
Հայտնաբերվել են թմրամիջոցներ ու զենք-զինամթերք. ոստիկանություն
Հուլիսի 15-ին իրականացրած հատուկ միջոցառման ընթացքում ոստիկանները մայրաքաղաքի տարբեր փողոցներում հայտնաբերել ու Էրեբունու բաժին են բերման ենթարկել վեց տղամարդու, որոնք կասկածվել են ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու մեջ։ Նրանք խուզարկվել են։ Հայտնաբերվել են մեթամֆետամինի ու մարիխուանայի նմանվող զանգվածներ։
Ոստիկանության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ բերման ենթարկվածներից մեկն էլ ոստիկանության Մասիսի բաժնի կողմից հետախուզվող է եղել։
Ոստիկանության ծառայողները տեղեկություն են ունեցել, որ թմրամիջոցի նմանվող զանգվածները նրանց իրացրել էր 32-ամյա մի տղամարդ։
Հուլիսի 15-ի երեկոյան նա ևս հայտնաբերվել է, բերման ենթարկվել ու խուզարկվել։ Տղամարդու մոտ տարբեր քաշով մարիխուանայի նմանվող զանգվածներ են եղել։
Հարուցված քրեական գործի շրջանակներում, դատարանի որոշմամբ, խուզարկվել է նրա բնակության վայրը։ Հայտնաբերվել են տարբեր քաշով թմրամիջոցների նմանվող զանգվածներ, քացախաթթվի անհիդրիդ, ինչպես և «Մակարով» ատրճանակ, պայթուցիչներով «Ֆ-1» տիպի նռնակներ և այլն։ 32-ամյա տղամարդը ձերբակալվել է։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։
Մեկնաբանել