կեսօրից հետո դառնում էր 0,1 MB/վայրկյան և ավելի ցածր: Նման ինտերնետ կապ ավելի լավ է չունենալ։
Ամեն տեղ տեղափոխելով, խորհուրդներ լսելով, փորձելով ամեն տարբերակ՝ ոչինչ չստացվեց, և որոշեցի հրաժարվել ինտերնետ կապից: Դեկտեմբերի 1-ին, երբ գործով Վեդի էի գնացել, մտա «Օրանժի» գրասենյակ՝ ինտերնետ կապի վերաբերյալ նրանց հետ կնքած պայմանագիրը դադարեցնելու համար: Մերժեցին՝ պատճառաբանելով, որ ուշացել եմ, պետք է դիմեի նախորդ ամսվա մեջ: Ասացին, որ դեկտեմբեր ամսվա համար արդեն միացրել են, և ես պարտավոր եմ վճարել ամբողջ ամսվա համար:
Ես բողոքեցի անորակ կապի համար, և պահանջեցի ցույց տալ պայմանագրի մեջ այն, ինչ ասում էին: Չկարողացան: Ես ցույց տվեցի պայմանագիրս, որի մեջ չկար ժամկետը պարտավորեցնող որևէ բան: Ասացի՝ «հերիք չէ անորակ կապ եք տալիս, պարտադրում եք ևս մեկ ամիս էլ վճարել»: Նրանք խոստացան տեղյակ պահել իրենց վերադասներին և պահանջել, որ գան ստուգեն, թե ինչու է կապը վատ:
Ես ստիպված համաձայնվեցի: Այդպես էլ չեկան (հետո իմացա, որ Երևան քաղաքից դուրս նման ստուգումներ չեն անցկացնում): Նույն ամսվա 20-ին ինտերնետը անջատեցին: Անցավ մի երկու օր, զանգահարեցին և պահանջեցին վճարել 6000 դրամ։
Անորակ և պարտադրված կապի համար 4000-ի փոխարեն պահանջում էին 6000: Չվճարեցի: Մեկ ամիս հետո նամակ եմ ստանում «Օրանժ Արմենիա» ՓԲԸ-ից, որ ես պարտք եմ 12 հազար դրամ: Կարծեցի, որ շփոթել են, բայց ճշտելու համար գնացի «Օրանժի» Արտաշատի գրասենյակ: Աշխատողն ինձ բացատրեց, որ օրենքն այդպիսին է. պետք է վճարել: Ասացին, որ մինչև չվճավեմ պարտքը, պայմանագիրս չեն խզի։ Ես անիմաստ համարեցի վճարել իմ իրական պարտքը՝ 4000 դրամ (թեկուզ ամբողջ դեկտեմբերի համար՝ 6000 դրամ): Քանի որ պայմանագիրս ուժի մեջ կմնար, չգիտեի՝ ինչ անել:
Անցավ մի քանի օր ևս: Մի նամակ էլ ստացա նույն բովանդակությամբ՝ ավելացրած, որ եթե չվճարեմ, ապա կդիմեն դատարան, և ես ստիպված կլինեմ վճարել պարտքս, դատարանի ծախսերը և այլ ծախսերը: Ցանկացա հանդիպել նամակի հեղինակ՝ ծառայության բաժնի պետ Աննա Բենգլյանի հետ:
Մարտի 27-ին եղա «Օրանժի»՝ Հյուսիսային պողոտայի գլխամասային գրասենյակում, բայց ինձ ասացին, որ անհնար է բարձրանալ նրա մոտ, քանի որ բոլոր հարցերը լուծվում են իրենց մոտ՝ գրասենյակում: Ես ստիպված հերթագրվեցի և իմ բողոքը ներկայացրի աշխատակցուհուն, բայց այս անգամն էլ ինձ հրամցրին անհիմն պատճառաբանություն, որը ոչ մի կապ չուներ պայմանագրի հետ: Ես որոշեցի մարել պարտքս:
Համարում եմ՝ ճիշտ եմ արել, որ վճարել եմ, պրծել պարտքից և պայմանագրից: Եթե գործը մտներ դատարան, առանց փաստաբանի, կպարտվեի, իսկ փաստաբանի ծառայությունն ավելին է, քան ես պարտք էի։ Հաշվի առնելով պայմանագրի մեջ նշված դրույթը, ըստ որի՝ եթե բաժանորդը պարտք է մեկ ամսվա վարձ, ապա անջատվում է կապը, և որպեսզի նորից միացնեն, բաժանորդը պարտավոր է վճարել երկու ամսվա համար՝ մեկը պարտքի դիմաց, մյուսը՝ մեկ ամսվա կանխավճար, իմ պարագայում՝ 12000 դրրամ, զարմանալին նա է, որ առաջին նամակի մեջ գրված է. «Դուք պարտք եք 12000 դրամ, եթե վճարեք, ապա ձեր կապը կմիացվի»:
Ստացվում է՝ ես իրենց պարտք եմ երկու ամսվա համար, իրենք ինձ պարտք են մեկ ամսվա ինտերնետ կապ, բայց պայմանագիրը խզելու համար պետք է վճարեմ և ստանամ ոչինչ: Ստացվում է կախարդական շղթա։
Վերլուծելով «Օրանժի» տակտիկան՝ ես եկա հետևյալ եզրակացության. նախ, նրանք հույս են դնում, որ ես չեմ ցանկանա կորցնել մեկ ամսվա վճարը, կվճարեմ և կշարունակեմ օգտվել կապից: Կամ դատարանի որոշումից վախենալով՝ կվճարեմ 12 հազարը, և էլի իրենք կօգտվեն։
Ինչի համար ես թոշակառու լինելով անտեղի կորցնեմ 18 հազար դրամ, ստանամ 50 օրվա անորակ կապ և ժամանակի անտեղի կորուստ ու նյարդային վիճակներ։ Իսկ «Օրանժը» կուլ տա իմ փողերը։ Ավելացնեմ նաև, որ կարծում եմ՝ «Օրանժի» աշխատողներն, ինտերնետն առանց USB մոդեմի տրամադրելու դեպքում, տալիս են ավելի ցածր որակի կապ: Դա տրամաբանական է, քանի որ մոդեմը տրամադրելու դեպքում պայմանագիրը մեկ տարով է։
Հետագայում «Օրանժի» հետ խոսակցության ժամանակ իրենք մատնանշել են իրենց «Ընդհանուր դրույթներ և պայմաններ»-ի 13.3 և 13.6 հոդվածները, բայց ի զարմանս բոլորի՝ նշված է. «Դուք իրավունք ունեք միակողմանի հրաժարվել Բաժանորդային պայմանագրից, այդ մասին առնվազն 7 աշխատանքային օր առաջ գրավոր ծանուցել «Օրանժին»՝ մարելով պարտքը։ «Օրանժի» Բաժանորդային պայմանագիրը ոչինչ չասող թուղթ է, որի մեջ չկան կողմերի պարտավորությունները: Կարծես դիտավորյալ է այդպես։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել