HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Քարահունջի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանն ազատ է արձակվել

Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանն ազատ է արձակվել։ Այս մասին «Հետք»-ի հարցին ի պատասխան ասաց Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը՝ նշելով, որ Ավետյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել գրավը։

Նշենք, որ Ավետյանի խափանման միջոցը փոփոխելու որոշումը կայացրել է գործով դատախազը՝ ի թիվս այլնի հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Ավետյանը խոստովանական ցուցմունք է տվել և օժանդակել հանցագործության բացահայտմանը։

Հիշեցնենք, որ Հատուկ քննչական ծառայության հաղորդմամբ՝ Ավետյանն, օգտագործելով Քարահունջ բնակավայրի չորս բնակիչներին 2021 թվականի մայիս ամսվա ընթացքում բանկային փոխանցման միջոցով «Դրամական աջակցություն» անվան տակ 100 հազարից 220 հազար դրամ տրամադրելու հանգամանքը, նրանց հարկադրել է մասնակցել ԱԺ արտահերթ ընտրությունների կապակցությամբ 2021 թվականի հունիսի 8-ին Գորիս քաղաքում «Հայաստան» դաշինքի կողմից կազմակերպվելիք քարոզարշավին, ինչպես նաև, ըստ ՀՔԾ-ի, խոչընդոտել է վերջիններիս ընտրական իրավունքի ազատ իրականացմանը` հարկադրելով մասնակցել ընտրություններին և կողմ քվեարկել հիշյալ դաշինքի օգտին:

Բացի այդ, Լ.Ա.-ն, ըստ մեղադրանքի՝ սոցիալական և առողջական խնդիրների կապակցությամբ ֆինանսական աջակցություն տրամադրելու եղանակով 2021 թվականի մայիսի 6-ին Քարահունջ բնակավայրի մեկ այլ բնակչի բանկային եղանակով փոխանցել է 100 հազար դրամ, ապա` ԱԺ արտահերթ ընտրությունների նշանակման օրվանից հետո, տրամադրված գումարը հիշյալ ընտրողին և նրա ամուսնուն ներկայացրել է որպես ընտրակաշառք՝ հարկադրելով մասնակցել ԱԺ արտահերթ ընտրությունների կապակցությամբ «Հայաստան» դաշինքի կողմից 2021թ. հունիսի 7-ին Գորիս քաղաքում կազմակերպվելիք քարոզարշավին, ինչպես նաև հարկադրելով մասնակցել նշված ընտրություններին և կողմ քվեարկել «Հայաստան» դաշինքի օգտին:

ՀՔԾ հաղորդագրության համաձայն՝ վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Լ. Ա.-ին 06.07.2021թ. մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով, 149.1-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով և 154.2-րդ հոդվածի 3-րդ մասով:

Հատուկ քննչական ծառայությունը միջնորդություն է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան` Լ.Ա.-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար, որը հուլիսի 8-ին, բավարարվել էր, Ավետյանը կալանավորվել էր։

Նշենք, որ գործով, որի շրջանակներում Ավետյանը կալանավորված էր, այժմ կալանավորված է նաև Գորիսի համայնապետ Առուշ Առուշանյանը։ Վերջինիս պաշտպանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Ավետյանը ձերբակալված ժամանակ Առուշանյանի դեմ ցուցմունք չի տվել, սակայն կալանքի տակ գտնվելու ընթացքում արդեն հայտնել է, թե Առուշանյանը տեղյակ է եղել տեղի ունեցած իրադարձություններից և ասել է, որ պետք է «Հայաստան» դաշինքի օգտին աշխատել։

Լուսանկարում՝ Լուսինե Ավետյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter